Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

IQ-ի պահանջարկը գնալով նվազում է

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"Ինտելեկտը գնահատող (IQ) թեստերը Հայաստանում մեծ պահանջարկ էին վայելում անկախացումից հետո, հիմա դրանց պահանջը գրեթե չկա:

Առաջին IQ թեստերը Հայաստանում կիրառվել են 1985 թվականից: IQ թեստը՝ մարդու ինտելեկտի մակարդակի քանակական չափը, արտացոլում է մտածելու ունակությունը եւ միաժամանակ չի արտացոլում նրա էրուդիցիայի մակարդակը: Աշխարհում այդ թեստերը հաճախ են օգտագործում աշխատանքի ընդունելիս՝ հարցազրույցների էտապում, որպեսզի գնահատեն ապագա աշխատակցի մտածելու, տրամաբանելու ունակությունը:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ առաջինն ինքն է դրանք մեր երկրում շրջանառության մեջ մտցրել: IQ-ի առաջին պատվիրատուները կազմակերպություններ էին, որոնք աշխատակիցների ընտրության հարցում կողմնորոշվելու համար IQ թեստերն էին կարեւորում: Այս տարի IQ-ի պատվեր «Սոցիոմետրը» ստացել է Դավիթաշենի թաղապետարանից, նախորդ տարի էլ նման պատվեր առաջարկել էր «Միկա» ֆուտբոլային ակումբը՝ ֆուտբոլիստների ունակություններն ու հնարավորությունները պարզելու համար: Պարոն Ադիբեկյանը նկատեց, որ ինտելեկտը գնահատող թեստերի պահանջարկը մեծ էր հատկապես 90-ականների սկզբին, իսկ վերջին տարիներին դրանց պահանջարկի կտրուկ նվազում է արձանագրվել. «Ժամանակին IQ թեստերի մեծ պահանջարկ էին ներկայացնում նախարարությունները եւ բանկերը»,- ասաց սոցիոլոգը: Փորձագետների այն կարծիքին, թե IQ-ները չեն կարող մարդու ինտելեկտի ամբողջական պատկերը տալ, սոցիոլոգը պատասխանեց. «IQ-ն արժեք չի ունենա, եթե անհատապես չես մոտենում ու չես ճանաչում այդ մարդուն. անձի համակարգում դու պետք է հասկանաս այդ մարդն ո՞վ է ու ի՞նչ կարելի է ակնկալել կամ հանձնարարել»: Ինտելեկտը գնահատող թեստերը տարբեր են լինում: «Մենք տալիս ենք անձի հոգեբանական պատկերը, ցույց ենք տալիս նրա առավելություններն ու թերությունները եւ առաջնորդում ենք համապատասխան նպատակին, որ պետք է իրականացնի. IQ-ով մենք չենք շերտավորում մարդկանց, այլ ցույց ենք տալիս նրանց կարողությունների սահմանը, բայց պետք է նկատել մի կարեւոր փաստ, որ մտաունակության շուրջ 85%-ը ժառանգում են ծնողներից»,- ասաց Ա. Ադիբեկյանը:

Ինտելեկտը գնահատող թեստերի կիրառումը «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբանների կարծիքով՝ աննպատակահարմար է: «Առավոտի» հետ զրույցում «Այգի» հոգեբան Նելլի Հարոյանն ասաց, որ Հայաստանում, ի տարբերություն արտերկրի, ինտելեկտը գնահատող թեստերը լայն տարածում չեն գտել, քանի որ դրանց մեթոդի հետ կապված՝ մասնագետներն ունեն երկակի մոտեցում. «Մի մասը կողմնակից է դրանց կիրառությանը, մի մասն էլ կատեգորիկ դեմ է՝ հիմնավորելով, որ դրանք չեն կարող իրականում ցույց տալ մարդու ընդհանուր հնարավորություններն ու ունակությունները, այլ կտան անհատի գիտելիքների ընդհանուր ու մոտավոր պատկերը»: Ն. Հարոյանի կարծիքով, Հայաստանում ոչ միայն IQ-ները զարգացած չեն, այլեւ աշխատանքի ընդունման, հատկապես կադրերի ընտրության խնդիրը, ունակությունների համադրումը, աշխատանքի համար անհրաժեշտ որակների բացահայտման դաշտը թերի է. «Այս խնդիրը Հայաստանում իրոք կա եւ պետք է խնդիրը լուծելու համար մշակել նոր մեթոդների խումբ»:

«Այգի» մեկ այլ հոգեբան՝ Արշակ Գասպարյանն էլ ասաց, որ, իր տեղեկություններով, միջազգային շատ կազմակերպություններում IQ-ների կիրառումն արգելված է՝ որպես ոչ հավաստի տեղեկություն. «Մի շարք այլ ավելի հուսալի թեստեր կան, որոնք շատ ավելի կայուն որակներ են տալիս, որոնց համադրությունը կարելի է կիրառել յուրաքանչյուր ոլորտում»:

Միջազգային մեծ տարածում ու ճանաչում գտած ինտելեկտը գնահատող թեստերը առաջին անգամ շրջանառության մեջ են մտել 1904 թ. Ֆրանսիական կառավարության պատվերով՝ երեխաների մտավոր ունակությունները գնահատելու համար: Հետագայում այն տարածում գտավ նաեւ եվրոպական մի շարք երկրներում, հատկապես ուսանողների շրջանում: 1989 թ. Ամերիկյան գիտությունների ակադեմիայում IQ-ն համարվեց մեկը 20 կարեւորագույն ձեռքբերումներից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել