Մեր թերթի սեպտեմբերի 10-ի համարում «Թղթի վրա եւ իրականում. Ո՞ւմ համար է անվճար բուժսպասարկումը» հրապարակմամբ անդրադարձել էինք Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի երեք տարեկան բնակիչ Վահե Չիլինգարյանին: Նրա տատը՝ Սիրուշ Չիլինգարյանը պատմել էր, թե երեխային սուր թունավորմամբ տեղափոխել են Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոն եւ թեեւ մինչեւ յոթ տարեկանների բուժումը պետպատվերի շրջանակներում է, սակայն տատը պնդում էր, որ «Արաբկիրում» իրենք գումար են վճարել՝ ընդհանուր մոտ 100 հազար դրամ:
Սեպտեմբերի 22-ին ստացել ենք «Արաբկիր» բժշկական համալիրի բժշկական տնօրեն Սպարտակ Ղազարյանի պարզաբանումը: «Հոդվածը հուզեց եւ մտահոգեց բոլորին՝ ինչպես հասարակությանը, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարությանը, մարզային առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը եւ «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատակիցներին: Վահեի ծնողների հետ նույն օրը կազմակերպված հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ ընտանիքը ծախսեր էր կատարել Երեւանում իրենց մեկ ամսվա կացությունն ապահովելու, ինչպես նաեւ օրենքի սահմանված կարգով այլ հաստատությունից ձեռք բերված արյան դիմաց փոխհատուցելու համար, թեեւ նրանց առաջարկվել էր երեխային անվճար փոխներարկման նպատակով արյուն հանձնել «Արաբկիր» բժշկական համալիրում:
Իսկ թե վճարել էին նրանք բուժծառայությունների համար, թե՝ ոչ, այդպես էլ գաղտնիք մնաց: Անգամ երեխային դուրս գրելուց հետո ծնողները ոչ մի բառ, բացառությամբ շնորհակալական խոսքերի, չասացին դրա կապակցությամբ», գրում է Սպարտակ Ղազարյանը: