Վերահսկիչ պալատի հերթական ստուգումներով պարզվել է, որ ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող խոշոր խանութներից մեկը՝ «Ջիանին», ամսական ներկրում է ընդամենը 16 գրամ ոսկի:
Երեկ Վերահսկիչ պալատը ներկայացրեց ֆինանսների, սպորտի եւ երիտասարդության, արդարադատության նախարարություններում, ինչպես նաեւ Քաղավիացիայում եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում կատարած ստուգումների արդյունքները: Մինչ տվյալներ ներկայացնելը, ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը գովեց գերատեսչություններին՝ այն բանի համար, որ ստուգման ենթարկվածները շատ արագ են արձագանքել ՎՊ-ի բացահայտումներին, եւ որոշները նույնիսկ 100%-ով վերացրել են խախտումները:
Ստուգումների արդյունքում ՎՊ-ն նաեւ հայտնաբերել է օրենսդրական թերություններ, ինչի պատճառով էլ բազմաթիվ խնդիրներ են առաջանում եւ պետբյուջե միլիոնավոր գումարներ չեն վճարվում: Օրինակ, Հայաստանում ավիաընկերությունները գրանցվում են անվճար, այսինքն՝ ոչ մի պետական տուրք չեն վճարում: Մեզ մոտ գործում է 12 ավիաընկերություն, որոնցից 9-ը գրանցվել են Հայաստանում, բայց թռիչք են իրականացնում դրսում: Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչու է այս առումով տեղական օրենքը թերի, Ի. Զաքարյանը որոշ տվյալներ ներկայացրեց: Եթե այդ ավիաընկերությունները գրանցվեին Արաբական Էմիրություններում, միայն գրանցման համար կվճարեին 382 մլն դրամ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 1,1 մլրդ դրամ, իհարկե՝ իրենց օրենքներով: Այս 9 ավիաընկերությունները 2007-2008 թվականներին չնչին շահութահարկ են վճարել, որոշները նույնիսկ 0-ական են ներկայացրել: Բոլոր հարկատեսակներով հանդերձ, վճարել են ընդամենը 37 մլն 200 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, Քաղավիացիայում հայտնաբերվել է մոտ 11-12 մլն դրամի խախտում. գումարն ամբողջությամբ վերականգնվել է պետբյուջե:
Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարությունում կատարած ստուգումներին, ապա ՎՊ-ն լուրջ խախտումներ է հայտնաբերել խաղատների եւ շահումով ավտոմատ սարքերի լիցենզավորման գործընթացում: Ասենք, նախարարությունից կազմակերպությունը ստանում է լիցենզիա 12 սեղանիկի համար, իսկ հարկայինում ցույց է տալիս, որ աշխատում են ընդամենը 6-ը: Ի. Զաքարյանի ներկայացմամբ. «Պարզել ենք, որ տարբեր կազմակերպություններ ստացել են 102 սեղանիկներ շահագործելու լիցենզիա, սակայն, հարկայինում ցույց է տրվում, որ դրանցից 40-ն է աշխատում: Հարց ենք տալիս՝ այդ դեպքում ինչո՞ւ են հանել 102 լիցենզիա: 1 սեղանիկի հաստատագրված վճարը ամսական 4 մլն դրամ է: Ի՞նչ պիտի անենք, Վերահսկիչ պալատն ու հարկայինը առավոտից իրիկուն չե՞ն գնալու վերահսկեն, թե այդ սեղանիկներից 5-ն են աշխատում, թե՞ ավելին: Այստեղ լրջագույն կոռուպցիոն ռիսկ կա: Շատ հանգիստ կարող են մի ընկերության աշխատակիցները համաձայնության գալ հարկային մարմինների հետ, թաքցնել սեղանիկները եւ հայտարարել, որ 2-3-ն են աշխատում»: Այս առնչությամբ էլ ՎՊ-ն առաջարկել է խստացնել օրենքը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ շահումով խաղերի համար նախատեսված ավտոմատ սարքերն արտադրվում են Հայաստանում, այսինքն՝ կմախքը հավաքվում է այստեղ, իսկ «ուղեղը» բերում են դրսից, սակայն ներկայացնում են, որ դա արտերկրի արտադրանք է: Խնդիրն այն է, որ դրսի սարքերը ստեղծվում են այնպես, որ սարքը խաղացողին է վերադարձնում գումարի 86%-ը, իսկ երբ այն այստեղ են հավաքում, այնպես են ծրագրավորում, որ վերադարձվի գումարի 5-6%-ը:
ՎՊ-ն Պետեկամուտների «աչքից վրիպած» խախտումներ է հայտնաբերել նաեւ թանկարժեք քարերի եւ մետաղների առուվաճառքի ոլորտում: Պարզվում է, որ «Պրիմա գոլդ» ոսկու խանութը 2007-ին, միջին հաշվով, ամսական ներմուծել է ընդամենը 200 գրամ ոսկի, «Մերկուրին»՝ 525 գրամ, «Ջիանին»՝ 16 գրամ, իսկ 2008-ին «Ջիանին» ներմուծում ցույց չի տվել: 2008-ին «Մերկուրին» նվազեցրել է ներկրման ծավալները՝ ամսական 433 գրամ, «Պրիմա գոլդը»՝ 542 գրամ: «Այս թվերն ամեն ինչ ասում են՝ ի՞նչ մեկնաբանեմ: Մեկ հատ լավ հարսանիքի դեպքում խանութներից մեկը մի քանի կիլոգրամ ոսկի կվաճառի»,- ասաց Ի. Զաքարյանը:
Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրում ՎՊ-ն արձանագրել է 26 մլն 334 հազար դրամի ծավալային հավելագրում, որից վերականգնվել է մոտ 25 մլն 300 հազարը։
Լրագրողները պարոն Զաքարյանից հետաքրքրվեցին, թե ինչ փուլում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հայտնաբերած խախտումների շտկումը, ինչին ի պատասխան՝ ՎՊ-ի նախագահն ասաց, որ ՀԾԿՀ-ն ոչ թե 444 մլն դրամ է յուրացրել, ինչպես ներկայացվել է մամուլում, այլ դա եղել է թերհավաքված գումար, որից 350 միլիոնն արդեն վերադարձվել է պետբյուջե: