Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻ ԹՎԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ

Սեպտեմբեր 24,2009 00:00

Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը «հարցախեղդ» է արել ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերին

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ) ՀՀ-ում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկատվական բազա ձեւավորելու նպատակով այս տարվա հունիսից սկսել է գործարկել էլեկտրոնային հարցաթերթիկ, որը պարունակում է տվյալ հաստատությունների ենթակառուցվածքներին, գործունեությանը, իրավական հիմքերին եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ՈԱԱԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Գալստյանը՝ հարցաշարը տեղադրված է ինտերնետում, յուրաքանչյուր բուհի փոխանցվել է այդ ուսումնական հաստատության կոդը, որն օգտագործելով էլ բուհի պատասխանատուն կարող է մուտք գործել եւ լրացնել էլեկտրոնային հարցաշարը: Լ. Գալստյանը մանրամասնեց. «Դեռ իրականացվում է առաջին փուլը. պետական բուհերին ուղարկվել են կրթական հաստատությունների ընդհանուր տվյալներին եւ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Գործընթացին միացել են նաեւ ոչ պետական բուհերը: Իսկ երկրորդ փուլում բուհերին կուղարկվեն նրանց տարածքային ռեսուրսներին, աշխատակազմին, ֆինանսական ռեսուրսների կառավարմանը վերաբերող հարցեր»: Այսպիսի գործընթացներ իրականացվում են նաեւ այլ երկրներում: Օրինակ՝ Լ. Գալստյանի փոխանցմամբ, ՌԴ-ում հարցաշարն այնպես է կազմված, որ բուհերից պահանջվում են հիմնականում թվային տվյալներ, իսկ հարցաշարի լրացնելը կրում է պարտադիր բնույթ՝ ի տարբերություն Հայաստանի: Մեր երկրում հարցաշարը կազմվել է՝ ելնելով ՀՀ-ի ներկայիս կրթական հիմնախնդիրների ուղղվածությունից:

Չնայած հարցաշարի լրացումը պարտադիր բնույթ չի կրում, սակայն հասկանալի է, որ եթե տվյալ բուհը հրաժարվում է դա անել, ապա դա լավ չէ բուհի համար՝ ավելորդ կասկածների տեղիք կտա: Սակայն մյուս կողմից էլ գործընթացը հաճախ դիտարկվում է որպես վերահսկողություն իրականացնելու մի տարբերակ: Այս մասին Լ. Գալստյանն ասաց. «Բուհի կառավարման հարցերին խառնվելու որեւէ խնդիր չկա: Օրինակ՝ եթե բուհը հավատարմագրման հայտ է ներկայացնում, հետո ինքնավերլուծություն է կատարում՝ որակի ներքին մեխանիզմները գործարկելով: Եթե ավելի պարզ ասենք, որակի գնահատումն իրականացվում է հավատարմագրման միջոցով: Իսկ երբ ստեղծվի տեղեկատվական բազան, այն կօգնի իրականացնել որակի գնահատման գործընթացը: Եվ այլեւս հավատարմագրման փորձաքննության համար մասնագետները օրերով բուհերում ստուգումներ չեն իրականացնի, այլ, ունենալով համապատասխան բազա, մի քանի օրում կավարտեն գործընթացը: Իսկ բուհը կիմանա, թե կոնկրետ ինչ հարցերի վրա են ուշադրություն դարձնելու»:

Ըստ ՈԱԱԿ-ի www.anqa.am կայքի՝ հարցաշարն ամբողջությամբ լրացրել են Երեւանի ճարտարապետաշինարարական պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գորիսի պետական համալսարանները, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ու Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտները (ԵԹԿՊԻ): Երեւանի պետական, Հայաստանի պետական ագրարային, Երեւանի պետական տնտեսագիտական, Գավառի պետական եւ Ռուս-հայկական Սլավոնական համալսարաններում, ինչպես նաեւ բուհերի մարզային մասնաճյուղերում հարցաշարը լրացվել է՝ բացառությամբ մի քանի հարցերի: Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը պատասխանել է ընդամենը մի քանի հարցի: Ընդհանրապես ակտիվության ցածր աստիճան են ցուցաբերել արվեստի բուհերը: Իսկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՊՃՀ, ԵԳՊԱ, ԵՊՀ Գյումրիի, Դիլիջանի, ԵՊԿ Գյումրիի եւ ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղերը հարցաշարն ընդհանրապես չեն լրացրել: «Առավոտը» լսեց նաեւ այս բուհերին: Օրինակ՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի օգնական Շուշանիկ Մեհրաբյանը մեզ փոխանցեց, որ իրենք դեռ չեն ստացել հարցաշարը: Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Վարդազարյանն էլ, չնայած այնքան էլ մանրամասնորեն չէր հասցրել ծանոթանալ հարցաշարին, նշեց. «Մենք հարցաշարը ստացել ենք օգոստոսի 9-ին, եւ դեռ մինչեւ հոկտեմբերի 31-ը ժամանակ ունենք լրացնելու. այժմ հարցաշարը լրացվում է, քանի որ մեր բուհի ծավալները մեծ են: Գործընթացը բավականին լուրջ է, եւ այն մեզ հետագայում թույլ կտա խոսել կրթության որակի մասին»:

ԵԹԿՊԻ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Աննա Երզնկյանն էլ նկատեց. «Սկզբում ինտերնետի հետ կապված պրոբլեմի պատճառով հարցաթերթիկի լրացման գործընթացը մի փոքր ձգձգվեց, բայց կենտրոնի աշխատակիցները պարտաճանաչ կերպով անընդհատ զանգում եւ հետաքրքրվում էին: Որակի ապահովման հետ կապված այս գործընթացը ողջունելի է, եւ դա օգնում է մեզ ամփոփել մեր ունեցածը եւ հստակեցնել ապագան»: Տիկին Երզնկյանից հետաքրքրվեցինք՝ վերահսկողության միտում տեսնո՞ւմ է: Նա պատասխանեց. «Այդպիսի միտում չեմ տեսնում: Այս կազմակերպությունը փորձում է հասկանալ՝ բուհերն ինչ վիճակում են եւ ինչ հնարավորություններ ունեն: Իհարկե, ԿԳՆ-ն զբաղվում էր եւ այժմ էլ զբաղվում է այդ հարցերով, բայց որակի ապահովումը շատ ընդգրկուն գործընթաց է»: Պրոռեկտորը նաեւ կանխատեսում է. «Կան բուհեր, որոնք իրավունք են ստացել կրթություն իրականացնել այնպիսի մասնագիտություններով, որոնք այնքան էլ համահունչ չեն այդ բուհի ուղղվածությանը, ուստի որակավորման այս գործընթացների արդյունքում հնարավոր է որոշ բուհեր կորցնեն այդ մասնագիտություններով մասնագետներ պատրաստելու հնարավորությունը»:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանն էլ «Առավոտին» ասաց. «Մենք չենք լրացրել այն հարցերը, որոնք չեն վերաբերում մեր բուհին: Օրինակ՝ հավատարմագրման հետ կապված հարցերը»: Խոսելով գործընթացի արդյունավետության մասին, պարոն Բուդաղյանը նշեց. «Իհարկե, գործընթացն արդյունավետ համարելով հանդերձ՝ նկատեմ, որ հարցաշարով մեզնից հաճախ պահանջվում էին այնպիսի տվյալներ, որոնք ես անմիջապես չէի կապի կրթության որակի խնդիրների հետ: Օրինակ՝ զուգարանների թիվը եւ այլն: Փոխարենը հետո ինձ ամբողջովին պարզ չէ հավաքվող տվյալների նպատակը. դա հանրությանը մատուցվող տեղեկությո՞ւն է, թե՞ դրանք ցուցանիշներ են, որոնցով կենտրոնը նախատեսում է վերահսկողություն սահմանել: Առաջին տպավորությամբ շատ մեծ ծավալի ինֆորմացիա է պահանջվում, որի արդյունավետությունը որակի գործընթացների վերահսկման տեսակետից շատ ցածր է լինելու, քանի որ այնտեղ չկան ցուցանիշներ, որտեղ դիտարկվում են բուհի գործունեության արդյունքները: Ուզում են, որ լրացվի դասախոսական կազմը՝ անուն- ազգանուններով եւ պաշտոններով: Բոլորովին պարզ չէ դրա նպատակը: Փոխարենը չկա տվյալների պահանջ, թե ինչպիսին են այդ բուհի ներսում որակի ապահովման գործընթացները, բուհն ինչ ռազմավորություն ունի, ինչպիսին են շրջանավարտների՝ իրենց կրթությունից բավարարվածության արդյունքները եւ այլն: Միգուցե դա նախատեսվում է հաջորդ էտապներում, բայց այդ դեպքում ցանկն այնքան է մեծանում, որ դրա ընթեռնելիությունը փոքրանում է, ինֆորմատիվությունը չափից ավելի է դառնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել