Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է

Սեպտեմբեր 23,2009 00:00

Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում կկայանա «ՀայՖեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Նա նշեց, որ եթե նախորդ տարի 62 թատերական խումբ էր ժամանել 33 երկրից, ապա այս տարի 22 երկրից ընդամենը 33-ն է: Պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է: «Բարեբախտաբար, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, Հայաստանի մշակույթի նախարարությունը տրամադրել է 35 միլիոն դրամ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ չի ստացել Երեւանի քաղաքապետարանի աջակցությունը:

Փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն համաշխարհային մեծության այնպիսի թատրոններ, որոնց թվում են Ֆիլիպ Ժանտիի թատրոնը՝ Ֆրանսիայից, «Կրեդո» թատրոնը՝ Բուլղարիայից: Վերջինիս՝ ըստ Գոգոլի գործի արված «Շինելը» բեմադրությամբ էլ կբացվի «ՀայՖեստը»:

Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաեւ վարպետության դասեր, սեմինարներ՝ «Բեմանկարչության զարգացումը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում» խորագրով:

Փառատոնի նախագահը փաստեց, որ այս տարի ակտիվացել են հատկապես հայկական թատերախմբերը, իսկ Մնջախաղի թատրոնը, ի տարբերություն նախորդ տարիների, չի մասնակցի փառատոնին: «Թե ինչո՞ւ՝ հարցրեք պարոն Դադասյանին», լրագրողների հետաքրքրությանն ի պատասխան՝ ասաց Արթուր Ղուկասյանը, հարցը վերահասցեագրելով Մնջախաղի թատրոնի ղեկավարին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել