Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԵՎԵԼՔԻ ՆԿԱՐԻՉԸ

Սեպտեմբեր 23,2009 00:00

Գեղանկարիչ Էդվարդ Սասունի ինքնատիպ գույները

\"\"Օրերս «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարիչ Էդվարդ Սասունի (Ավագյան) անհատական ցուցահանդեսը: Թալինի շրջանի Շղարշիկ գյուղում ծնված նկարիչը երկար տարիներ ապրել է արտերկրում, բայց, ինչպես նշեց «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանը, նկարիչն իր արվեստով միշտ պահպանել է հայի ոգին: Արվեստաբան Շուշան Ռշտունու բնորոշմամբ. «Սասունի բոլոր գործերում մարդն ու բնությունը ապրում են ներդաշնակության մեջ»: Ցուցահանդեսի բացմանը ներկա նկարիչ Հակոբ Հակոբյանը «Առավոտին» ասաց. «Ինչպես ամեն լավ նկարիչ, Սասունն էլ ունի իր գույնը, ոճն ու անհատականությունը: Իսկ ցուցահանդես մեր այս օրերուն, մեր այս վիճակին մեջ, արդեն մեծ երեւույթ է»:

Դասական ռեալիզմ. այսպես են բնութագրում արվեստաբաններն ու ինքը՝ նկարիչն իր ոճը: Էդուարդ Սասունի համար ամենից հարազատ ժանրը դիմանկարն է, որը, ըստ նրա, ամենաբարդն է: «Եթե ի վիճակի ես դիմանկարիչ լինել, մնացած ժանրերը հեշտությամբ կտրվեն: Դիմանկարչությունը խտացված բնություն է, խտացված տիեզերք»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է իր կերպարներում գեղեցիկը, բարին փնտրող եւ կտավի վրա արտահայտող նկարիչը: Նա դեմ է նկարներում չարն արտահայտելուն: «Բավական է, որ մեր իրականությունն է այդպիսին, մի հատ էլ շեշտե՞ս դա: Մեր շրջապատում ամեն ինչ կա, Աստված ամեն ինչ ստեղծել է, բայց պետք է գեղեցիկը տեսնել ու փոխանցել կտավին, դա է նկարչի առաքելությունը»,- կարծում է նկարիչը: Նա մեզ ասաց, որ Արեւելքը միշտ սիրել է եւ հաճախ էր նկարների շարք անելու համար որոշ ժամանակով հեռանում Հայաստանից՝ կրկին վերադառնալու նպատակով: 1997-ին նույն պատրվակով Բանգկոկ մեկնած նկարիչը, այնտեղ հանդիպելով իր ապագա մենեջերներ անգլիացի ամուսիններին, Բանգկոկում հաստատվում է մինչեւ 2005 թվականը: Սասունի մյուս մենեջերն էլ չինուհի է: «Ափսոս է ժամանակը վատնել այն աշխատանքի վրա, որը մենեջերը կարող է անել: Արտերկրում դա շատ տարածված է, հատկապես, եթե մենեջերը լավն է ու ստեղծագործական ազատության վրա չի ազդում, ես երբեք կուլ չեմ գնացել նրանց պահանջներին, իմ վայրենությունը, ուժը երբեք չեմ կորցրել»,- ասում է արդեն 3 տարի Հայաստանում ստեղծագործող մեր զրուցակիցը ու հավելում, որ թեպետ Հայաստանում էլ երկուշաբթիից շաբաթ` առավոտից մինչ երեկո աշխատում է, բայց Բանգկոկում ստեղծագործական կյանքն ավելի արդյունավետ է եղել. 8 տարվա մեջ 500-ից ավելի աշխատանք է ստեղծել: ԵՊՀ-ի կիբեռնետիկայի ֆակուլտետը, ապա Սանկտ Պետերբուրգի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան ավարտած նկարիչը կարծում է, որ նույնիսկ տաղանդ ունենալու դեպքում առանց գրագիտության չես կարող լավ նկարիչ լինել. «Նկարչության մեջ խիստ անհրաժեշտ է կրթությունը: Բոլորն էլ ինչ-որ չափով տաղանդ ունեն, բայց միայն տաղանդով կլինես ինքնուս, պրիմիտիվ նկարիչ»:

Արվեստագետը հայ-թուրքական սահմանի բացումն ու ցանկացած հարաբերություն հարեւան երկրի հետ՝ ողջունում է, եթե այն չի լինում երկրի ազգային շահերի հաշվին. «Եթե Ղարաբաղի հարցը, Եղեռնի ճանաչումն ու Հայաստանի նախկին սահմանների անձեռնմխելիությունը վտանգի տակ չեն, խնդիր չեմ տեսնում: Թուրք ժողովուրդը նորմալ ժողովուրդ է, Բանգկոկում երբեմն գնում էի իրենց ռեստորան, հաճախ էի զրուցում նրանց հետ… Կարծում եմ՝ Թուրքիայի գենոֆոնդի 80%-ը հայկական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել