Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեղեկանք՝ ազատամարտիկ լինելու մասին

Սեպտեմբեր 23,2009 00:00

Բաց նամակ՝ չգիտեմ թե ում

Նամակս ուզում եմ սկսել Արկադի Ռայկինի՝ խորհրդային տարիներին շատ տարածված մի երգիծանքից: Մարդը գնում է ԲՇԳ՝ տեղեկանքի համար: Այստեղ նրանից տեղեկանք են պահանջում առ այն, որ իրեն տեղեկանք է պետք ԲՇԳ-ից: Վերադառնում է տեղեկանք պահանջող կազմակերպություն, որտեղ նրանից տեղեկանք են պահանջում ԲՇԳ-ից առ այն, որ բնակության վայրի տեղեկանք տալու համար իրենցից պահանջվում է տեղեկանք… եւ այսպես շարունակ:

Այս մոռացված պատմությունը գուցե քիչ հնաոճ թվար, եթե այն չխաղացվեր մեր օրերում եւ այն էլ ոչ թե այդպիսի պատմություններում թրծված նախկին «սովետահայերիցս» մեկի, այլ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, փայլուն մտավորական, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի հետ:

Նախապատմությանը անծանոթ ընթերցողին հիշեցնեմ հետեւյալը: Լինում է, չի լինում՝ մի սփյուռքահայ է լինում, ծնունդով Կիլիկիայից, ներկայումս Ֆրանսիայի քաղաքացի: Էդ սփյուռքահայը ուրիշ «ախպարների» պես չի լինում: Իր փարիզներում հանգիստ նստելու փոխարեն, ղարաբաղյան հակամարտության ամենաթեժ տարիներին Եվրոպայով մեկ հանգանակություն է կազմակերպում եւ բերում-հասցնում Հայաստան: Ասա ի՞նչ գործ ունեիր: Հանգիստ կապրեիր քո համար, կյանքում մեկ-երկու անգամ Հայաստան կգայիր որպես տուրիստ, ձեռագործ գորգեր կառնեիր-կվաճառեիր ու հետդ էլ որպես հիշատակ բարդիով, արագիլով, ծիտիկ-ճնճղուկով Մասիս սարի նկարը կտանեիր ու ննջարանումդ կկախեիր, որ մեկ-մեկ երկու հորանջի արանքում հիշեիր «մեր խեղճ հայրենիք, մեր որբ հայրենիքը»:

Չէ, Սարգիս Հացպանյանը այդպես չվարվեց: Հավաքած հանգանակությունը Հայաստան հասցնելով, նա ոչ միայն չվերադարձավ Փարիզ, այլեւ մնաց Հայաստանում եւ զենքը ձեռքին գործուն մասնակցություն ունեցավ արցախյան ազատամարտին: Զինադադարից հետո էլ չսթրվեց տեղը: Մասնակցում էր բանակաշինության, ավերված բնակավայրերը վերականգնելու գործին: Այդ ընթացքում ամուսնանում է եւ բնավորվում Հայաստանում:

2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, որտեղ նրա ելույթների լեյտմոտիվը այն էր, որ Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ են արդար ընտրությունները եւ ճշմարիտ, այլ ոչ թե իմիտացիոն ժողովրդավարությունը:

Հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարում է, որ տեղեկություններ ունի, որ հանրապետության նախագահի դեմ մահափորձ է կազմակերպվում: Ի դեպ, նմանօրինակ հայտարարություն էր արել մեր քաղաքական «ակնառուներից» մեկը, որը հետո արդարացավ, թե այդ մասին լսել էր սրճարանում: Ինչեւէ: Զրպարտության մեղադրանքով Սարգիս Հացպանյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Հետո, միջազգային հանրության ճնշման տակ, ընդունվեց համաներման մասին օրենքը, որը իր ոգով ու տառով տարածվում է Սարգիս Հացպանյանի վրա:

…Ու սկսվեց ռայկինյան հիշածս պատմությունը:

Նրանից տեղեկանք են պահանջում առ այն, որ արցախյան ազատամարտի մասնակից է, իսկ ԼՂՀ-ի պատկան մարմինները տեղեկանք են պահանջում, որ իրենցից այդպիսի տեղեկանք է պահանջվում, ու… Ու չնայած բազմաթիվ փաստերին, նրա զինվորական գրքույկին, անհատական զենք ստանալու հրամանին, մարտական ընկերների, ԼՂՀ-ի բազում պատգամավորների, մեծ թվով մտավորականների, հոգեւորականների, անցյալում եւ ներկայումս պաշտոնավարող բարձրաստիճան զինվորականների վկայություններին, այդ տխրահռչակ տեղեկանքը այդպես էլ տեղ չի հասնում ու Սարգիս Հացպանյանը առ այսօր առոք-փառոք բնակվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում: Հարց է առաջանում. եթե համաներման ակտը կարող է տարածվել մարտիկմեկյան ավանտյուրայի կազմակերպիչների, ֆինանսավորողների, Հայաստանում կատարված բոլոր ընտրակեղծիքների կազմակերպիչների եւ կատարողների վրա, ապա ինչո՞ւ չի տարածվում ազատամարտիկի եւ մտավորականի վրա: Գուցե դրան խանգարում է ինչ-որ պաշտոնյայի անձնական քենը եւ ոխը: Եթե այդպիսին կա, ուզում եմ հիշեցնել, որ քենի եւ ոխի զգացումը հարիր չէ քրիստոնեական աշխարհընկալմանը եւ պատշաճ չէ պաշտոնավարող անձին: Հիշեցնեմ նաեւ, որ այդ զգացմունքները նման են կարիճի, որը, ի վերջո, խայթում է դրանք կրողի սիրտը:

Հետաքրքիր մի մանրամասնություն: Սարգիս Հացպանյանի ճակատագրի վերաբերյալ քար լռություն է պահպանում ոչ միայն «իշխանամետ» մամուլը (որ ինչ-որ տեղ հասկանալի է), այլեւ իրենց ընդդիմադիր հռչակած լրատվամիջոցները:

Նամակս վերջացնելով, օգտվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրորեն ամրագրված տեղեկություն ստանալու իրավունքից, դիմում եմ նրան՝ չգիտեմ թե ում. մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս «տեղեկանք» տրագիկոմեդիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել