Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՀՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԳՆԱՆ ԴՊՐՈՑ

Սեպտեմբեր 24,2009 00:00

«Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում անցկացված Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան եւ Ջերմուկ քաղաքներում կոյուղացանցերի վերանորոգման համար միջազգային մրցույթ էր հայտարարվել: Երեկ կառավարությունը հրավիրած նիստում հաստատել էր մրցույթի ամփոփումը եւ 4 մլրդ 561 մլն եվրո (առանց ԱԱՀ) արժեքով հաղթող ճանաչել «Գրիառ» ՓԲԸ-ի «Դորոժնիկ» ՍՊԸ կոնսորցիումին: Նշենք, որ մեր երկրում «Գրիառը» հայտնի է որպես «տնաքանդ» կազմակերպություն, քանի որ վերջինս Բուզանդի փողոցի բնակիչներին արյան գնով տեղահան անող ու «էլիտար շենքեր» կառուցող առաջին կազմակերպություններից էր: Հիմա էլ թեեւ «Գրիառը» մեր կառավարության կազմակերպած շինարարական տասնյակ ծրագրերի իրականացնողն է հանդես գալիս ու, որպես կանոն, բոլոր այդ կարգի մրցույթներում հաղթող է ճանաչվում, 300 խոշոր հարկատուների ցանկում շինարարական կազմակերպությունների շարքում վերջին տեղերում է:

Երեկվա նիստում կառավարությունը նաեւ որոշում է ընդունել արտգործնախարարության շենքի առաջին հարկում հիմնադրել նոր դիվանագիտական դպրոց։ Այդ դպրոցում պատրաստելու են ապագա դիվանագետներ, վերապատրաստելու են պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաեւ դիվանագիտական այլ կադրեր: Նման դպրոց ստեղծելու պահանջը նախագահ Սերժ Սարգսյանինն է: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ «դպրոցի ստեղծումը թույլ կտա ծրագրված եւ կանոնավոր կերպով կազմակերպել դիվանագետների պատրաստումը եւ վերապատրաստումը, ինչը մեզանում առաջին անգամ է լինելու»: Հաշվի առնելով, որ Երեւանի պետական համալսարանն արդեն ուներ միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, որը պատրաստում էր դիվանագետներ, փաստորեն, կառավարության որոշմամբ՝ այդ ֆակուլտետի ուսանողների սովորածը «հեչ» է լինում: Իսկական դիվանագետ դառնալու եւ աշխատանք ունենալու համար նրանք դեռ պիտի անցնեն արտգործնախարարության դպրոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել