Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկնարկն անհաջող է

Սեպտեմբեր 23,2009 00:00

Դանիայի Հերնինգ քաղաքում մեկնարկած սիրողական ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանի ազատ ոճայիններն անհաջող են մեկնարկել:

Մրցումների առաջին օրը գորգ մտած մեր երեք ըմբիշներից լավագույն արդյունք ունեցավ ընդամենը երկու հաղթանակ տոնած՝ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որը 1/16 եզրափակիչում պարտության մատնեց գերմանացի Թիմ Շլեյչերին, այնուհետեւ առավելության հասավ իսպանացի Ֆրանսիսկո Սանչեսի նկատմամբ եւ քառորդ եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Լեբեդեւին: Արդյունքում՝ Միհրան Ջաբուրյանն այս քաշային կարգում հանդես եկող 32 ըմբիշների պայքարում զբաղեցրեց 8-րդ տեղը:

Անսպասելի վատ հանդես եկան մեր Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) եւ Էդգար Ենոքյանը (96կգ): Ժիրայրը, որ մեկնարկային փուլում ազատ էր պայքարից, 1/8-ում իր առաջին իսկ գոտեմարտը տանուլ տվեց ճապոնացի մրցակցին եւ վերածվեց հանդիսականի՝ այս քաշային կարգի ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 34 հոգու մեջ հանգրվանելով 29-րդ տեղում: Իսկ Հրանտն ի վիճակի եղավ տանել մեկ հաղթանակ՝ ղազախ ըմբիշի նկատմամբ, ու քառորդ եզրափակչի ճանապարհին տանուլ տվեց Բելառուսի ներկայացուցիչ Ռուսլան Շեյկոյին: Նա պայքարն ավարտեց 10-րդ տեղում (29 մասնակցի մեջ):

Երեկ երեկոյան, ըստ աշխարհի առաջնության խաղացանկի, պայքարի մեջ ներգրավվելու էին 60, 84 եւ 120 կգ քաշայինները: Մեր հանրապետությունը, համապատասխանաբար, ներկայացնում էին Արթուր Առաքելյանը, Հարություն Ենոքյանը եւ Ռուսլան Բասիեւը: Իսկ մեր վերջին մասնակիցը՝ 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը պայքարի մեջ ներգրավվելու է այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել