Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՀՄԱՆՆ ԻՆՉՊԵՍ ԿԲԱՑՎԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿՓԱԿՎԻ»

Սեպտեմբեր 24,2009 00:00

\"\"ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ մենք ռազմավարական նշանակության գործոնները զոհաբերում ենք ճանապարհների ժամանակավոր բացման դիմաց:

– Պարոն Մելքոնյան, իշխանական քարոզչության կողմից նախաստորագրված Արձանագրությունները ներկայացվում են իբրեւ հիմք՝ երկուստեք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման համար: Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ Արձանագրություններում առկա հիմնական դրույթները, մասնավորապես՝ պատմական խնդիրների քննությամբ զբաղվող միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը, Թուրքիայի կողմից դիվանագիտորեն ձեւակերպված նախապայմաններ են: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանձնաժողովի ստեղծմանը:

– Շատ վատ: Այդ հանձնաժողովի ստեղծման նպատակը մեկն է՝ կասեցնել ցեղասպանության ճանաչման գործընթացը: Մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է 22 երկրների կողմից, սակայն եթե մենք ստորագրում ենք այս Արձանագրությունը եւ գնում ենք բանավիճելու ցեղասպանության շուրջ, 23-րդը չի լինի: Ինչպես եղավ 2001-2003թթ., երբ ԱՄՆ-ում գործում էր, այսպես կոչված, «Հայ-թուրքական հաշտեցման» տխրահռչակ հանձնաժողովը:

– Այնուամենայնիվ, ընդունենք, որ որոշակի տրամաբանություն կա նաեւ հակառակ կողմի պնդումներում. եթե Ցեղասպանության մասին մեր փաստարկներն այդքան զորեղ են, ինչո՞ւ ենք խուսափում այդ խնդրի շուրջ թուրքերի հետ երես առ երես բանավիճելուց:

– Ես ժամանակին ասել եմ, որպեսզի միջազգային հանրության մեջ չստեղծվի տպավորություն, թե մենք ծանրակշիռ փաստարկներ չունենք Ցեղասպանության իրողությունն ապացուցելու համար, թող «Եվրոնյուզով» կազմակերպվի հայ եւ թուրք պատմաբանների հեռուստաբանավեճ, որտեղ երկու կողմն էլ կներկայացնի իր փաստարկները: Ու թող աշխարհն էլ նայի ու որոշի, ով է ճիշտ, ով է սխալ: Ես համոզված եմ, որ այդ դեպքում մենք կշահեինք, բայց դա պետք էր անել ընդամենը մեկ անգամ ու ավարտել: Հիմա դա արդեն ժամանակավրեպ է:

– Ամեն դեպքում գործընթացը սկսված է, եւ դժվար թե պատմական հանձնաժողովի մասին դրույթը հանվի ստորագրվող Արձանագրություններից: Այս իրավիճակում ավելի ճիշտ չէ՞ մտածել այն մասին, թե որքանով ենք այսօր պատրաստ գիտականորեն հիմնավորելու մեր պահանջները: Չէ՞ որ եթե թուրքերն այդքան պնդում են հանձնաժողովի ստեղծման եւ հարցի պատմագիտական քննարկման վրա, հավանաբար լրջորեն պատրաստվել են:

– Ցեղասպանության իրողության վերաբերյալ շատ ավելի ծանրակշիռ փաստարկներ կան թուրքական պատմաբանների ձեռքին, քան թե մեր: Ես համոզված եմ, որ հայերին տեղահանելու եւ ցեղասպանելու վերաբերյալ հրամանների բնօրինակներն իրենց մոտ են:

– Սակայն ի՞նչ երաշխիք կա, որ թուր քերը դրանք երեւան կհանեն, եթե արդեն իսկ չեն ոչնչացրել:

– Նրանք այդ փաստաթղթերը երեւան չեն հանի, բայց տասնյակ երկրներում առկա հազարավոր վավերագրերի առկայության պայմաններում դա այնքան հեշտ է ապացուցել: Երբ հեռավոր Արգենտինայի եւ Ուրուգվայի արխիվներից հանվում են հաստափոր հատորներ, ավստրիական, ֆրանսիական, գերմանական, ամերիկյան, ռուսական արխիվներում հսկայական նյութեր կան, ի՞նչ պիտի ասեն թուրքերը: Ընդամենը մեզ ներքաշելու են անօգուտ բանավեճի մեջ եւ տարիներ շարունակ կասեցնելու են Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

– Դուք՝ որպես ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, կհամաձայնեք ընդգրկվել այդ հանձնաժողովում:

– Ոչ, միանշանակ ոչ, որովհետեւ ես, ինչպեսեւ շատ-շատերը, համարում եմ, որ դա անիմաստ, անպտուղ եւ, ինչու չէ՝ վիրավորական քայլ է մեր կողմից: Որովհետեւ Ցեղասպանության խնդիրը մեր արյունն ու միսն է, ու հիմա գնալով- բանակցելով այդ իրողության մասին՝ դրանով մենք 1.5 միլիոն նահատակների հիշատակն ենք անարգում: Որեւէ հրեա այդպիսի բան կանի՞: Այն դեպքում, երբ Գերմանիան արդեն 1 տրիլիոնի հասնող հատուցում է տվել Իսրայելին, նրանք դեռ դժգոհ են եւ պաշտոնապես դեռ թույլ չեն տալիս, որ գերմանացիները գնան-իջնեն Թել Ավիվում կամ Երուսաղեմում ու հայցեն հրեա ժողովրդի ներողամտությունը: Հրեաները պետություն ու այդքան հատուցում ստանալուց հետո անգամ դժգոհ են, իսկ մենք այսքանից հետո ասում ենք՝ ի՞նչ է եղել որ, եղբայր ենք, քիրվայություն պիտի անենք:

– Պարոն Մելքոնյան, Դուք չե՞ք կիսում այն մոտեցումը, որ Ցեղասպանության ճանաչման հավանականությունը էապես կարող է մեծանալ երկու երկրների միջեւ երկխոսության առկայության, այլ ոչ թե բացակայության պայմաններում:

– Որպես երեւույթ՝ այսօր Ցեղասպանության խնդիրը բացարձակապես չի անհանգստացնում Թուրքիային: Որովհետեւ, եթե բարոյական հատուցման խնդիրն է, իմ խորին համոզմամբ, թուրք մտավորականությունը երկրի ղեկավարության հետ վաղը եւեթ կընդուներ Ցեղասպանությունը եւ կհայցեր մեր ներողամտությունը: Բայց քանի որ Հայոց ցեղասպանությունը, ի տարբերություն այլ ցեղասպանությունների, այդ թվում՝ եւ հրեական, տեղի է ունեցել մեր հայրենիքում եւ մեզ հայրենազրկելու նպատակով, դատարանի կողմից ցեղասպանության փաստման արդյունքում առաջ է գալու դրա հետեւանքների վերացման հարցը, ինչը հնարավոր է անել միայն մեր հայրենիքի վերադարձմամբ: Բայց եթե ընդունում ենք այս Արձանագրությունները ներկա տեսքով, ապա հավատացած եղեք, Ցեղասպանության ճանաչման խնդիրը կարող է շատ արագորեն ընթանալ Թուրքիայում: Այդ դեպքում Թուրքիան արդեն վախենալու առանձնապես բան չի ունենա, քանզի մենք ամրագրած կլինենք, որ ընդունում ենք առկա սահմանները, իսկ բարոյական, ինչու չէ՝ որոշ չափով նյութական փոխհատուցումներն արդեն խնդիր չեն: Անգամ կարող է հրաշք տեղի ունենալ, եւ թուրքերը «մեծահոգաբար» ասեն՝ էս հայերը շատ ողբացին, եկեք Անիի ավերակների 44 հեկտար տարածքը տանք: Մեր հայրենիքի բռնազավթված հատվածի վերաբերյալ իմ ասածներն այսօր որքան էլ անիրատեսական լինեն, դրանք ռազմավարական տեսանկյունից գործոն են, զենք են թուրքերի հետ հարաբերվելիս: Եվ այսօր ստորագրելով այդ համաձայնագիրը, փաստորեն՝ Ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման լուրջ գործոնների դիմաց, մենք ընդամենը ստանում ենք ճանապարհների ժամանակավոր բացում:

– Իսկ ինչո՞ւ ժամանակավոր:

– Որովհետեւ, երբ մի օր թուրքերը մեզ ասեն, թե մեր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին պետք է վերադարձնեք ազատագրված շրջանները, իսկ Ղարաբաղին էլ տրվի մշակութային ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ու մենք էլ չհամաձայնենք, ահա այդ դեպքում «շլագբաումը» ինչպես բարձրացել էր թուրքերի ձեռքով, այնպես էլ արագորեն կիջնի: Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ 1993թ. ապրիլի 14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել