Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ 30 ՏԱՐՎԱ ՍՈՃՈՒՏԸ

Սեպտեմբեր 24,2009 00:00

Հայկական բուսաբանական ընկերությունը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որտեղ բուսաբաններն իրենց վրդովմունքն են հայտնում կառավարության հունիսի 18-ի այն որոշումից, ըստ որի՝ նախատեսվում է Ջրվեժ անտառպուրակի ավելի քան 20 հա սոճուտը օտարել եւ հանձնել Ողջաբերդի համայնքին: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: «Իր ապշեցուցիչ գեղեցկությամբ ղրիմյան սոճու տնկարկը Հայաստանում հիմնադրվել է մոտ 30 տարի առաջ եւ մշտադալար ծառերի եզակի զանգված է, որն ամբողջ տարվա ընթացքում մաքրում եւ թթվածնով հարստացնում է Երեւանի մերձակա շրջանների օդը: Նման որոշումը շատ տարօրինակ է, քանի որ դեռեւս 1977-ին հիմնադրված սոճու պուրակը ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապուրակային համալիր» հատուկ պահպանվող տարածքի մի մասն է, հետեւաբար եւ ողջ հայ ժողովրդի սեփականությունը»,- ասված է նամակում:

Ըստ հեղինակների՝ նման որոշումը խախտում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» եւ «Օրհուսի» կոնվենցիաները: «Մենք արտահայտում ենք մեր անհամաձայնությունը, որ մի քանի սերունդների քրտնաջան աշխատանքի արդյունքը եւ ողջ հայ ժողովրդի սեփականությունը հանդիսացող սոճու պուրակի արժեքավոր տեղամասը հանձնվի Ողջաբերդի համայնքին եւ համառորեն խնդրում ենք վերանայել այդ, մեր կարծիքով, անխոհեմ որոշումը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Հայկական բուսաբանական ընկերությանը անդամակցում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ, դոկտորներ, պրոֆեսորներ, կենսաբանական գիտության թեկնածուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել