Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ հիացմունք, ոչ էլ հիասթափություն

Սեպտեմբեր 23,2009 00:00

Այսպես ընդունվեց Գեորգի Իսահակյանի «Ալմաստը»

\"\"Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պրեմիերան: Հենց այս օպերայով (բեմադրիչ՝ Արշակ Բուրջալյան, բեմադրող դիրիժոր՝ Գեւորգ Բուդաղյան) 1934թ. բացվել է մեր օպերային թատրոնը: Հետագա տարիներին «Ալմաստն» ունեցել է մի քանի բեմադրություն, որոնք իրականացրել են բեմադրիչներ Կիմ Հովհաննիսյանը, Վահագն Բագրատունին եւ Վարդան Աճեմյանը, նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Խաչիկ Եսայանը, Մինասը, դիրիժորներ Գեւորգ Բուդաղյանը, Արամ Քաթանյանն ու Յուրի Դավթյանը:

«Ալմաստի» մերօրյա բեմադրության դիրիժորն է ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, բեմադրիչը՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանը, նկարիչը՝ Վյաչեսլավ Օկունեւը: Ոչ հիացական բացականչություններ եւ ոչ էլ հիասթափություն. այսպես ընդունվեց նոր «Ալմաստի» առաջնախաղը: Մասնագետներից ոմանք նորից կարոտախտին տրվեցին, հիշելով հատկապես Աճեմյանի բեմադրությունն ու Տաթեւիկ Սազանդարյանի Ալմաստը:

Նշենք, որ իսահակյանական ներկայացումն էլ տարբեր Ալմաստներով (մեներգչուհիներ Հասմիկ Հացագործյան եւ Նարինե Անանիկյան) մեզ ուրախանալու ու մտորելու առիթներ տվեց, պարտադրեց մեկ անգամ եւս հաստատելու այն ճշմարտությունը, որ չնայած բազմիցս հնչող տրտունջներին, ունենք կայացած վոկալ դպրոց, հրաշալի ձայներ, նաեւ ձգտում՝ գնալու դեպի նորարարություն: Պատահական չէ, որ այս բեմադրությունն իրականացնելու նպատակով հրավիրվել էր Պերմի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու ռեժիսոր Գ. Իսահակյանը: Արվեստագետ, որն օպերային ռեժիսուրայում փշրում է շատ կարծրատիպեր, առաջադրում պարտիտուրի նոր ընթերցում, փոփոխում լիբրետոն, այն առավել արդիական եւ դինամիկ դարձնելու համար: «Ալմաստում» առկա գործողությունների նպատակային միատեղումը, նոր դրամատիկական երաժշտական կոմպոզիցիայի ստեղծումը հուշում են այն մասին, որ հաշվի է առնվել մեր ժամանակների գործոնը, որ այլեւս չորս գործողությամբ ընթացող օպերաները պարզապես չեն կարող ընդունելի լինել ունկնդրի համար: Բեմադրիչը դիմել է ավանգարդիստական որոշ լուծումների, նույնիսկ փոփոխության է ենթարկվել հանգուցալուծումը, երբ մահապատժի տարվող Ալմաստը, գիտակցելով իր սարսափելի արարքը, սպանում է Նադիր շահին: Այս մեկնաբանությունը հետաքրքիր է նրանով, որ գլխավոր հերոսուհին իր իսկ դատաստանն է տեսնում, այսպես գուցե գնալով դեպի ինքնամաքրում՝ օպերային երկին հաղորդելով արտակարգ ողբերգականություն: Այս բեմադրության մեջ շատերի համար անսպասելի հայտնվում են հրացանավոր պարսիկներ, որոնք իրագործում են Նադիր շահի ծրագիրը: Այս զինյալների հայտնության մեջ էլ խորհուրդ կա գեղարվեստական առումով՝ հրացանային համազարկերը դասական օպերայի շրջանակներում արդեն նորի հաստատման վկայությունն են: Որոշ մասնագետներ վեճի առարկա էին դարձրել Թաթուլի ամրոցը ներկայացնող խորհրդանիշը. ինչպե՞ս կարելի է Մարիամ աստվածածնի սրբապատկերի ներքո բեմադրել Նադիր շահի մենախոսությունը, ավելին՝ ցույց տալ վերջինիս ու պարսիկների նամազը, մինչդեռ այս ամենն արված է ցույց տալու Նադիր շահի ու պարսից զորքի նվաճողական ձգտումը:

Օպերային թատրոնի այս տարվա բոլոր 6 պրեմիերաները ցույց տվեցին մեր թատրոնի բոլոր առավելությունները, նվագախմբի ու երգչախմբի հրաշալի հնչողությունը եւ հավաստեցին, որ թատրոնն ի զորու է լուծելու ամենաբարդ ստեղծագործական խնդիրները: Մենակատարների հարցում էլ, եթե Հասմիկ Հացագործյանի Ալմաստը տպավորություն չգործեց, ապա Նարինե Անանիկյանի հերոսուհին, Միքայել Հովակիմյանի Նադիր շահը, Պերճ Քարազյանի Աշուղը եւ Ասատուր Բալջյանի Թաթուլը հաջողված էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել