Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան ռազմաբազաները կտեղակայվեն Վրաստանում

Սեպտեմբեր 24,2009 00:00

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվելու է Կովկասում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու հարցը: Այդ մասին, «Trend»-ի փոխանցմամբ, ասել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: Նրա դիտարկմամբ, թեեւ այդ ծրագիրը առաջիկա տասը տարիների խնդիր չէ, բայց ռուսական կողմը Միացյալ Նահանգներից դրա առնչությամբ լուրջ բացատրություններ է ակնկալում: Հիշեցնենք, որ երկու նախագահների հանդիպումը նշանակված էր չորեքշաբթի, Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: Վերլուծաբանների կարծիքով, Պենտագոնը ծրագրել է իր հակահրթիռային պաշտպանության համակարգերը Չեխիայի փոխարեն տեղակայել Կովկասում: Այդ մասին դեռ անցած ուրբաթ հայտարարել էր ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետերի հաձնաժողովի նախագահի տեղակալ, գեներալ Ջեյմս Քարտրայթը: ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նկատել է, թե՝ ամերիկացիների համար Կովկասը դա Իրանն ու Թուրքիան են. «Ես կարծում եմ, որ խոսքն ավելի շուտ հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիայի տարածքում տեղակայելու մասին է»:

Մինչդեռ վրացական աղբյուրները փոխանցում են, թե Պենտագոնի այդ ծրագիրը նախատեսվում է ավարտել արդեն 2015թ.-ին, եւ հենց այդ ժամկետում Վրաստանում կհայտնվեն ամերիկյան ռազմաբազաներ՝ երկու ցամաքային եւ մեկ ծովային: Իսկ մինչ այդ, արդեն հաջորդ տարի այդ ծրագիրն իր բոլոր մանրամասնություններով կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին: Ըստ որոշ տեղեկությունների, ծրագիրը ղեկավարում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին: Վրացական «Ռեզոնանսի» թերթի մատուցմամբ, ամերիկյան բազաները Վրաստանի տարածքում տեղակայելու հարցը երկուշաբթի օրը քննարկվել է նաեւ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մարկովն արդեն հայտարարել է, թե՝ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Կովկասում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման հնարավորությանը:

«Կոմերսանտը» իր հերթին կարծիք է հայտնել, թե Սպիտակ տունը ՌԴ նախագահի հետ հանդիպման է գնում սեփական օրակարգով: Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու իր ծրագրերից հրաժարվելու դիմաց՝ ԱՄՆ-ն Ռուսաստանից որպես պատասխան քայլ ակնկալում է վերանայել ռազմատեխնիկական համագործակցությունը Իրանի, Սիրիայի եւ Վենեսուելայի հետ, ինչը անհանգստացնում է Միացյալ Նահանգներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել