Հայաստանն ու Թուրքիան վավերացրել են ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը, կոնվենցիան միակ միջազգային իրավական փաստաթուղթն է, որը կարգավորում է ցեղասպանությանը վերաբերող հարցերը:
«Եթե որեւիցե երկիր վավերացնում է կոնվենցիան, դա նշանակում է, որ այն ընդունում է դա: Թուրքիան, վավերացնելով ՄԱԿ-ի կոնվենցիան, ընդունում է Հայոց ցեղասպանությունը»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ նշել է Սարգիս Գրիգորյանը:
Միեւնույն ժամանակ, Գրիգորյանը նաեւ հավելել է, որ կոնվենցիայի մշակող Ռաֆայել Լեմկինն իր հաշվետվությունում հստակ գրել է, որ ցեղասպանություն հասկացությունը կոնվենցիայում ձեւավորվել է Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության հիման վրա:
Հավելենք, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտել 1951թ. հունվարի 12-ին: