Լրահոս
Օրվա լրահոսը

Հին փոխմարզպետը վերադառնո՞ւմ է

Սեպտեմբեր 24,2009 00:00

Շիրակի փոխմարզպետի թափուր պաշտոնի համար ամենահավանական թեկնածուն նախկին փոխմարզպետ, հանրապետական Բորիս Ալեքսանովն է:

Շիրակի հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանի մահից հետո դեռեւս թափուր է նրա պաշտոնը: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, վերեւներում դեռ չեն կողմնորոշվում, թե հատկապես ո՞ր կոալիցիոն ուժին եւ ո՞ր ծառայության համար կարելի է «նվիրել» այս պաշտոնը: Չնայած Շիրակի մարզպետարանում արդեն երեք հոգու անուն շոշափվում է, առաջին հորիզոնականում Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի լիդերներից մեկի՝ Բորիս Ալեքսանովի անունն է, ով դեռեւս 5 տարի առաջ զբաղեցնում էր փոխմարզպետի աթոռը, սակայն Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, նրան հանկարծակի պաշտոնանկ արեց՝ վատ վիճակի մեջ դնելով, բնակբաշխումը ձեռքից վերցնելով ու աթոռը Միքայել Վարդանյանին հանձնելով: Նկատենք, որ այժմ Բորիս Ալեքսանովը չնայած գործազուրկ է, սակայն անչափ ակտիվացել է քաղաքական դաշտում. հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս հեռուստաեթերից այնպես է գովերգում երկրի նախագահին, որ նույնիսկ հայտարարում է, թե հանրապետության ամենահայրենասեր մարդը Սերժ Սարգսյանն է: Անշուշտ, սա առիթ է տվել շիրակցիներին մտածելու, որ փոխմարզպետի աթոռը՝ կա-չկա, Բորիս Ալեքսանովինն է, չնայած շոշափվում են նաեւ Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության ու տրանսպորտի բաժնի պետ, ԲՀԿ-ական Մարզպետունի Մարգարյանի, երբեմն էլ՝ Գյումրիի ՕԵԿ-ական փոխքաղաքապետ Ռուդիկ Հովհաննիսյանի անունները:

«Առավոտը» պարոն Ալեքսանովից հետաքրքրվեց, թե ճշմարի՞տ են տարածված խոսակցությունները, հավակնու՞մ է արդյոք վերադառնալ իր հին պաշտոնին: Մեզ հետ ունեցած զրույցում Բորիս Ալեքսանովը սկզբում նշեց, որ ինքը եւս լսել է այդ մասին, սակայն մեր այն հարցին, թե կուսակցությունը «դաբրո» չի՞ տվել, պարոն Ալեքսանովը պատասխանեց. «Առաջարկ եղել է, Հանրապետական կուսակցության մարզային խորհուրդը այդ հարցը քննարկել է, միջնորդել ու ներկայացրել է կուսակցության գործադիր մարմնի քննարկմանը, եթե գործադիր մարմինը տա իր համաձայնությունը, ապա այն կներկայացվի վարչապետին»: Իսկ «Առավոտի» այն հարցին, թե ԲՀԿ-ն չի՞ հավակնում այս պաշտոնին, ԲՀԿ-ի մարզային գրասենյակից պատասխանեցին, թե «մարդու քառասունքը չլրացած՝ փոխմարզպետի հա՞րց են քննարկում»:

Տեղեկացնենք, որ Շիրակի մյուս փոխմարզպետի ընտրությունը եւս կատարվել է ծանոթաընկերական հիմքի վրա: Շիրակցիների մտքով երբեւէ չէր էլ անցնի, որ իրենց համար անհայտ անձնավորություններից մեկը՝ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության մասնագետ Հարություն Արշակյանը, երեք ամիս առաջ փոխմարզպետ էր դառնալու: Թե ինչո՞ւ այս պատասխանատու պաշտոնը վստահվեց մարզպետարանի շարքային աշխատողներից մեկին, մարզպետարանի աշխատակիցների խոսքերով՝ պատճառն այն է, որ Հարություն Արշակյանը Սերժ Սարգսյանի ջահել ժամանակվա ընկերներից է, հանրակացարանում միասին են մնացել ու շփվել, այժմ էլ վերջինս, ի պատիվ հին ընկերության, հանրապետական է դարձել: Այնպես որ, եթե նորանշանակ փոխմարզպետը չկարողանա տրանսպորտի կամ հասարակական վճարովի աշխատանքների համար ստեղծված հանձնաժողովները գլխավորել, միեւնույն է՝ նրան չեն քարկոծելու: Իսկ ահա մյուս փոխմարզպետի աշխատանքը շատ ավելի բարդ է. վերջինս պարտավոր է հասարակության հետ շփվել ու բողոքավորների հետ լեզու գտնել: Իսկ Շիրակի մարզում, ինչպես հայտնի է, հաճախակի են բողոքի ակցիաները: Նույնիսկ դեպքեր էին լինում, երբ բողոքավորներն օրեր շարունակ առավոտից իրիկուն Միքայել Վարդանյանի կաբինետը շրջափակում էին: Եվ եթե նրանք ինչ-որ տեղ լռում էին, ծայրահեղ միջոցների չէին դիմում, ապա դա միանշանակ Միքայել Վարդանյանի «խաթր» էր: Այնպես որ, շիրակցիներն ակնկալում են, որ այս պաշտոնը կվստահվի գործունյա ու համբերատար մարդու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել