Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ «ԱՎԱՆԴԱԿԱՆ» ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"String-ներն ավելացնում են գինեկոլոգիական հիվանդությունների ռիսկը

Ներքնազգեստը, բացի սեքսուալ լինելուց, պետք է նաեւ անվտանգ լինի առողջության համար: Մինի կիսաշրջազգեստների, նեղ տաբատների տակից կանայք նախընտրում են հագնել string-ներ, ինչպես հայերեն են ասում՝ «թել» վարտիքներ: Չնայած այդ վարտիքները չափազանց սեքսուալ են նայվում կանանց հագին եւ արդեն հասցրել են սիրվել գեղեցիկ սեռի կողմից, սակայն պարզվում է, որ string վարտիքներն անընդմեջ կրելու դեպքում՝ կարող են վտանգավոր լինել առողջության համար, ուստի այն պետք է ընդհանրապես չկրել կամ էլ կրել հնարավորին չափ հազվադեպ: Այս փաստը մեզ հետ զրույցում հաստատեց բժշկական գիտությունների թեկնածու, գինեկոլոգ Ինգա Կարապետյանը: Նրա խոսքերով. «Այդ ներքնազգեստը կրեք միայն էքստրեմալ իրավիճակներում, ասենք՝ եթե պետք է բեմ բարձրանաք եւ ձեր շորը միայն այդ ներքնազգեստով է գեղեցիկ երեւում, կամ այլ կարեւոր միջոցառումների ժամանակ, այլ ոչ թե պարբերաբար: Դրանք ե՛ւ կանանց, ե՛ւ աղջիկների համար վտանգավոր են, քանի որ ավելացնում են գինեկոլոգիական հիվանդությունների ռիսկը»: Նա խորհուրդ տվեց կրել միայն բամբակյա ներքնազգեստ՝ վարակներից պաշտպանված լինելու համար: Նշենք նաեւ, որ, ըստ որոշ գինեկոլոգների, string-ները նպաստում են հեշտոցի սնկային ախտահարմանը եւ միզուղիների վարակվածությանը, ինչպես նաեւ առաջացնում մաշկի գրգռվածություն եւ նույնիսկ՝ թութք: Ներքնազգեստի՝ շուկայում հայտնվելու առաջին իսկ օրվանից գերմանացի գինեկոլոգները հայտարարում էին, որ string-ները չի կարելի հաճախակի կրել, քանի որ դրանք առաջացնում են հեշտոցի մանրէային եւ սնկային վարակներ, բորբոքումներ, նուրբ մաշկի վնասվածքներ: Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնք նախընտրում են հաճախ կրել այդ տիպի ներքնազգեստ, ցիստիտ են ունենում եւ միզուղիների բորբոքումներ, քանի որ string-ի հետեւի մասի բարակ թելը մտնում է ներս եւ վնասվածքներ պատճառում: Նույն մասնագետները արդարության համար նշել են նաեւ, որ յուրաքանչյուր արհեստական կտորից կարված ներքնազգետ, օրինակ՝ նեյլոնից կամ կապրոնից, խոնավությունը պահում են ներսում՝ ջերմոցային էֆեկտ ստեղծելով, իսկ խոնավ ու տաք տեղն իդեալական է վտանգավոր մանրէների բազմացման համար: Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ այս վարտիքները վարակ են առաջացնում, ապա, ըստ գերմանացի գինեկոլոգների, սա պայմանավորված է նրանով, որ ուղիղ աղիքի ինֆեկցիաները շատ հեշտ են հաղթահարում այն տարածությունը, որ կա հեշտոցի եւ աղիքի միջեւ, ուստի տվյալ դեպքում string-ների թելը ծառայում է «տրանսպորտային միջոց»՝ վարակների համար: Ըստ բժիշկների, շատ կարեւոր է նաեւ այն, որ վարտիքը կանանց չափսերին համապատասխան լինի. լինի դա string, թե սովորական: Մասնագետները string-ներ կամ արհեստական կտորից կարված ներքնազգեստ հաճախակի կրողներին խորհուրդ են տալիս գոնե օգտագործել ամենօրյա միջադիրներ եւ դրանք անընդհատ փոխել, իսկ ցուրտ եւ խոնավ եղանակին պետք չէ string կրել՝ մանավանդ բարակ զուգագուլպաների տակից: Լավ կլիներ, եթե գոնե գիշերները այդ ներքնազգեստները հանեն եւ բնական կտորից կարվածը հագնեն:

Անդրադառնալով արտասահմանյան մասնագետների ախտորոշումներին, այն մասին, թե string-ների հաճախակի կրումը կարող է նաեւ արտաքին սեռական օրգանների քաղցկեղ առաջացնել, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Գայանե Ավագյանը չհամաձայնեց. «Այդ տեսակետի հետ այնքան էլ համաձայն չեմ, այդ վարտիքները մշտական գրգռվածության խնդիր են առաջացնում, այլ ոչ թե քաղցկեղ, դա այլ պատճառներ ունի»: Նա հերքեց նաեւ այն, որ string-ները թութք են առաջացնում. «Թութքը հետանցքի հետ է կապված եւ արտաքին ազդակները քիչ ազդեցություն կարող են ունենալ հետանցքի վրա: Ինչ վերաբերում է վարակներին, ապա, իրոք, այդ ներքնազգեստը կարող է եղած վարակը մի տեղից մյուսը փոխանցել: String կոչվող ներքնազգեստը կարող է միկրոֆլորայի խախտման պատճառ դառնալ, քոր առաջացնել: Ես դեմ եմ այդ ներքնազգեստին, դրանք շատ անհարմար են: Իմ հաճախորդներին միշտ զգուշացնում եմ, որ չկրեն: Ինչ է, ուզում են ցույց տալ, որ մոդե՞ռն են: Ես նրանց ասում են, որ դրանք սեռական օրգանները չեն պաշտպանում, չէ՞ որ մենք վարտիք ենք հագնում արտաքին ազդեցություններից զգուշանալու համար, իսկ այդ վարտիքով շփումը տարբեր մակերեւույթների հետ ավելի հեշտ է, քան սովորականով: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ string-ները խախտում են հիգիենայի կանոնները: Պետք է կրել նորմալ, սովորական վարտիքներ, չնայած հիմա ե՛ւ կանայք, ե՛ւ աղջիկներն այնպիսի զգեստներ են կրում, որոնց տակից պետք է չերեւացող ներքնազգետ հագնել. այնուամենայնիվ, կրեք ավանդական ձեւի եւ անպայման բնական կտորից կարված ներքնազգեստներ»:

Հաշվի առնելով այն, որ string-ներ կրում են նաեւ որոշ տղամարդիկ, մենք «Տղամարդու առողջության եւ սեռական բժշկության միության» նախագահ Ռաֆայել Բադալյանից հետաքրքրվեցինք, արդյոք տղամարդկանց սեռական օրգաններին string-ները չե՞ն վնասում: Պարոն Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն դեպքում տղամարդկանց եւս խորհուրդ է տրվում կրել բամբակյա կամ բնական կտորից կարված ներքնազգեստ, որոնք նեղ չեն լինի. «Ցանկալի չէ, որ տղամարդիկ ձիգ ներքնազգեստ կրեն, քանի որ նեղ եւ արհեստական կտորից վարտիքները վնասում են ամորձապարկը՝ բարձրացնելով այդտեղի ջերմաստիճանը, իսկ ամորձապարկի ջերմաստիճանը 1 աստիճանով պետք է ցածր լինի մարմնի ջերմաստիճանից: Իսկ այդ ամենից տուժում է սերմնահեղուկի որակը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել