Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Սեպտեմբեր 24,2009 00:00

Սպանություն՝ հափշտակության նպատակով

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտեց 30-ամյա Արթուր Օսիպյանի եւ նախկինում երկու անգամ դատված, 35-ամյա Էդուարդ Ավալյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Գործը դատարանի վարույթում էր գտնվում անցյալ տարվա հուլիսի 28-ից:

Ըստ գործի նյութերի, Օսիպյանն ու Ավալյանն այս տարվա փետրվարի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, մուտք էին գործել Նորքի 16 հասցեում գտնվող Սեդմար Հարությունյանի բնակարանը «ապօրինաբար, վերջինիս դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով հարձակվել նրա վրա, սեւ գույնի կպչուն ժապավենով փակել աչքերը, բերանը, կապել վերին եւ ստորին վերջույթները, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով հարվածներ հասցրել գլխին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող փակ, բութ գանգուղեղային ծանր վնասվածքներ՝ առաջացնելով գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարում, փակել արտաքին շնչառական անցքերը՝ առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն, որի հետեւանքով Ս. Հարությունյանին զրկել են կյանքից եւ հափշտակելով մեկ զույգ ականջօղեր, երկու կրծքազարդ, մեկ զույգ ոսկյա ականջօղեր, մեկ մեծ կանաչ քարով ոսկյա մատանի, մեկ ոսկյա շղթա, մեկ ոսկյա կուլոն, մեկ ոսկյա խաչ, մեկ կանացի ոսկյա թեւնոց, մեկ մարգարտաշար վզնոց, 14 000 ՀՀ դրամ, 2 442,4 ՀՀ դրամին համարժեք 8 ԱՄՆ դոլար կանխիկ գումար» եւ դիմել էին փախուստի: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, Սեդմար Հարությունյանը 9 տարվա ազատազրկման դատապարտված մանկավարժ, նկարիչ Սիլվա Ասատրյանի մայրն էր:

Նախաքննության ժամանակ պարզվեց, որ հանցագործներից Է. Ավալյանը 1990-1992 թթ. Լեռնային Ղարաբաղում «ոմն Սամվելից» ապօրինաբար ձեռք է բերել եւ Երեւանի Ավանի Թումանյան թաղամասի 7/2 շենքի 34 բնակարանում գտնվող իր ննջասենյակում պահել է հրազեն հանդիսացող «ՏՕԶ 63» մոդելի 16մմ տրամաչափի «Մ-2862» համարի որսորդական երկփողանի ողորկափող հրացանի փողեր եւ խզակոթի կարճեցմամբ վերափոխված հրացան, որսորդական ողորկափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող երկու հատ 16մմ տրամաչափի փամփուշտ: Դրանք 2009թ. փետրվարի 20-ին հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ամբաստանյալ Է. Ավալյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է դիտավորությամբ ծանր հանցագործություններ կատարելու համար: Առաջին անգամ նա ՀՀ Վարդենիսի շրջանի ժողդատարանի 1996թ. հունիսի 10-ի դատավճռով դասալքության համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, իսկ երկրորդ անգամ Է. Ավալյանը Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 1999թ. մարտի 20-ի դատավճռով ավազակության համար դատապարտվել է 9 տարվա ժամկետով ազատազրկման: Ամբաստանյալ Ավալյանի երկու դատվածություններն էլ մարված չեն եղել: Ամբաստանյալ Ա. Օսիպյանն էլ հայտնի է նրանով, որ Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի քրոջ որդին է:

Դատաքննության ժամանակ պարզվեց, որ հանցագործները «գործով չպարզված տաքսի ավտոմեքենայով» գնացել են տուժող Սեդմար Հարությունյանի տուն: Ըստ գործի նյութերի. «Օսիպյանն անցնելով բակով եւ հագնելով դիմակի վերափոխված մուգ գույնի գլխարկ եւ սեւ ձեռնոցներ՝ մտել է տան դիմաց գտնվող բաց պատշգամբը եւ կքանստել մուտքի դռան աջ կողմում: Է. Ավալյանը սեղմել է զանգի կոճակը: Ս. Հարությունյանը բացել է դուռը եւ դուրս եկել բաց պատշգամբ»: Իրենց սեւ գործն անելով եւ դիմելով փախուստի, «նրանք քայլելով հասել են «Բելաջիո» ռեստորանի հարեւանությամբ գտնվող մետաղյա ոլորապտույտ աստիճաններին եւ դրանցով իջնելով՝ գնացել են Երեւանի Մյասնիկյան պողոտա: Աստիճաններով իջնելիս նրանք նետել են դիմակի վերափոխված գլխարկները եւ բրդյա ձեռնոցները»: Սպանության հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հափշտակված ոսկյա զարդերը նրանք ցույց են տվել Երեւանի Մ. Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու տոնավաճառում ոսկյա զարդերի գնահատմամբ զբաղվող Ս. Բաղդասարյանին եւ նրան առաջարկել են գնել դրանք, սակայն վերջինս մերժել է: Հափշտակված ոսկյա զարդերը նրանք 119 000 ՀՀ դրամով վաճառում են իրենց անծանոթ մի քաղաքացու:

Վկա Ալեքսան Սիմոնյանը ցուցմունք էր տվել, որ փետրվարի 7-ին, ժամը 18-ի սահմաններում գնացել է մորաքրոջ՝ Սեդմար Հարությունյանի տուն եւ տեսել է մորաքրոջը հյուրասենյակի հատակին երեսնիվայր ընկած, ձեռքերն ու ոտքերը, աչքերն ու բերանը կպչուն ժապավենով կապված ու փակված, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված՝ զանգել է ոստիկանություն եւ հայտնել պատահածի մասին:

Ի դեպ, Ա. Օսիպյանը հայտնել էր, որ ինքն ու Էդիկը փնտրել են 10 000 ԱՄՆ դոլար գումար, սակայն չեն հայտնաբերել: Ս. Հարությունյանը սպանությունից առաջ մի քանի անգամ ասել է, որ ինքը Վարդանի մայրն է՝ «էս ինչ եք անում»:

Դատարանը Արթուր Օսիպյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման, գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 3.053.000 դրամից, պատժի կրման սկիզբը հաշվելով 2009թ. փետրվարի 11-ից:

Իսկ Էդուարդ Ավալյանի նկատմամբ դատարանը պատիժ նշանակեց ցմահ ազատազրկում՝ գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 3.053.000 ՀՀ դրամից, պատժի կրման սկիզբը հաշվելով 2009թ. փետրվարի 15-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել