Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, որը ծագումով կիսով չափ հայ էր՝ երեկ ԱԳՆ-ի դիմաց հացադուլավորների վերաբերյալ իր նկատառումներն էր հայտնում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, թե որպեսզի ցույց տան, որ կամաց-կամաց թուրքերով ենք շրջապատվելու, բացասական հակազդեցություն առաջացնելու համար՝ լավ կլիներ, եթե հացադուլավորները նստեին թուրքական ֆեսերով: Ընդ որում՝ պատրաստ էր նաեւ հոգալ այդ ֆեսերը ձեռք բերելու ծախսերը: Հրանտ Մարգարյանը ծիծաղեց՝ այդ առաջարկին ի պատասխան: Իրոք որ՝ դժվար էր այլ արձագանք ակնկալել, պատկերացնելով 24 դաշնակցականների թուրքական ֆեսերով:
ՀՅԴ այս ակցիաների առնչությամբ նման դեպքեր շատ են լինում: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նախօրեին պատմում էր, թե իրենց նաեւ ուտելիք են բերում. «Բարեբախտաբար՝ նստացույցին», փորձում են փողով օգնել: Տեղեկացանք, որ սեպտեմբերի 22-ին մի տաքսու վարորդ Վահան Հովհաննիսյանից փող չի վերցրել՝ ասելով, թե թող սա էլ իր լուման լինի:
Հացադուլի երեկվա պատասխանատուն՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Քաղաքացիների արձագանքը սպասվածից ավելի ջերմ է: Բացի այն, որ հերթեր են առաջանում ստորագրահավաքին միանալու համար՝ բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, երբ մարդիկ փորձում են բացի ստորագրելուց՝ նաեւ ինչ-որ հարցերով օգտակար լինել, աջակցություն են հայտնում, հարցնում, թե ինչի կարիք ունենք»: Նաեւ պատմեց, որ պարբերաբար հացադուլի մասնակիցների առջեւ է հայտնվում մի տատիկ ու կանչում՝ «Տաք-տաք պեռաշկի՜, բուլկինե՜ր»:
Այս ընթացքում հացադուլավորների արդեն 4 հերթափոխ է փոխվել՝ հացադուլ են արել նաեւ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը, ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը եւ այլք: «Բոլորն էլ նստելու են»,- ակամա կատակեց դաշնակցականներից մեկը:
Հ. Գ. Ի դեպ, Լենինի արձանի տեղում էլ է ՀՅԴ-ն ստորագրահավաք անցկացնում, եւ այստեղ նաեւ նկարներ են ցուցադրված: Ծաղրանկարներից մեկում պատկերված է մի հղի կին, որին տղամարդը հարցնում է. «Պատմաբաններու կողմէ փաստաթուղթ ունի՞ս յղութեանդ համար»: