Շիրակի մարզպետարանի, դատախազության եւ ոստիկանության մարզային կառույցների ղեկավարների, դպրոցների տնօրենների եւ աշակերտների մասնակցությամբ Գյումրիում քննարկվել են անչափահասների կատարած իրավախախտումները ծնող պատճառները եւ նպաստող պայմանների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները: Պարզվում է, Շիրակում աճել է անչափահաս իրավախախտների թիվը: Եթե 2008-ի առաջին կիսամյակում 12 անչափահաս կատարել էր 13 հանցագործություն, ապա այս տարվա առաջին կեսում՝ 23 դեպք, որից 15-ը՝ մարզկենտրոն Գյումրիում:
Արձանագրված 23 հանցագործություններից 10-ը մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր են, որից 2-ը՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք, 3-ը՝ միջին ծանրության վնաս, 2-ը՝ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու, 3-ը՝ ծեծ, 9-ը՝ սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություն:
Ըստ հավաքի մասնակիցների, անչափահասների կատարած հանցագործություններին նպաստել են նաեւ ուսումնական հաստատություններում ուսումնադաստիարակչական գծով զբաղվող մանկավարժների անտարբերությունն ու անհետեւողականությունը: Նրանք ժամանակին ուշադրություն չեն դարձրել դպրոց չհաճախող, կասկածելի վարքագիծ դրսեւորող, ինչպես նաեւ հանցագործության միտում ունեցող աշակերտներին, այդ մասին չեն տեղեկացրել ծնողներին կամ ոստիկանության՝ անչափահասների գործերով տեսչությանը: