Այս տպավորությունը ստացանք կողմերի հետ զրույցներից՝ «Ժառանգության» հետ կապված «իրավիճակը հարթելու» վերաբերյալ կուսակցության հիմնադրի առաջարկի առնչությամբ:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով «Ժառանգությանն» առնչվող զարգացումներին՝ այս կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր. «Ինձ համար անընդունելի է ստեղծված այն իրավիճակը, որ մարդիկ, ովքեր պայքարել են հանուն հայրենակիցների քաղաքացիական իրավունքների, Արցախի ճանաչման, Ցեղասպանության եւ Հայրենասպանության միջազգային ճանաչման՝ այսօր հանդես են գալիս հայկական քաղաքական միջավայրին վաղուց ընտել կամ մանր անձնական շահախնդրություններին բնորոշ ամենատարբեր մեկնություններով: Ես կարծում եմ, որ «Ժառանգությունը»՝ որպես առաջատար ուժերից մեկը, կգտնի այս իրավիճակը հարթելու ձեւը: Բայց եթե մինչեւ այս ամսվա վերջը դա չանի, ես ինքս կլուծեմ խնդիրը»:
Այս հայտարարությունն ապացույց է, որ իրականությանը չէին համապատասխանում «Ժառանգությունից» հեռացված անդամների պնդումները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով վարչությանը հայտնել էր, որ դուրս է գալիս կուսակցությունից, հրաժարվում այլեւս քաղաքականությամբ զբաղվել եւ այլն: Եվ ի դեպ, «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամների ելույթները, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ նրանց նախաձեռնություններն ապացույց են, որ բացարձակ հանիրավի էին նրանց նախկին գործընկերների մեղադրանքները, թե կուսակցության քաղաքական գիծը փոխվելու է՝ դառնալու է իշխանամետ:
Այսուհանդերձ՝ փորձեցինք պարզել, թե ինչպես կարող է իրականացվել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը՝ իրավիճակը հարթելու վերաբերյալ: Արդյոք դրա համար մեխանիզմներ նախատեսվա՞ծ են «Ժառանգության» կանոնադրությամբ. ասենք, վարչությունը կարո՞ղ է չեղյալ համարել սեպտեմբերի 9-ի իր աղմկահարույց որոշումը: Մեր այս հարցերին ի պատասխան՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Կարծում եմ, իրավիճակն արդեն հարթված է եւ որեւէ մեխանիզմ պետք չէ: Կուսակցությունը շարունակում է իր նորմալ գործունեությունը: «Ժառանգության» վարչության որոշումը վերջնական է, ու չեմ կարծում, թե այստեղ որեւէ մեկնաբանության խնդիր կա: Այդ մարդիկ արդեն հեռացված են կուսակցությունից: Եվ կարծում եմ՝ կարիքը չունեմ պրն Հովհաննիսյանի ասածները մեկնաբանելու, քանի որ արդեն իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարված է ասուլիս, եւ այդտեղ հենց ինքը մանրամասն կպարզաբանի, թե ինչ նկատի ուներ այդ ասելով, քանի որ տեսնում ենք, որ տարբեր մեկնաբանություններ են լինում պրն Հովհաննիսյանի ասածների եւ գրածների վերաբերյալ»: Եվ հարցին ի պատասխան, թե արդյոք իր այս ասածները նշանակո՞ւմ են, որ «Ժառանգությունը» որեւէ քայլ մինչեւ հոկտեմբերի 1-ը չի ձեռնարկի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրած խնդիրը լուծելու ուղղությամբ՝ Արմեն Մարտիրոսյանը դարձյալ պնդեց. «Մենք կարծում ենք, որ այդ խնդիրները լուծել ենք, եւ այդ առումով իսկապես որեւէ հակասություն չկա իմ եւ պրն Հովհաննիսյանի ասածների միջեւ»:
«Ժառանգության» հիմնադրի առաջադրած խնդրի կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ կուսակցության վարչության նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանից, որը սեպտեմբերի 9-ին հեռացվեց «Ժառանգությունից»: Նա սեփական պատկերացումները շարադրեց, թե ինչպես է հնարավոր հարթել իրավիճակը կուսակցությունում. «Այդ խնդրի հանգուցալուծման ճանապարհի որոնման նպատակով ես դիմել էի Րաֆֆի Հովհաննիսյանին դեռեւս մայիսի 29-ին: Հատուկ անձնական նամակ էի գրել ու խնդրել, որ նա վերադառնա եւ տիրություն անի այս իրավիճակին: Այս կապակցությամբ հանդիպում եղավ հուլիսի 1-ին, եւ այն ժամանակ նույնպես չհանգուցալուծվեց խնդիրը: Խնդիրը չհանգուցալուծվեց անգամ այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին նոր նամակով ու նախաձեռնությամբ հանդես եկա վարչության առջեւ: Ավելի՛ն՝ դեռ հունիսի 4-ին վարչությանն առաջարկություն էի տվել կուսակցական շինարարության տարբեր հարցերի վերաբերյալ: Ավա՜ղ, այդ բոլոր առաջարկները չքննարկվեցին վարչության նիստում ու ոչ մի ցանկություն չեղավ որոշում կայացնելու: Ուզում եմ ասել, որ մտահոգություններ արտահայտել եմ նախկինում ու փորձել դրանք լուծել կուսակցության ներսում՝ նորմալ, ժողովրդավարական սկզբունքներով. այն, ինչը եղել է «Ժառանգության» կերպը: Իսկ այս պարագայում՝ ես չեմ տեսնում հանգուցալուծման մի իրավիճակ, երբ իշխանությունը բռնազավթվել է կեղծարար մարդկանցով, որոնք իրենց պատիժը չեն կրել, հանիրավի վարկաբեկել են ազնվագույն 3 մարդկանց, կուսակցությունից հեռացրել 6 հոգու: Ավելի՛ն, ահաբեկել են ինձ՝ մանդատը չվերցնելու պահանջով (հիշեցնենք, որ ըստ նրա՝ նման սպառնալիք հնչեցրել էր Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականը: «Ժառանգությունից» չեն ցանկացել մեկնաբանել Մովսես Արիստակեսյանի այս պնդումները.- Ա. Ի.): Իսկ հիմա հանգուցալուծո՞ւմ պետք է լինի, մանանեխ տրվի՝ ճաշից հետո՞: Հանգուցալուծումը շո՛ւտ պիտի լիներ՝ այս գործողություններից առաջ:
Բայց եթե իրոք պրն Հովհաննիսյանն այդքա՜ն շահագրգռված է եւ ցանկանում է, որ իրավիճակը հարթվի, ապա առաջարկում եմ միակ տարբերակը: Ապօրինի եւ չեղյալ պիտի համարվեն այդ բոլոր որոշումները եւ այդ մասին ազդարարվեն նույն կարգով, լրատվամիջոցներով, ինչպես եղավ այս ամբողջ ընթացքում: Կուսակցության վարչությունում կամ ավելի ճիշտ է՝ խորհրդում պիտի քննարկվի իրավիճակը եւ արժանի պատիժ ստանան կեղծարարները՝ հեռացվեն կուսակցությունից: Այդ թվում՝ Արմեն Մարտիրոսյանը պիտի հեռացվի «Ժառանգության» ընտրացուցակից, քանի որ նա կեղծիքով է ներառվել ցուցակում, եւ կեղծիքներ թույլ տվել: Եվ վերջին միջոցառումը՝ կուսակցության մեջ պառակտիչ գործունեություն ծավալելու, մարդկանց զրպարտելու համար՝ տարբեր մեղքերի մեջ, կուսակցությունից պիտի հեռացվի Հովսեփ Խուրշուդյանը: Ահա այս ամենն իրականացնելու դեպքում, կարծում եմ, կլինի իրավիճակի հանգուցալուծում»:
Հ. Գ. Ժամանակին, երբ «Առավոտը» քննադատում էր ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի գործունեությունը՝ այսօր նրան կուսակցությունից հեռացրածները պաշտպանում էին նրան: Այդ մասին մանրամասն՝ վաղվա համարում: