Շենքի նորոգում եւ գրքասեր, մասնագիտական նորություններին արձագանքելու ունակ աշխատակազմի ձեւավորում
Տավուշի մարզային գրադարանը ստեղծվել է 1996 թվականին: Գրադարանի շենքը Իջեւանի կենտրոնում, շատրվանանների հրապարակից շուրջ 50 մ հեռավորությամբ է: Կառույցի տեսքը հարիր է մշակութային օջախին: Սակայն ներս մտնելով՝ կարծես մի ուրիշ, մռայլ աշխարհ ես ընկնում: Սվաղից զրկված, մերկացած պատեր, խոնավությունից բորբոսնած գրքեր, կիսաավերակ զուգարան: Գրադարանի տնօրեն, նկարիչ, գրող Սաշա Հովսեփյանի ուղեկցությամբ շրջում եմ տարածքում: Այստեղ առկա 43 հազար կտոր գիրքը խիստ անհարմար պայմաններում է, խոնավության մեջ: 1958 թվականին կառուցված շենքը հողի մեջ է եւ անընդհատ խոնավություն է կլանում: Տնօրենի վկայությամբ՝ կառուցման օրվանից մինչ այժմ նորոգում չի կատարվել: Ավելին. նախքան գրադարանին հանձնելը, այստեղ տարբեր ժամանակներում «բնակություն» են հաստատել տարբեր՝ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ, երկու անգամ հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետքերը հիմա էլ տեսանելի են: Նոր հրդեհի վտանգը իրական է, որովհետեւ ձմռանը սենյակները փայտով են տաքացվում:
«Այստեղ օգոստոսին էլ մրսում ենք, էլեկտրական ջեռուցիչներով հնարավոր չէ տարածքը տաքացնել»,- վկայում է գրադարանավարի 28 տարվա փորձառություն ունեցող սպասարկման բաժնի վարիչ Կարինե Քեռյանը: «Ձմռանն ամեն առավոտ ահը սրտումս եմ մոտենում գրադարանին, հանկարծ մոխրում մնացած կայծից գիշերը հրդեհ բռնկված չլինի»,- խոստովանում է տնօրենը:
Հակահրդեհային կանոնների խախտման պատճառով հրշեջ ծառայությունը մի քանի անգամ տուգանել է գրադարանին: Վառարանների մոտ պետք է ավազի կույտ, հրշեջ բալոններ եւ այլ պարագաներ լինեն, որոնց գնման համար գրադարանը միջոցներ չունի: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որի ենթակայության ներքո է մարզային գրադարանը, պատրաստ է վճարել էլեկտրականությամբ ջեռուցելու ծախսերը, սակայն չի թույլատրում վառելափայտով ջեռուցումը եւ, բնականաբար, չի վճարում վառելափայտի համար: Հիմա Սաշա Հովսեփյանը փայտ հայթայթելու նպատակով՝ աջակցության ակնկալիքով տարբեր դռներ է ծեծում: Անցյալ տարի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է այս հարցում օգնել, հիմա աջակցող չկա: Որպես հարցի լուծման «պահեստային տարբերակ»՝ մնում է գրադարանի աշխատակիցներով փայտի համար գումար հավաքելը: Գրադարանի բազում «դարդերի դարմանը» կարող է լինել շենքի հիմնանորոգումը: Քաղաքաշինության նախարարությունը հաստատել էր շենքի վերանորոգման նախագիծը՝ 58 միլիոն դրամ, որից 8 միլիոնը՝ ջեռուցման համակարգի կառուցման համար: Նորոգումը պետք է սկսվեր այս տարվա երկրորդ եռամսյակում, սակայն օգոստոսին Տավուշի մարզային գրադարանին տեղեկացրել են, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով գործը հետաձգվում է մինչեւ 2010 թվականը: Մինչդեռ շենքի նորոգումը գրքային ֆոնդը կփրկեր ոչնչացումից: Գրադարանը 9 համակարգիչ ունի, որոնք պետք է իրար կապվեն ներքին ցանցով, հաճախորդների սպասարկումն էլ համակարգչով պիտի կատարվեր: Հիմա համակարգիչները անգործության են մատնված, լոկ 2-ն են միացված (մեկը՝ ինտերնետի ցանցին): Տնօրենն ասում է, որ ներքին ցանց անցկացնելու համար պետք է պատերին մալուխներ անցկացվեն: Հին, խոնավ շենքում նման ծախսեր կատարելը եւ անմիաստ է, եւ վտանգավոր:
Հայաստանի մարզային որոշ գրադարաններում սկսվել է գրքային ֆոնդի թվայնացումը, սեղմագրերի ստեղծումը: Իջեւանում սա առայժմ երազ է: Մարզային գրադարանի 22 աշխատողներից լոկ 2-ն են տիրապետում համակարգչի: Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ՝ գրադարանավար Մարինե Վարդապետյանը գարնանը մասնակցել է «Ալեֆ» ծրագրի դասընթացին: Այդ ծրագրով համակարգչում հանրագիտարանային շտեմարաններ են ստեղծվում: Սակայն ուսուցումը օգուտ չի տվել, քանզի Մարինեն անգլերենին չի տիրապետում, ստացած գիտելիքներն էլ մոռացել է. համակարգչից սակավ է օգտվում:
Մշակութային օջախում սուր է մասնագետ, գրադարանային գործում նորույթները ընկալելու եւ յուրացնելու ունակ կադրերի պակասը: Գրադարանում աշխատում են պատմաբան, բանասեր, աշխատողներից մեկն էլ միջնակարգ կրթություն ունի: Նրանց մի մասը մարզի եւ Իջեւանի ղեկավարների բարեկամներն են կամ էլ նրանց միջորդությամբ են այստեղ աշխատանքի տեղավորվել: Տնօրեն Սաշա Հովսեփյանի խոսքերով՝ այդ աշխատակիցները ընդհանրապես գրքասեր չեն, եւ աշխատավայրում սովորաբար զբաղված են սուրճ խմելով եւ քաղաքի վերջին անցուդարձը քննարկելով: Տնօրենը կարծում է, որ վաղուց հասունացել է գրադարանի աշխատողների ատեստավորման խնդիրը: Մանավանդ որ, եկող տարի գրադարանի ֆինանսավորումը 20 տոկոսով կրճատվելու է:
Այնուամենայնիվ, այստեղ գործը կանգ չի առնում: Մարզային գրադարանը 2000 ընթերցող ունի, հանրապետական եւ մարզային թերթեր են ստանում: Գրքային ֆոնդի համալրումը կատարվում է տարբեր հիմնադրամների կամ անհատների նվիրատվությունների միջոցով: Գրադարանում ներկայացված են Տավուշի մարզի գրողների ստեղծագործությունները, հայ դասականներին նվիրված ցուցադրություններ: Հուզիչ է տնօրենի վաղամեռիկ որդու՝ 17-ամյա Նարեկին նվիրված ցուցադրությունը: Երիտասարդի անժամանակ մահվանից հետո տպագրվել է նրա ստեղծագործությունների երկու ժողովածու: Կողքին հոր՝ Սաշայի նոր գրքերի համակարգչային օրինակներն են ցուցադրված: Գրադարանի տնօրենը դրանք տպագրելու միջոցներ չունի:
Հետաքրքիր է, որ գրադարանի աշխատակիցների մեծամասնությունը չի կարդացել տնօրենի հեղինակած գրքերը: