Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԻՆԱ ԲՐՈՒԿԻ ԴՈՆ ՔԻՇՈՏԸ

Սեպտեմբեր 23,2009 00:00

Կամ ընդամենը սովորական ներկայացում

Սեպտեմբերի 20-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Իրինա Բրուկի թատերախումբը (Ֆրանսիա) հանդես եկավ «Ինչ-որ տեղ Լամանչում» բեմադրությամբ՝ ըստ Սերվանտեսի «Դոն Քիշոտ» ստեղծագործության: «Հայտարարել էի, որ պատրաստվում եմ բեմադրել «Դոն Ժուան» ներկայացումը: Որոշ ժամանակ անց փոխեցի մտադրությունս: Կրկին ու կրկին ընթերցելով պիեսը՝ հիասթափվեցի, գիտակցելով, որ Դոն Ժուանի շուրջը խմբված է հուսահատված ու տառապող կանանց մի խումբ: Ամաչեցի… Ինձ անմարդկային թվաց այդ տղամարդուն պաշտպանելը: Վերջապես հանգիստ խղճով հրաժեշտ տվեցի այդ հերոսին ու անդրադարձա Դոն Քիշոտին… Բեմադրության պրեմիերան կայացավ հայրիկիս (Փիթեր Բրուկի-Գ. Հ.) փարիզյան «Biuffes du Nord» թատրոնի բեմում… Ստացվեց մի բեմադրություն, որի մի հատվածը 17-րդ դարի Իսպանիան էր պատկերում, մյուսը՝ ամերիկյան road-movie-ն»,- իր բեմադրած ներկայացման մասին այսպես է ասում հեղինակը՝ Իրինա Բրուկը:

«Ինչ-որ տեղ Լամանչում»-ը Երեւանում անցավ լեփ-լեցուն դահլիճում, 3 անգամ էլ դերասաններին բեմ հրավիրեցին՝ «բրավոների» տարափի տակ, բայց ներկայացումն ակնհայտորեն ոչ բոլորին էր դուր եկել: Թերեւս, եթե Հայաստանում նման բեմադրություն հանդիսատեսի դատին հանձնվեր, հաստատ դահլիճը կսուլեր՝ ի նշան դժգոհության: Բրուկի ներկայացումը զերծ չէր ձգձգված, կրկնվող տեսարաններից ու որոշ առումով անհամ հումորից: Մի ճանաչված կին դրամատուրգ ասաց, որ Բրուկի թատերախմբի ներկայացրածը պիտի ընկալել իբրեւ խոսքի թատրոն եւ այլ պահանջներ չունենալ, որոշ կարծիքների համաձայն էլ՝ հանդիսատեսը (դերասաններ, թատերագետներ, դիվանագետներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ուսանողներ եւ այլք) ուղղակի Իրինայի հանրաճանաչ հոր պատվին է ծափահարել: Ինչ վերաբերում է խոսքին, գուցե ֆրանսերեն այն ավելի զվարճալի է եւ իմաստավորված, քան մեր լեզվով: Ամեն դեպքում, շնորհակալ ենք, որ հայերեն թարգմանությունը օտար լեզվով հնչող խոսքին զուգահեռ «գնում» էր էկրանին: Ներկայացումը ցնցող չէր, բայց այնպիսին էլ չէր, որ արժեր ափսոսալ կորցրած ժամանակի համար:

Հ. Գ. Ավարտվեց Շեքսպիրյան փառատոնը, որն այս տարի նկատելիորեն ավելի հաջող էր կազմակերպված նախորդներից: Դրանում, անշուշտ, փոքր չէր նաեւ PR բաժնի ղեկավար Վլադ Մուրադյանի ներդրումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել