Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ՝ Dominatus

Սեպտեմբեր 23,2009 00:00

Դասական երաժշտությունը հայ արվեստասերին այսուհետեւ նորովի կներկայացնի Dominatus նորաստեղծ նվագախումբը: Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա նվագախմբի անդրանիկ համերգը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեցին Հայաստանի երգչախմբային ընկերակցության (ՀԵԸ) նախագահ Դավիթ Ղազարյանը եւ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Նատալի Գալստյանը: Համերգին, օտարերկրյա անվանի կոմպոզիտորների գործերից բացի, կհնչեն նաեւ Կոմիտասի ստեղծագործություններից:

Ն. Գալստյանի խոսքով, օտարազգի կոմպոզիտորների շարքում Կոմիտասին ընդգրկելը հատուկ նպատակ է հետապնդում. «Կարծես ակունքներից ենք գալիս եւ փորձում ենք Կոմիտասով մոտենալ 20-րդ դարի երաժիշտներին»: Ն. Գալստյանի վստահեցմամբ, նվագախումբը առանձնահատուկ է լինելու, ամեն ինչ սկսել են հենց անվան ընտրությունից: «Դոմինատուսը» լատիներեն բառ է եւ ունի արքայություն նշանակությունը, այն 4-6 դդ. ղեկավարման ձեւ էր Հին Հռոմում»,- բացատրեց Ն. Գալստյանը: Նվագախմբում հանդես կգան 15 երաժիշտ, 14-ն էլ երգիչներն են լինելու: ՀԵԸ-ի նախագահի խոսքով էլ, «Նվագախումբն իր տեսակի մեջ առանձնահատուկ է այն իմաստով, որ բավական չէ՝ իր շուրջ համախմբել է երիտասարդ երաժիշտների, դրանք մի դեպքում Կամերայինի լարային կազմն է, մյուս դեպքում՝ երգչախումբը, եւ այս երկու կոլեկտիվների համաձուլվածքը մի ամբողջություն է կազմում»: Ն. Գալստյանը նաեւ ասաց, թե կցանկանար, որ մեր կոմպոզիտորները լսեին իրենց կատարումները. «Եվ միայն խոսքով չասեի, թե ինչ է մեր նպատակը»: ՀԵԸ-ի նախագահն էլ հույս հայտնեց, որ առաջիկա համերգից հետո նվագախմբով կհետաքրքրվեն ժամանակակից կոմպոզիտորները եւ հանդես կգան նվագախմբի համար ստեղծագործություններ գրելու առաջարկություններով, եւ դա կլինի ի շահ բոլորի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել