Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԹԻՎ 1 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՊՄՀ-Ն Է

Սեպտեմբեր 23,2009 00:00

Մանկավարժական համալսարանի տված կադրերը, շատ մեղմ ասած, չեն համապատասխանում ուսման որակի բարձրացման առումով մեր երկրի որդեգրած ռազմավարության պահանջներին:

«2009-2010թթ. միասնական քննությունների արդյունքում առավել բարձր միավորներ հավաքած դիմորդների ներգրավում մանկավարժական բուհեր՝ ուսման արտոնյալ պայմաններով եւ աշխատանքի գործուղման երաշխիքներ տրամադրելով»: Այս գայթակղիչ դրույթը վերցված է «ՀՀ մանկավարժական կրթության համակարգի արդիականացման ռազմավարական ուղղությունների ապահովման միջոցառումներ» փաստաթղթից, որը ՀՀ ԿԳ նախարարի կողմից հրամանագրվել է 2009թ. հունվարի 22-ին: Հասկանալի է, որ մանկավարժական կրթության համակարգի արդիականացումն արդեն իսկ վտանգված է, քանի որ 2009-ին էլ ԵՊՄՀ ընդունվել են ոչ այնքան բարձր միավորներ ունեցող շրջանավարտներ եւ ուսման որեւէ արտոնյալ պայմանների կամ առավել եւս՝ աշխատանքի գործուղման երաշխիքների մասին ոչինչ չի խոստացվել դիմորդներին: Հետաքրքիր է, այդ ժամանակացույցը հաստատելիս կառավարությունը քննարկե՞լ է այդ կետը, թե ինչպե՞ս բարձր միավորներ հավաքած դիմորդներին պիտի համոզեին դիմել մանկավարժական համալսարան, որի վարկանիշը հասարակության մեջ ցածրերից մեկն է, որին չի հաջողվում պատրաստել այսօրվա կրթական բարեփոխումներին համապատասխան, մանկավարժական նոր մեթոդներով եւ ներառական կրթության գաղափարախոսությամբ զինված մանկավարժներ:

Ինչպես նշում է ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը՝ «Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ ԵՊՄՀ-ի կառավարման բուրգը կամ տեղյակ չի, թե հանրակրթության բնագավառում ինչ քաղաքականություն է որդեգրված, կամ էլ իներցիայով ուղղակի աշխատում են: Այդ բուհը հանդես չի գալիս կրթության քաղաքականությունն իրականացնող գիտահետազոտական մտքի մեջ առաջադեմ քայլերի նախաձեռնողի, հետազոտողի եւ թելադրողի դերում, այլ դարձել է այդ քաղաքականության արգելակը»: «Առավոտի» դիտարկմանը՝ թե այդքանի հետ մեկտեղ, հենց ԵՊՄՀ-ում են հիմնականում իրականացնում ուսուցիչների վերապատրաստումները, տիկին Բախշյանը պատասխանեց. «Այդքանով արդեն վտանգված է հուլիսի 10-ին ԱԺ-ում վավերացված կրթության ապագա բարեփոխումներին ուղղված վարկային ծրագիրը: Անհրաժեշտ է հրատապ ընդունել ՀՀ կրթության զարգացման 2010-2015թթ. պետական ծրագիրը, որտեղ պետք է վերոնշյալ բուհի բովանդակային գործունեության վերանայումը պարտադրող բախտորոշ որոշում կայացվի»:

Ի դեպ, վարկային ծրագրի մասին: 2009 թ. հունվարին ԿԳ նախարարի հրամանով հրապարակվել է մի փաստաթուղթ՝ «ՀՀ մանկավարժական կրթության համակարգի առկա վիճակը եւ արդիականացման ռազմավարական ուղղությունները», որում լուրջ քննադատության է արժանացել հանրապետությունում մանկավարժական կադրերի պատրաստման գործընթացը: Փաստաթղթում ասված է. «Չնայած արձանագրված շոշափելի առաջընթացին՝ դասավանդման եւ ուսումնառության որակի էական բարելավմանն ուղղված ուսուցիչների վերապատրաստման գործընթացը դեռես գտնվում է սկզբնական (!!!-խմբ.) փուլում»: Տիկին Բախշյանը իր՝ դպրոցի տնօրեն լինելու ժամանակներից հիշում է, թե ինչպես էին անցնում այդ «վերապատրաստումները». «Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես էին վերապատրաստում՝ 3 օր, 5 օր… 3 կամ 5 օրերի ընթացքում հնարավոր չէ ուսուցչին տալ այն գործիքները, որոնցով ինքը համագործակցային մեթոդներով դաս վարի: Համագործակցային մեթոդները դաս-դասարանային մեթոդները չեն, որոնցով սովորել ենք սովետական դպրոցում, դա մեթոդների այնպիսի պահարան է, որտեղ գործիքները դասավորված են, եւ ուսուցիչն ամեն րոպե պիտի որոշի, թե այդ պահին որ գործիքն օգտագործի: Երբ ես տնօրեն էի, 2001-ից սկսած ամեն տարի վերապատրաստումներ էի կազմակերպում՝ տարին 1 կամ 2 անգամ, ինչքան ՀՀ-ում վերապատրաստող մարդիկ, հ/կ-ներ կային, ես հրավիրում էի, որ մեր ուսուցիչներին վերապատրաստեն: Այո, դա ծախսերի հետ էր կապված, չեմ ժխտում, բայց պիտի հայթայթել այդ գումարը: 2001-ից սկսած մեր ամեն ուսուցիչ վերապատրաստման 10-11 դասընթաց է անցել, որոնցից առաջինը մարդու, երեխայի իրավունքներին եւ միջանձնային հարաբերություններին վերաբերող դասընթացներն էին, որոնց արդյունքում ուսուցիչը պիտի հասկանար, որ իր առջեւ նստած երեխան մարդ է, որն ունի կրթության իրավունք եւ այդ իրավունքը իրացնողը ուսուցիչն է, դա իր աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունն է: Այսօր մանկավարժական համալսարանը պիտի պատրաստի ուսուցիչ, որն իրեն ազատ զգա թե ներառական կրթության ոլորտում, թե տիրապետի համագործակցային մեթոդներով աշխատելու համար անհրաժեշտ գործիքներին, թե անթերի իմանա մարդու իրավունքները, ունենա քաղաքացիական հասարակության անդամներ ձեւավորելու հմտություններ… Այդ ամենը պետք է ապահովի ԵՊՄՀ-ն, բայց, ցավոք սրտի, այսօր ինքը դեռ չի տիրապետում այս ամենին»:

Մեր կրթական համակարգի ցածր որակի գլխավոր պատճառներից մեկը եւ առաջինը՝ կադրերն են: Սա ընդունում են բոլորը, անգամ՝ ԿԳ նախարարը: Իսկ կադրերի համար պատասխանատուն ԵՊՄՀ-ն է: Սակայն այսօր մանկավարժական են ընդունվում մրցութային ամենացածր միավորներով աշակերտները: Այս միտքը տիկին Բախշյանը շարունակում է այսպես. «Իսկ մանկավարժականը նրանց ուսումնառությունն ավերում է, եւ արդյունքում մանկավարժականից դուրս են գալիս շրջանավարտներ, որոնք, եթե լավ մակարդակ ունեն՝ դպրոց չեն ուզում գնալ, իսկ դպրոց գնացողները նրանք են, ովքեր կոռուպցիայի ամենաընդգրկուն ձեւերով ավարտում են այդ բուհը: Այսօր ես լրջորեն մտահոգված եմ կրթության որակի համապատասխանեցման 2-րդ վարկային ծրագրի կատարման համար: Երբ նայում եմ ժամանակացույցը, եւ տեսնում եմ ԵՊՄՀ-ի այսօրվա գործունեությունը, այսօրվանից ցավով ասում եմ՝ չի՛ իրականցվի այդ ծրագիրը, 25 միլիոնը կփոշիացվի, կգնա… Միակ բանը, որ ինձ հույս է տալիս՝ ԿԳ նախարարի փոփոխությունն է: Նախարարը հսկայական գործ ունի անելու՝ առանց վիրաբույժի դանակի այդ բնագավառը խելքի չի գա: Ես գիտեմ ԵՊՄՀ-ում ինչ փողեր են պտտվում, գիտեմ, թե վճարովի բաժնի ուսանողներն ինչ հսկայական գումարներ են տալիս, ու հաշվետվություն չի լինում: Ուր են գնում այդ հսկայական միջոցները՝ ոչ ոք չի իմանում, որովհետեւ դասախոսների աշխատավարձերի վրա առանձնապես չի ազդում: Իսկ այդ բուհի հեռակա բաժինն ուղղակի թյուրիմացություն է, ամբողջովին առեւտուր է, գիտելիք չեն ստանում, կրթություն չեն ստանում եւ այդպիսիները ինչ-որ ձեւով հայտնվում են դպրոցում եւ ոտնահարում մեր երեխաների կրթության իրավունքը: Արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք, որից դժգոհ են բոլորը՝ նախագահը, նախարարը, հասարակությունը… բայց ոչ մեկը չի ուզում ծայրը բռնել: Ես բացեիբաց հայտարարում եմ՝ մեր կրթության որակի, ավելի ճիշտ՝ անորակության առաջին պատասխանատուն Մանկավարժական համալսարանն է, որի ռեկտորը Հանրային խորհրդում գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել