Դանիայի Հերնինգ քաղաքում ընթացող սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ազգային հավաքականը խիստ անհաջող է հանդես գալիս:
Երեկ երեկոյան մրցագորգ էր մտնելու մեր վերջին ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը: Նրա մրցակիցը մեկնարկային գոտեմարտում լինելու էր վրաստանցի Գելա Սագիրաշվիլին: Իսկ մինչ այդ, մեր տղաները մեկը մյուսի ետեւից արագորեն տանուլ տալով իրենց մարտերը՝ համալրել են հանդիսականների շարքերը:
Նախորդ օրը 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/16 եզրափակչում լեհ Ադամ Բլոկին հաղթելուց հետո՝ հաջորդ իսկ գոտեմարտում միավորների 0:4 տարբերությամբ պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Զալիմխան Հուսեյնովին, որն, ի վերջո, հասավ մինչեւ եզրափակիչ: Դա Արթուրին հնարավորություն ընձեռեց սփոփիչ մենամարտերով պայքարել մրցանակային երրորդ տեղի համար: Տաջիկստանի ներկայացուցիչ Վիտալի Կորյակինի հետ մարտն Առաքելյանը շահեց համառ պայքարում, սակայն այնուհետեւ տանուլ տվեց ճապոնացի Շոգո Մաեդային եւ մրցելույթները եզրափակեց 7-րդ հորիզոնականում:
Ընդամենը մեկ հաղթանակ ճաշակեց 1/16 եզրափակչից պայքարի մեջ ներգրավված 84 կգ քաշային Հարություն Ենոքյանը, որն առավելության հասնելով չինացի Հոնգժուն Դինգի նկատմամբ, հաջորդ գոտեմարտը զիջեց հունգարացի Իշտվան Վերեբին:
Առավել վատ դասավորվեցին 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւի գործերը, որը մրցագորգ մտավ ընդամենը մեկ անգամ ու կանադացի Արյան Բուլլարի հետ գոտեմարտից հետո մարզահագուստը դրեց ճամպրուկի մեջ:
Վաղն իրենց պայքարն են սկսելու հունահռոմեական ոճայինները: Հայաստանը ներկայացված է բոլոր յոթ քաշային կարգերում: Նրանք են:
55 կգ. Ռոման Ամոյան
60 կգ. Արտակ Հարությունյան
66 կգ. Սասուն Ղամբարյան
74 կգ. Արսեն Ջուլֆալակյան
84 կգ. Արթուր Շահինյան
96 կգ. Արման Գեղամյան
120 կգ. Յուրի Պատրիկեեւ: