Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհեռանկար «լեգեոն»

Սեպտեմբեր 23,2009 00:00

Հին Հռոմում լեգեոներներ էին անվանում կայսերական կանոնավոր բանակի զինվորներին, ֆրանսիական բանակում գոյություն ուներ «արտասահմանյան լեգեոն» հասկացությունը:

Ֆուտբոլային աշխարհը 20-դարի կեսերին հենց այս երկու զորանվանումների ավանդույթներից է փոխառել «լեգեոներ» հասկացությունը, որն արտացոլում է ֆուտբոլիստների միանգամայն տարբեր երեք կարգավիճակներ: Այսօր լեգեոներներ են կոչվում թե արտասահմանցի ֆուտբոլիստները՝ որեւէ երկրի ազգային առաջնությունում, թե ազգային հավաքականի այն ֆուտբոլիստները, որոնք նախկինում «արտասահմանցի» են եղել, եւ թե ազգային հավաքականի այն խաղացողները, որոնք ակումբային մակարդակով հանդես են գալիս հայրենիքից դուրս:

Բնականաբար, միջազգային ֆուտբոլի ավանդույթներին ձգտող Հայաստանը բոլոր երեք խմբերի ներկայացուցիչներն ունի. հայկական ակումբների գերակշռող մեծամասնությունն օգտվում է արտասահմանցի ֆուտբոլիստների ծառայություններից: Նրանցից ոմանք ժամանակի ընթացքում փորձում են մեր ազգային հավաքականի մարզաշապիկը, ինչպես, ասենք, արգենտինացի Խոսե Անդրե Բիլիբիոն, ռումինացի Տուդոր Մարիան Զեչուն կամ արդեն այսօր՝ բրազիլացի Մարկոսը: Լեգեոներների այս «տեսակի» հետ մեկտեղ, մեր ազգային թիմում հանդես են գալիս նաեւ երրորդ խմբի ներկայացուցիչները՝ արտասահմանյան թիմերի հայազգի ֆուտբոլիստները, որոնց մասին էլ այսօր կխոսենք:

Մեր կարգի ֆուտբոլային երկրներում հավաքականի այն ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում, կազմում են ազգային թիմի կորիզը եւ առավել անվանի են, ենթադրվում է նաեւ՝ առավել ուժեղ: Սակայն այս ամենը մասամբ է վերաբերում Հայաստանին: Իսկ թե ինչո՞ւ: Քննարկենք միասին:

Այս թեմային անդրադառնալ ստիպեց մեր ազգային թիմի վերջին երկու հանդիպումների հետ կապված երկու իրադարձություն: Խոսքը վերաբերում է, նախեւառաջ, դրանցից մեկի ժամանակ հանդիպումը լուսաբանող մեկնաբանի արտահայտությանը, թե «խաղային փորձի պակասը Ռոբերտ Արզումանյանը լրացնում է ազգային հավաքականում», ինչպես նաեւ բելգիացիների հետ հանդիպման առաջին գոլի հեղինակ, բելառուսական «ԲԱՏԷ»-ում հանդես եկող հարձակվող Հովհաննես Գոհարյանի ուրախությունը՝ վերջին երեք ամիսների ընթացքում պաշտոնական խաղերում խփած իր առաջին գնդակի կապակցությամբ: Ցավոք, մեր ազգային թիմի պարագայում վերջին տարիներին ֆուտբոլային այս նոնսենսը ավանդույթի վերաճելու միտում ունի. ոչ Արզումանյանն է իր տեսակի մեջ եզակի, եւ ոչ էլ Գոհարյանի գոլազրկության «ֆենոմենը»:

Վարդան Մինասյանը սեպտեմբերյան վերջին հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկել էր յոթ լեգեոների, որոնցից կայուն խաղային փորձ ունեին միայն չորսը: Սա դեռ բավական չէ. հավաքին միացավ նաեւ ութերորդ լեգեոները՝ խաղային պրակտիկայից զուրկ, առանց թիմի մնացած Լեւոն Պաչաջյանը: Ասել է թե, հավաքականի մարզիչների սելեկցիոն գործառույթը, մեղմ ասած, կաղում է: Ակնհայտ է նաեւ, որ մեր կարգի հավաքականներում միայն երկրի ներսում որոշակի ճանաչում ունեցող ֆուտբոլիստները, արտերկրում խաղային պրակտիկայից զուրկ լինելով, ի զօրու չեն խաղադաշտում լուծել իրենց առջեւ դրված խնդիրները եւ վաղ թե ուշ դուրս են մնում երկրի գլխավոր թիմից: Այդպես եղավ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած Էդգար Մանուչարյանի հետ, որն արդեն 20 տարեկանում հասցրել էր հանդես գալ Հայաստանի բոլոր տարիքային խմբերի հավաքականներում: Մեկնելով Ամստերդամի «Այաքս»՝ նա տարիների ընթացքում զրկվեց հավաքականի մարզաշապիկը կրելու պատվից, ապա նաեւ՝ «երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստի կարգավիճակից»՝ վերածվելով արտասահմանյան «Ճ» կլասի ակումբում գրանցված հերթական հայ գործազուրկ ֆուտբոլիստի: Եվ այս ամենը՝ չորս տարի «Այաքսում» աննպատակ պահեստայինների նստարանները մաշելուց հետո: Կարծես թե նույն սխալներն են գործում նաեւ այսօրվա երիտասարդ, բայց արդեն «խամրող աստղերը»՝ Արզումանյան, Գոհարյան, Առաքելյան: Փոխարենը, 37 տարեկանում հավաքականի կազմում փոքրիշատե կայուն ելույթներ ունեցող Սարգիս Հովսեփյանի այսօրվա հաջողության գրավականն այն է, որ նա իր լավագույն տարիներին հանդես գալով ռուսական պրեմիեր-լիգայի ակումբներում, ճիշտ կռահեց Հայաստանի առաջնություն վերադառնալու ժամանակը:

Բերված օրինակները փաստում են, որ հայկական ֆուտբոլի ու ֆուտբոլիստների մակարդակը դեռեւս համարժեք չէ վերջիններիս ամբիցիաներին եւ հաճախ գործում է ոչ թե հօգուտ, այլ՝ ի վնաս: Ցավոք, Քալաձեներ ու Շեւչենկոներ մեր ֆուտբոլը դեռ ի զորու չէ տալ աշխարհին: Հետեւաբար, պետք է այլընտրանքային ճանապարհ գծել, «տաղանդավոր ու հեռանկարային» ֆուտբոլիստներին չկորցնելու համար՝ շեշտը դնելով մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել