Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անառակ որդու վերադարձը»

Սեպտեմբեր 23,2009 00:00

Կամ ներել ու սիրել սովորեցնող ֆիլմի մասին

\"\"Սեպտեմբերի 18-ից «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: Գլխավոր դերերում Արմեն Ջիգարխանյանն ու Միքայել Ջանիբեկյանն են: Նկարահանվել են նաեւ Ներսես Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Արա Դեղտրիկյանը, Արմեն Աբելյանը եւ այլք: Ֆիլմի հիմքում Հիսուսի՝ անառակ որդու մասին հայտնի առակն է. փոքր որդին ողջ ունեցվածքը վատնում է օտար երկրում ու մատնվում չքավորության, այնուհետեւ վերադառնում է հոր մոտ եւ ասում, որ մեղանչել է երկնքի ու նրա առաջ: Հայրը հագցնում է զավակին առաջին պատմուճանը, մատանի դնում ձեռքին, մսացու եզը մորթել տալիս ու խնջույք սարքում նրա պատվին: Մեծ որդին, որ միշտ հոր կողքին էր ու ծառայել էր նրան այդքան տարի՝ նեղսրտում է: Հայրն էլ ասում է. «Որդյակ իմ, դու միշտ ինձ հետ ես եւ ինչ որ ունեմ՝ քոնն է: Իսկ հիմա պիտի ուրախ լինել եւ խնդալ, որովհետեւ քո փոքր եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց» (Ավետարան ըստ Ղուկասի): Հայտնի պատմությունը ֆիլմում մատուցվում է նորովի ու հետաքրքիր լուծումներով: Հեռավոր ռուսաստաններում հոր ունեցվածքը վատնած Վահեն (Միքայել Ջանիբեկյան) տուն է վերադառնում՝ հոր (Արմեն Ջիգարխանյան) ոտքերն ընկնելու ու ներում աղերսելու: Ծնողի սրտում միշտ գութ ու ներում կա զավակի համար ամբարված, սակայն եղբայրները, սիրած կինը, որ արդեն մտերիմ ընկերոջ կինն է, չեն ընդունում Վահեին. նա այլեւս օտար է յուրայինների մեջ: Միակ ելքը հեռանալ-կորչելն է, չնայած, հոր ասելով՝ քանի ինքը ողջ է, որդին տան մեջ տեղ ունի: «Անառակ որդու վերադարձը» հոգեբանական ֆիլմ է՝ կառուցված հիշողությունների վրա, այստեղ անգամ բնապատկերները, գնացքի ռելսերը, խոշոր կողպեքը, հանգուցյալ մոր՝ գնդակի հարվածից փշրվող լուսանկարի ապակին խորհուրդ ունեն, ավելի են ընդգծում հերոսների ապրումները: Ֆիլմը բարության, հանդուրժողականության, սիրո, ներողամտության ու, միաժամանակ, այդ ամենի պակասի մասին է՝ ինչպես կոնկրետ ընտանիքում, այնպես էլ ողջ մոլորակում: Ինձ գրավեց նաեւ ֆիլմում հնչող գեղեցիկ հայերենը, դերասանների խաղը, հատկապես Արմեն Ջիգարխանյանի հրաշալի հայկական պարը: Մի խոսքով, արվեստով արված ֆիլմ, որ հասկանալի է բոլորին՝ անկախ ազգությունից եւ զուր չէ, որ այն հաջողություններ է ունեցել մի շարք միջազգային կինոփառատոներում:

Ի դեպ, երեւանյան պրեմիերայի օրը ռեժիսորները հուզված էին: Նրանք «Առավոտին» ասացին, որ անչափ կարեւորում են հայաստանցի պահանջկոտ հանդիսատեսի կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել