Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսի՛ր այսօր կամ ընդմիշտ պահի՛ր քո «խաղաղությունը»

Սեպտեմբեր 24,2009 00:00

Մի սպանեք մեր երազները

Խաղաղությունը լավ բան է: Խաղաղության ձգտում ենք բոլորս, մենք՝ կանայք, մասնավորապես: Երբեք չենք ուզում տեսնել մեր երեխաների աչքերը արցունքոտ, տղամարդկանց ձեռքերը՝ արյունոտ եւ մեր հայրենի հողը՝ ավերված: Պետք է խոսեմ հիմա, այլապես հոգիս ընդմիշտ կկորցնի իր խաղաղությունը: Պիտի խոսեմ՝ որպես հինգ երեխաների մայր, որպես մեկը, որը եւ՛ Սփյուռքի, եւ՛ նույնքան էլ հայրենիքի զավակ է:

Դուք, անշուշտ, լսել եք հայ-թուրքական Արձանագրությունների մասին: Դուք, անշուշտ, դեռ երկար կշարունակեք լսել տարաբնույթ մեկնաբանություններ պատմաբանների, քաղաքական գործիչների եւ տնտեսագետների կողմից, ովքեր համարվում են իրենց ոլորտի արհեստավարժ մասնագետներ:

Խնդրում եմ՝ լսեք նաեւ ինձ, քանի որ պետք չէ մասնագետ լինել մասնավոր սեփականության ոլորտում՝ հասկանալու, որ հայրենի տունը, որի կենտրոնում հառնում է Արարատ լեռը, պատկանում է բոլորիս: Կարեւոր չէ, թե մեր մեծ հայրերը Արարատի արեւելյան, թե արեւմտյան կողմում են ծնվել, Վանում, թե Երեւանում, կարեւոր չէ, քանի որ հայրենիքը յուրաքանչյուր հայի սեփականությունն է՝ ծնված այստեղ, թե այնտեղ, ծնված հիմա, թե հետո:

Հարցը բնավ էլ այն չէ, որ պետք է առաջ նայել կամ չապրել անցյալի պատրանքներով, հարցն այն է, որ եթե մենք՝ 21-րդ դարի անցորդներս, մենք, որ լոկ պատմության պարզունակ ստվերներն ենք, իրավունք ունե՞նք ստորագրելու մի թղթի կտորի տակ, որը հանձնում է Տարոնն ու Վանը, Կարինն ու Անին՝ արձանագրելով, որ դրանք մերը չեն եւ երբեք էլ մերը չեն կարող լինել: Այսօր մենք երես ենք դարձնում մեր եկեղեցիներից ու մեր վանքերից, մեր տապանաքարերից ու մեր Տապանից, լքում ենք մեր նախահայրերի մշակած հողը եւ նրա միջից ծլած ծիրանի ծառը:

Մենք կորցնում ենք ոչ միայն մեր երազած երկիրը, այլ նաեւ մեր արմատները: Մենք փշրում ենք երազը, երազ, որը գուրգուրել ենք ի հեճուկս մեկդարյա ծանր ու տխուր պատմության՝ հասցնելով այս հանգրվանին, որպեսզի մեր ձեռքով փոշիացնենք այն հիմա:

Ես չգիտեմ՝ արդյոք երբեւիցե կտեսնե՞նք այն օրը, երբ եռագույնը կծածանվի Արարատի կատարին, կամ այն օրը, երբ աշխարհասփյուռ հայերը կհամախմբվեն նրա շուրջ, բայց գիտեմ եւ սա հաստատ գիտեմ, որ երազը պետք է ապրի: Որովհետեւ, ինչպես ասվում է, երբ կորցնում ենք մեր երազները, մենք դեռ շարունակում ենք լինել, բայց դադարում ենք ապրելուց:

Մի սպանե՛ք մեր երազները, թողե՛ք ժողովուրդս ապրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել