«Արփիմեդ» դեղարտադրող ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանի հավաստմամբ, տեղական արտադրանքի էժանությունը որակի հաշվին չէ:
«Մեր ժողովուրդը չի վստահում տեղական արտադրողներին, սակայն տեղական արտադրության դեղերի որակը ոչնչով չի զիջում եվրոպական երկրների արտադրած դեղերի որակին: Չէ որ մենք էլ դեղ ենք արտադրում եվրոպական չափորոշիչներով: Անգլիացին երբեք ֆրանսիական դեղ չի գնի, ամերիկացիների 85%-ը օգտվում է իր երկրի արտադրած դեղերից, գիտե՞ք ինչու, որովհետեւ նրանց համար հեշտ է իրենց երկրի դատական համակարգից օգտվել եւ փոխատուցում ստանալ, եթե, իհարկե, խնդիրներ առաջանան։ Մենք էլ մեր արտադրած դեղերի համար գլխով պատասխանատու ենք»,- այսպես սկսեց մեզ հետ զրույցը «Արփիմեդ» դեղարտադրող ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանը: Նրա խոսքերով, իրենց արտադրանքի վերաբերյալ դժգոհություններ հասել են իրենց. «Չեմ կարող ասել, որ մենք կատարյալ ենք, բայց այդ դժգոհություններն անհիմն են եղել՝ անվստահություն է եղել տեղական արտադրողի նկատմամբ կամ ուղղակի դեղ ներկրողների շահերին ենք բախվել։ Պարզ է, որ եթե հիվանդին տարբեր տեղերից ասեն, որ մեր արտադրածը վատն է, դեղի ազդեցությունն էլ վատը կլինի: Ապացուցված է, որ դեղի ազդեցությունը մոտ 30%-ով ընկնում է, եթե հիվանդը իրեն ներշնչել է, որ այն վատն է։ Այս հարցերը լուծելու համար մենք զգում ենք պետության աջակցությունը: Ես գտնում եմ, որ պետությունը պետք է մարդկանց հուշի, որ չխուսափեն տեղական արտադրության դեղորայք գնել: Որոշ բժիշկների վերաբերմունքն էլ է թերի տեղական արտադրության նկատմամբ, որը նույնպես գալիս է պետությունից։ Մեր դեղերից շատերը մտցրին պետական տենդերների ցանկի մեջ: Նախկինում մի փոքր այլ էր: Ենթադրենք մենք ասպիրին ենք արտադրում 10 հաբով, ինչ-որ մեկն էլ ներկրում է 8 հաբով, մրցույթը հայտարարելիս տեխնիկական պայմաններում գրվում էր, որ 8 հաբ պարունակողն են ցանկանում ձեռք բերել՝ այդպիսով սահմանափակում մտցնելով 10 հաբ արտադրող ընկերությունների հանդեպ: Նոր միայն այս տարի արդեն գրել էին, որ ասպիրինի հաբերի անհրաժեշտ քանակը մատակարարելու համար որ ընկերությունը քանի հատով արտադրում է, այդքանով էլ կարող է մասնակցել։ Հենց սա էլ օգնեց մեզ, որ բավականին մեծ թվով տենդերների մասնակցենք. շուրջ 60 անուն դեղ ենք ներկայացրել, որոնցից 37-ը մասնակցել եւ հաղթող է ճանաչվել»։
Անդրադառնալով այս ոլորտի խնդիրներին, պարոն Ղազարյանը նշեց, որ շատ երկրներում դեղերի մտավոր սեփականության իրավունքը հանել են, բայց այդ դեղերն արտադրող ընկերությունները, օգտվելով մեր երկրի օրենքների անկատարությունից, շարունակում են մեր երկրում դեղեր պատենտավորել սեփականության իրավունքով եւ դրանք բավականին թանկ գնով վաճառել, ինչն էլ հնարավորություն չի տալիս, որպեսզի տեղական արտադրողը նույն դեղերն արտադրի. «Քանի որ այդ դեղերն արտադրելու համար պետք է այդ ընկերություններից արտադրելու իրավունքը գնենք, որը բավականին թանկ է եւ չես էլ կարող այդ ծավալներով արտադրել: Ընդ որում նշեմ, որ դեղերի գների բարձրացումները հիմնականում պայմանավորված են հենց այդ ընկերությունների գործունեությամբ, քանի որ դրանք արդեն մոնոպոլ են տվյալ դեղի շուկայում, իսկ այդ դեղերի ինքնարժեքները տասնապատիկ էժան են։ Հիմա մենք այդ դեղերից մի քանիսն արդեն սկսել ենք արտադրել, բայց կարող ենք ավելի շատ արտադրել։ Մենք ողջամիտ շահույթ ենք հետապնդում, դեղեր ենք ապահովում աղքատ եւ միջին խավի համար։ Շատերին թվում է, թե մեր արտադրանքն անորակ է կամ անորակ ծառայության հաշվին է այդպես էժան, սակայն ոչ, ուղղակի մեր ամբողջ նպատակն է, որ պետությունն ավելի գումարներ չծախսի: Եթե մենք կարող ենք էժանը ունենալ, ինչո՞ւ բավականին թանկը ներկրել։ Մենք չենք ասում, թե մրցակցություն չլինի, թող լինի, քանի որ կան մարդիկ, որոնք ուզում են թանկը գնել»։ Վ. Ղազարյանին մտահոգում էր նաեւ այն, որ դեղ արտադրող ընկերությունը պետք է 5 տեսակ լիցենզիա ունենա, որպեսզի կարողանա մեկ անուն հոգեմետ դեղ արտադրել. «Կարող էին այդ նույն լիցենզիայում ներառել այդ բոլորը: Եթե վերահսկողությունը առանձին կազմակերպություններ իրականացնեն, ապա կարելի էր այդպես։ Շատ անկատար վիճակ է նաեւ դեղերի մասին օրենքում։ Քանի տարի է՝ փորձում են այդ հարցը լուծել եւ այդպես էլ չեն լուծում։ Օրենքն ընդունվել է 1998 թվականին, արդեն 10 տարի է անցել, այն ժամանակ հաշվի չեն առնվել դեղ արտադրողների պահանջները, քանի որ չի եղել արտահանող-արտադրող։ Այն ժամանակ օրենքը համապատասխանել է այն ժամանակվա պահանջներին։ Հիմա պատրաստված նախագիծը բավականին հաջող է, այսինքն՝ մեզ ցույց տված ժամանակ այն հաջող էր, թե վերջնական տարբերակով ինչ կընդունվի՝ դժվար է ասել»։
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ «Արփիմեդ» ընկերության տնօրենն ասաց, որ այս տարի պլանավորում են շուրջ 500 հազար եվրոյի ներդրում անել. «Բերում ենք գերմանական «Ռոտա» ամպուլալիցքավորման հոսքագիծ։ Այն գերժամանակակից է։ «Ռոտան» լցնում է ամպուլայի մեջ, եռակցում է անում, նորից է ստուգում եւ պատրաստի հանձնում է մեզ։ Իսպանական «Տելստար» ընկերությունից բերում ենք ավտոկլավներ։ Հիմա մենք արտադրում ենք շուրջ 120 դեղեր եւ դեղաձեւեր։ Իսկ ամպուլահոսքագիծը տեղադրելուց հետո կավելանա եւս 30-ը։ Արտադրելու ենք այն դեղերից, որոնք հիմա շուկայում միայն մոնոպոլ դիրք ունեցող ընկերություններ են արտադրում, եւ 2-3 անգամ դրանց գները գցելու ենք»։