Դաշնակցությանը մեղադրում է Արման Մուսինյանը
Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հակադարձել է ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե՝ ՀՀ առաջին նախագահը հասկանում է տեղի ունեցող գործընթացների վտանգավորությունը ու սպասում է, թե երբ է Սերժ Սարգսյանը ձախողվելու, որ ինքը դառնա ազգի «պապան»:
«Այս գործընթացների վտանգավորության մասին ՀԱԿ-ը խոսում է անցած տարվանից, մինչդեռ նույն Դաշնակցությունը ամբողջ մեկ տարի գործընթացին տեղյակ լինելով՝ ոչինչ չարեց, եւ միայն, երբ այդ փաստաթղթերը ջրի երես դուրս եկան, նրան այլ բան չմնաց անելու, քան՝ փրկել դեմքը։ Դաշնակցությունը ամբողջ մեկ տարի մատը մատին չխփեց, իսկ ՀԱԿ-ը ամբողջ մեկ տարի խոսում էր այն վտանգների մասին, որոնք կախված են ե՛ւ Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության, ե՛ւ Հայաստանի գլխին, որոնք կապված են հայ-թուրքական հարաբերությունների հարցի հետ»,- հայտարարել է Մուսինյանը։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի կողմից ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելուն, ապա Կոնգրեսի ներկայացուցիչն ասել է, որ երբ երկրի արտաքին քաղաքականությունը վարում է ՀՀ նախագահը, մանկամտություն է արտգործնախարարի հրաժարականը պահանջելը. «Ստացվում է Դաշնակցության՝ «դեմ ըլլալով, կողմ ենք» մոտեցումը»։ Մուսինյանը վկայակոչելով Հայաստանում սպասվող եւ հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող լուրջ զարգացումները՝ հասարակական լուրջ տեղաշարժեր է կանխատեսել, որտեղ, նրա ասելով, Կոնգրեսն ունենալու է շատ ակտիվ դերակատարություն: Նա ոչ միայն չի բացառել երկրում արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այլեւ դրանք հավանական է համարել: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ին նախատեսված խորհրդարանական լսումներին, որոնք նվիրված են լինելու հայ-թուրքական Արձանագրություններին, ապա Մուսինյանը հայտարարել է, որ Կոնգրեսը դրանց չի մասնակցելու, որովհետեւ «լսումներն իմիտացիոն բնույթ են կրելու», իսկ ԱԺ-ն էլ, նրա կարծիքով, ոչ քաղաքական եւ Սերժ Սարգսյանի կրնկի տակ գտնվող մարմին է, ուստի՝ կատարելու է այն հրահանգը, որը կիջեցվի Բաղրամյան 26-ից: