Իսրայելը գոհունակություն է հայտնել երեքշաբթի օրը Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի միջեւ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների առնչությամբ:
«BBC»-ի մատուցմամբ, եռակողմ բանակցությունները տեղի էին ունեցել չնայած այն բանին, որ Իսրայելը հրաժարվել էր կատարել ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել Հորդանանի Արեւմտյան ափի բնակավայրերի ընդլայնման աշխատանքները: Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի ասելով, հանդիպումը ցույց տվեց, որ Իսրայելը այդ հարցում ճնշումներին տեղի չի տրվել եւ խաղաղ բանակցությունները կարող են վերսկսվել առանց այդ բնակավայրերի շինարարությունը դադարեցնելու: Աղբյուրի փոխանցմամբ, տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգները մեղմացրել է իր դիրքորոշումը եւ շինարարության դադարեցման պահանջը փոխարինել է դրանք սահմանափակելու հորդորով:
Այդ հանդիպման փաստը դատապարտել է «Համաս» շարժումը: Իսլամիստների ներկայացուցիչ Սամի Աբու Զուխրին հայտարարել է, թե Մահմուդ Աբբասը «չի կարող ներկայացնել Պաղեստինի ամբողջ ժողովրդին: Նա օժտված չէ այդպիսի իրավունքով եւ կարող է խոսել բացառապես իր գլխավորած «Ֆատխ» շարժման անունից»: