Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼԸ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ ԳԵՆԵՐԱԼ ԳԾԱՏԵՐԵՐԻՆ

Սեպտեմբեր 24,2009 00:00

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Երեւանի փողոցներով ամեն օր երթեւեկող միկրոավտոբուսների օրական հասույթը կազմում է 270-300 հազար դոլարին համարժեք դրամ, որի չնչին մասն է մտնում բյուջե՝ մոտ 10-12%-ը: Նրանց ասոցիացիայի կողմից արած հարցմանը Պետեկամուտների կոմիտեն պատասխանել է, որ անցյալ տարի ավտոտրանսպորտային գործունեությունից որպես հաստատագրված հարկ վճարվել է 2 միլիարդ 503 միլիոն դրամ: «Մեզ հետաքրքիր էր, թե առանձին-առանձին որ տրանսպորտը որքան հարկ է վճարել պետբյուջե՝ եռամսյակային կտրվածքով, սակայն մեզ ասացին, որ նման հաշվարկ չկա: Չենք կարող ասել, թե ինչքան գումարն է յուրացվում 3200 միկրոավտոբուսների գծատերերի կողմից, քանի որ ոչ մի պետական գերատեսչություն մեզ հստակ պատասխան չի տալիս»,- դժգոհեց պարոն Պողոսյանը: Մեր հարցին, թե ի՞նչ հաշվարկներով են ստացել վերոնշյալ թվերը, նա պատասխանեց. «Մենք վերցրել ենք քաղաքապետարանի 1,5 տարի առաջվա տվյալները եւ համեմատել մեր մոտավոր հաշվարկների հետ: Ամեն մեքենայի համար կան հաստատագրված թվեր, որոնց հիման վրա էլ արվում է մուծումը. բանն այն է, որ այդ հաստատագրված հարկերը չեն արտացոլում իրական շրջանառության թվերը: Մենք հաշվարկել ենք միայն հասույթը, որի մեջ մտնում են նաեւ ընթացիկ ծախսերը, սակայն, միեւնույն է, միկրոավտոբուսներից քիչ հարկ է գոյանում»:

Ա. Պողոսյանը փաստեց, որ երթուղիների սեփականատերերն ընդամենը 5-6 հոգի են, որոնք կամ պատգամավոր են, կամ կառավարությունում են աշխատում, կամ էլ գեներալ են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել