Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների մոտ 60%-ից ավելին չունի միջազգային նորմերին համապատասխան ազատավանդակներ: Երեկ այս մասին լրագրողներին ասաց այգու տնօրեն Սահակ Աբովյանը: Տնօրենի խոսքով, ամենախղճուկ վիճակում մեծ կատուների ազատավանդակներն են եւ առաջիկա վերակառուցման ծրագրի մեջ առաջնահերթ խնդիրներից. «Ամոթալի վիճակում են, այդ վանդակները երեւի կառուցվել են 80-ականներին. նախկինում հաշվի էին առնում կենդանատեսակների քանակը, ոչ թե պայմանները, իսկ հիմիկվա պահանջները ուրիշ են»: Պարոն Աբովյանի խոսքով, իրենք ցանկություն ունեն Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ ներմուծել, բայց միջազգային կազմակերպությունները թույլ չեն տա՝ մինչեւ հարմար պայմաններ չստեղծվեն:
Կենդանաբանական այգու տարեկան ֆինանսավորումը 177 մլն դրամ է: Ս. Աբովյանի հավաստմամբ, տնտեսական ճգնաժամը ոչ մի կերպ չի անդրադարձել այգու վրա եւ ֆինանսավորումն էլ չի կրճատվել. «Կերերի հարցը լրիվ լուծված է, եթե հարմարավետ ազատավանդակներ ստեղծենք, նախատեսել ենք առաջիկայում նոր կենդանատեսակներ ձեռք բերել»: Կենդանաբանական այգին այժմ ունի մոտ 215 տեսականի եւ 2300 գլուխ կենդանի: Ս. Աբովյանի հավաստմամբ, այս տարի կենդանիների թիվը այգում մեծացել է. «Համարյա բոլոր զույգ կենդանիներից ձագեր ստացանք, բացի ամուրյան վագրերից, որ այսքան տարվա մեջ դեռ ձագեր չեն ունենում»: Կենդանաբանական այգու գետաձիու սատկելու մասին պտտվող լուրերը, թե հարմարավետ պայմանների բացակայության պատճառով էր, այգու տնօրենը հերքեց՝ պարզաբանելով, որ ինքնաթունավորման հետեւանք է եղել:
Ս. Աբովյանը նաեւ ասաց, որ նախկինի պես՝ առաջիկայում եւս կշարունակեն համագործակցել տարբեր երկրների կենդանաբանական այգիների հետ՝ կենդանատեսակների փոխանակման ուղղությամբ: Այգու տնօրենը նաեւ վստահեցրեց, որ առաջիկայում այգում նաեւ փիղ կլինի. «Կոնկրետ չեմ կարող ասել երբ, բայց այդ ուղղությամբ բանակցություններ տարվում են, ու անակնկալը կլինի շուտով»:
Նշենք նաեւ, որ սառեցվել է Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, որի շրջանակում նախորդ տարի իրացվել է 57 մլն, իսկ այս տարի՝ ընդամենը 2 մլն դրամ: Ըստ Ս. Աբովյանի՝ ճգնաժամը չի ազդել նաեւ այգու այցելուների քանակի վրա: