Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՇԱՀ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Սեպտեմբեր 24,2009 00:00

\"\"ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում չհավատալ թուրքական եւ ադրբեջանական քարոզչությանը

ՀՀԿ խմբակցության քարտուղար, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից «Առավոտը» հետաքրքրվեց՝ նախաստորագրված արձանագրությունները կստորագրվեն իրենց նախնակա՞ն տեսքով, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանը դրանցում կառաջարկի իր փոփոխությունները: Եթե դրանցում ոչինչ չի փոխվելու, չի՞ նշանակում, որ բոլոր քննարկումները եւ լսումները զուտ ձեւական բնույթ են կրելու:

Պարոն Շարմազանովը մեզ հետ համակարծիք չէր եւ հայտարարեց. «Բնականաբար, եւ քննարկումները, եւ լսումները, որ պետք է տեղի ունենան հոկտեմբերի 1-ին, ձեւական չեն կարող լինել, դրանք քաղաքական քննարկումներ են, եւ քաղաքական ուժերը իրավունք ունեն արտահայտել իրենց դիրքորոշումը, ներկայացնել իրենց առարկությունները: Ես ծանոթ եմ Դաշնակցության մեր գործընկերների առաջարկություններին: Օրինակ, նրանք առաջարկում են արձանագրության մեջ ներառել «առանց նախապայմանների» բառերը: Սակայն ինքս համաձայն չեմ դրան, քանի որ մի բան եթե գոյություն չունի, ուրեմն գոյություն չունի, էլ ի՞նչ կարիք կա գրել, որ տվյալ բանը գոյություն չունի: Որեւէ նախապայման սեւով սպիտակի վրա գրված չէ, իսկ իրավական տեսանկյունից եթե մի բան գրված չէ, ուրեմն գոյություն չունի: Մյուս կողմից, վաղուց ժամանակն է, որ մենք սովորենք վստահել մեր երկրի իշխանություններին եւ ոչ թե թուրք-ադրբեջանական կեղծ պրոպագանդային, իսկ մեր երկրի նախագահը բազմիցս տարբեր առիթներով նշել է եւ նշել է շատ հստակ, որ մեզ համար որեւէ նախապայման ընդունելի չի, եւ մենք առաջ կշարժվենք միայն այն դեպքում, երբ չեն լինի նախապայմաններ: Եվս մեկ անգամ երեւի հարկ կա շեշտել, որ եթե կա որոշակի փաստաթուղթ, նշանակում է՝ երկու կողմերն արդեն համաձայնության եկել են»:

Ընդդիմության վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահը զգուշացրեց, որ Ղարաբաղի հարցում այսօրվա իշխանությունները հասել են բավականին վտանգավոր կետի: Լեւոն Տեր-Պետրոսյանի այս մտավախությունը պարոն Շարմազանովը չի կիսում. «Պաշտոնաթող նախագահ Տեր-Պետրոսյանը, երկրորդ անգամ մտնելով քաղաքականություն, արդեն երկու տարի խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին, ասում է, որ ինչ-որ փաստաթղթեր պետք է ստորագրվեն, որ Ղարաբաղը պետք է հանձնվի եւ այլն: Բայց եւ ինքը, եւ ուրիշները շատ պարզ տեսնում են, որ նման բան չկա: Իրականում իր այս կարգի հայտարարություններով նա ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ փորձում է մարդկանց գրավել զգացմունքային դաշտում՝ էլեկտորատ պահելու նպատակով, որովհետեւ շատ լավ գիտակցում է, որ իր էլեկտորատը պակասում է: Ինձ համար շատ զարմանալի է, որ նախկին նախագահն այսօր շահարկում է այն հարցերը, որոնք իր իշխանության օրոք ուրիշ շահարկողներին ինքը շատ հստակ գնահատականներ էր տալիս: Իսկ այսօր ինքն է հայտնվել շահարկողների շարքում: Մեկ օրինակ միայն. նա խոսում է ցեղասպանության ուրացման մասին, այն դեպքում, երբ ինքն էլ շատ լավ գիտի, որ իշխանությունների համար ցեղասպանության առարկան երբեք չի եղել եւ չի լինելու սակարկման առարկա: Եվ այդ մասին շատ հստակ խոսեց նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ ուղղակի զարմանալի է, որ այսօր ցեղասպանության թեմայից խոսում է մի մարդ, որը, ըստ մամուլի հրապարակումների, 90 թվականին դեմ է քվեարկել ցեղասպանության խնդրի հարցը ներառելու Հայաստանի անկախության հռչակագրում: Եվ նրա իշխանության տարիներին ցեղասպանության ճանաչման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում չի էլ եղել: Հիմա ո՞վ է շահարկում: Կարծում եմ, որեւէ մեկին պատիվ չի բերում շահարկել այս խնդիրը»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք նախաստորագրված արձանագրությունները կստորագրվեն նախատեսված ժամկետո՞ւմ, որը հոկտեմբերի կեսերին է, եւ դրանից հետո նախագահը կգնա՞ Թուրքիա: Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Թուրքիա գնալ-չգնալու մասին իր դիրքորոշումը Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է եւ այն չի փոխվել. «Եթե սահմանները բացվեն, եթե մենք մոտ լինենք դրանց բացմանը եւ Հայաստանի ապաշրջափակմանը, ապա նախագահը կգնա, իսկ եթե ոչ, ապա՝ ոչ»: Արձանագրությունների վավերացման մասով ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց. «Կարծում եմ, այստեղ քաղաքական որոշման խնդիր կա: Եթե կողմերը ունեն քաղաքական կամք եւ քաղաքական որոշում կայացնեն՝ իրենց գործունեությունը բխեցնելով այս արձանագրությունների ոգուց, ապա պետք է որ ամեն ինչ նորմալ լինի: Եթե ոչ, ապա այն կողմը, որը պայմանավորվածություններից ետ կկանգնի, կունենա նաեւ լուրջ խնդիրներ միջազգային հանրության հետ: Ի վերջո, այս ամենից շահելու են ոչ միայն Հայաստանը եւ Թուրքիան, այլեւ շահելու է տարածաշրջանը, սա ոչ թե միակողմանի, այլ բազմակողմանի շահ է հետապնդում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել