«Անառակ որդու վերադարձը» ֆիլմի մասին
Վաղուց էի կարոտել շիտակ, ճշմարտացի, մարդկային կինոպատումի։ Բազմատեսակ տեխնիկական միջոցներով հագեցած՝ սրընթաց, հարափոփոխ կինոճամփորդությունները մի կողմից, եւ մյուս կողմից հեռուստասերիալների գռեհիկ պարզունակությունը՝ ակամայից յուրաքանչյուր հանդիսատեսի դնում է անելանելի վիճակի մեջ։ Հնարավոր չէ պատկերացնել, թե վերջապես ե՞րբ, որտեղի՞ց եւ ինչպե՞ս կհաջողվի տեսնել էկրանին նորմալ մարդկանց, թեկուզեւ իրենց բազմաթիվ մարդկային թերություններով ու թուլություններով հանդերձ, բայց, այնուամենայնիվ՝ մարդկանց…
«Անառակ որդու վերադարձը» ֆիլմում, որի սցենարի եւ բեմադրության հեղինակներն են Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը, պատկերված են հերոսներ, որոնց դեմքին դրոշմված են մեզ համար ճանաչելի բնավորություններ եւ նույնքան ծանոթ ճակատագրեր, այդ թվում նաեւ գլխավոր գործող անձի՝ անառակի ճակատագիրը։
Ֆիլմում յուրաքանչյուրն ունի իր դիմագիծը, «խոշոր պլանը», որոնք հեղինակների սեւեռուն հայացքի ներքո վերածվում են «դիմանկարների»։ Ինչպես նաեւ, ես հատուկ կառանձնացնեի այն հնարքը, որը, ի վերջո, ձեռք է բերում բավականին խորը եւ բովանդակալից իմաստ։ Հնարքը հեղինակների դիտակետն է, երբ միջանցքում՝ «դռների արանքից» ներկայացնում են խնջույքը, որը մի քանի անգամ «պարտադրողաբար» հրամցվում է հանդիսատեսին, թույլ չտալով տեսնել առանձին գործող անձանց իրենց կենցաղային վիճակում, բայց նաեւ թույլ չի տալիս մոռանալ նրանց բնական միջավայրը։ Այդ դիտակետն անընդհատ մեզ հիշեցնում է, որ մենք գործ ունենք իրական մարդկանց հետ, որոնք, ինչպես յուրաքանչյուրս՝ միայնակ են, եւ միաժամանակ ձուլված ընդհանուրին։
Իսկ ֆիլմի գլխավոր, թաքնված հերոսը հայրն է (դերակատար՝ Արմեն Ջիգարխանյան), ով գրեթե ողջ ֆիլմի ընթացքում լռում է, անպատասխան թողնելով բոլոր այն հարցերը, որոնք կարծես ուղղում են իրեն, նա պատրաստ է ամեն ինչ անել, միայն թե վերագտնի, վերականգնի իր ընտանիքի ներդաշնակությունը։ Եվ չնայած հիվանդ սրտին, ողջ ֆիլմի ընթացքում աստիճաններով շնչակտուր վերուվար է անում՝ փնտրելով ուղիներ, ինչ-որ կերպ վերադարձնելու, հաշտեցնելու իր բոլոր «անառակ որդիներին»։ Բայց, ավաղ, մենք ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ նույնիսկ անառակ որդու վերադարձը եւ ծնկի գալը Հոր առջեւ՝ ոչ երջանկություն է խոստանում, ոչ էլ ելք՝ դեպի ապագան, քանզի Հոր իշխանությունն այլեւս չկա՝ նրա տեղն արդեն զբաղված է…
Ֆիլմի սյուժեն իմաստ չունի վերաշարադրել, եւ կարծում եմ հանդիսատեսը գերագույն հաճույք կզգա այն դիտելիս, որովհետեւ այն, անկասկած, յուրաքանչյուրի հոգում կարթնացնի կարոտ, ինչպես նաեւ պատասխանատվություն յուրաքանչյուր ապրած օրվա հանդեպ։ Հեղինակները պեղել են մի սքանչելի երաժշտական մեղեդի՝ զուգորդելով այն հավերժական բնության եւ երկաթգծի անծայրածիր ու «ժամանակավոր» պատկերներին, ստեղծելով մի տրամադրություն, որը փոխանցվում է հանդիսատեսին եւ պահում «բարձր լարումը» ողջ կինոպատումի ընթացքում։
Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանն այս ֆիլմով քայլ արեցին դեպի իսկական՝ մեծ կինոարվեստ, որն ինչպես էլ անվանես՝ մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ, թե նեոավանգարդ, կարեւոր չէ՝ կարեւորը, որ այն օժտված է մարդկային, խորը բովանդակությամբ։