Այսպես ասում են այն ժամանակ, երբ, ասենք, ֆուտբոլային պայքարում կողմերից մեկը չափից ավելի շատ գոլ է բաց թողնում՝ դրա փոխարեն չխփելով գեթ մեկը:
Այս դեպքում խոսքը ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականների մասին է:
Սեպտեմբերի 19-ին մեր կանանց ընտրանին աշխարհի 2011 թվականի առաջնության 7-րդ խմբի ընտրական մրցաշարի շրջանակներում Երեւանի «Հրազդան» ստադիոնում ուժերը չափեց Ֆինլանդիայի հավաքականի հետ եւ սեփական դարպասը չորս անպատասխան գնդակ ընդունելով՝ ետ ճանապարհեց հյուրերին: Մեր աղջիկները խմբի մրցաշարային աղյուսակում առաջինն ստանձնեցին ետնապահի դերը եւ, ինչպես գրանցված հաշվից եւ մյուս մրցակիցներից (Իտալիա, Պորտուգալիա եւ Սլովենիա) է երեւում, հիմնավորապես: Մեր աղջիկները հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 24-ին, ընդունելու են իտալուհիներին: Հուսանք, որ այդ օրը մեր հավաքականի դարպասի դռներն այդքան լայն չեն բացվի հյուրերի առջեւ:
Նույն օրը Հայաստանի մինչեւ 19 տարեկանները Հունգարիայի Պեչ քաղաքում Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարում (8-րդ խումբ) հանդիպեցին Բելգիայի իրենց հասակակիցների հետ ու տանուլ տվեցին՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 0:10 հաշվով: Դրանից երկու օր անց հայ ֆուտբոլասերներին նոր հիասթափություն էր սպասում, ինչը նրան պատճառեց մեր հավաքականի դարպասը չորս անգամ «կնքած» Հունգարիայի հավաքականը:
Այսօր՝ երրորդ խաղում, Հայաստանը հանդիպելու է Լատվիայի հետ:
Հայաստանում կանանց ֆուտբոլի խայտառակ վիճակին «Առավոտը» կանդրադառնա առաջիկա համարներից մեկում: