ԱԱԾ-ն արձագանքում է Երջանիկ Աբգարյանի հարցազրույցին
Ս.թ. սեպտեմբերի 23-ին «Առավոտ» օրաթերթը մեջբերել է ՀԱԿ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանի խոսքերը, ըստ որոնց՝ լարված են հայ-վրացական հարաբերությունները, որ հայ-վրացական սահմանի հստակեցման խնդիրը սպառնում է վերածվել միջպետական հարցի, որովհետեւ վրացի սահմանապահները «զավթել» են Հայաստանի տարածքի մի հատված, իսկ Հայաստանը պարզ չէ՝ «սահմանապահ ունի՞, թե՞ չունի»։ Ցավով նշում ենք, որ հեղինակություն վայելող «Առավոտ» թերթին հարցազրույց տված Ե. Աբգարյանն առանց խորամուխ լինելու այսպիսի նուրբ հարցի իսկության մեջ, չճշտելով ներկայացված տվյալները՝ չի վարանել վիրավորել հայ սահմանապահներին եւ միայն նյութի վերնագրով իսկ՝ կասկածի տակ առել հայ սահմանապահների օրնիբուն, քրտնաջան ծառայությունը։
Խնդրահարույց նյութում ներկայացված տվյալների շուրջ հարկ ենք համարում տալ որոշ պարզաբանումներ։
Այն պնդումը, որ վրացիները զավթել են Հայաստանի 85 հա տարածքը, չի համապատասխանում իրականությանը։ Ե. Աբգարյանի հայտարարությունը պարզապես զրպարտանք է։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի եւ Վրաստանի վարչական սահմանը մինչ օրս մնացել է անփոփոխ։ Այնպես որ՝ հողատարածքների զավթման մասին հայտարարությունները զավեշտալի են։ Ինչ վերաբերում է նյութում հիշատակված խրամատներին, ապա դրանք փորվել են 10-12 տարի առաջ, միայն մի քանի հատվածներում՝ առավելապես սահմանամերձ ճանապարհներին, եւ նպատակ են ունեցել խափանել մաքսանենգության ուղիները։ Ներկայումս էլ դրանք գտնվում են մեր սահմանահատվածի թիկունքում եւ սահմանագծի, նրա պահպանության հետ ոչ մի առնչություն չունեն։
Հրապարակման մեջ կա նաեւ անդրադարձ հայ-վրացական սահմանի հստակեցման հարցին, ուր Երջանիկ Աբգարյանը հայտարարել է, թե 1998-ին այդ հարցի կարեւորության մասին բարձրաձայնել է խորհրդարանում։
Տեղեկացնենք, որ 1995 թ. Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կառավարական պատվիրակությունների ստորագրած արձանագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով։ 1996 թ. արդեն ստեղծված հանձնաժողովն ընդհանուր առմամբ, առայսօր, նախնական համաձայնեցրել է հայ-վրացական սահմանի 160 կմ հատվածը։ Հանձնաժողովի աշխատանքներում անհամաձայնություն է առաջացել սահմանի 105 կմ հատվածում։ Պետական սահմանի հայ-վրացական տեղամասի սահմանագիծը իրավաբանական ուժ ձեռք կբերի միայն հանձնաժողովի աշխատանքների ավարտից եւ երկու պետությունների օրենսդիր իշխանությունների, բարձրագույն մարմինների կողմից վավերացվելուց հետո։
Վերջում նշենք նաեւ, որ թերթում տպագրված նկարում պատկերվածը վրաց-ադրբեջանական սահմանի անցակետն է եւ դարձյալ ոչ մի կապ չունի հայ սահմանապահների հետ։ Նման անճշտություններից խուսափելու համար թերեւս հարկ է, որ խմբագրությունն այդպիսի խնդրահարույց նյութեր հրապարակելուց առաջ խորհրդակցի կամ հաշվի առնի իրավասու մարմինների կարծիքը։