Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՒՅՍ ՄՆԱԼ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ

Սեպտեմբեր 23,2009 00:00

«Վրատար-մեջի» եւ «պիտուշի» գործոնը հայ իրականության մեջ

\"\"25-30 տարի առաջ, երբ համակարգչային խաղերից ամենանորագույնը համարվում էր չորս անկյուններից ձվեր հավաքող «Դե սպասիր» մուլտֆիլմի հերոս գայլը, երեխաները բակում ավելի շատ էին խաղում: Խաղերը, ի դեպ, շատ բազմազան էին՝ պախկվոցի, յոթ քար, Էշ-միլիցա, տըզ, գործագործ եւ, իհարկե, ֆուտբոլ: Վերոնշյալ խաղերի մեծամասնությունը թիմային էր, եւ երեխաները սկզբից թիմերի էին բաժանվում: Սակայն երբ երեխաների քանակը կենտ էր, նրանցից մեկը հայտարարվում էր «պիտուշ» (այս բառի հիմքում ընկած է ռուսերեն տպՑցՔՏՍ բառից): Սա այն կերպարն էր, որը երկու թիմի կողմից էլ խաղում էր: Այսինքն՝ միշտ խաղի մեջ էր: Ֆուտբոլի պարագայում կար նաեւ «վրատար-մեջ» հասկացությունը, երբ խաղացողը միաժամանակ եւ դարպասապահ էր, եւ, ասենք, պաշտպան կամ հարձակվող: Այնպես էր ստացվում, որ «պիտուշները» հիմնականում բակի «ամենաշուստրի» երեխաներն էին լինում, որոնք իրենց չէին պատկերացնում «խաղից դուրս» վիճակում:

Այսօր քաղաքական դաշտում եւ չինովնիկական ապարատում աշխատում են հենց այդ երեխաները՝ արդեն մեծացած: Բերեմ մի քանի պարզ օրինակներ: Րաֆֆի Հովհաննիսյանը մեծացել է ԱՄՆ-ում, որտեղ գործագործ կամ «օձի կլաս» չեն խաղացել: Բակային ֆուտբոլ՝ նույնպես: Նա տեղյակ չէ, որ կա «պիտուշ» հասկացություն, որը շատ հանգիստ կարող է խաղալ «Ժառանգություն» կուսակցության երկու թեւերի հետ միաժամանակ: Դա է պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» պառակտումից հետո գրեթե մեկ ամիս դարձել էր «անորսալի Ջոն» (այս կերպարը նրան, հավանաբար, ավելի հոգեհարազատ է, քան «անորսալի վրիժառուն»): Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՀՀ Ազգային ժողովի միակ ընդդիմադիր խմբակցության նախկին ղեկավարը վիրտուալ ծրագիր էր, որին հայ քաղաքական հակերները ջարդեցին: Իսկ, օրինակ, Արմեն Մարտիրոսյանը հայ երեխաների բոլոր խաղերին շատ մոտիկից է ծանոթ: Նա անգամ խաղերի մասնագետ է: Խոսքս սպորտային խաղերի մասին է: Մեջբերեմ տվյալներ Արմեն Մարտիրոսյանի մասին www. parliament.am կայքից. «1994թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մենամարտության ֆակուլտետը: Ձյուդոյի մարզիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս»: Դա է պատճառը, որ պարոն Մարտիրոսյանը կարողանում է միաժամանակ լինել եւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, եւ ընդդիմադիր կուսակցության ոչ միայն անդամ, այլ նաեւ առաջնորդ: Ի տարբերություն իր նախկին առաջնորդի, նորաթուխ առաջնորդը ոչ միայն հասանելի է բոլոր լրագրողների համար, այլեւ շոու-բիզնեսի աստղերի նման՝ հեռուստաէկրաններից չի իջնում: Հետաքրքիր է, գիտի՞, արդյոք, պարոն Մարտիրոսյանը, որ նոր օրենքի համաձայն՝ ֆոնոգրամայի տակ երգելն արգելվում է: Եվ մի նկատառում եւս: Ինչո՞ւ պարոն Մարտիրոսյանը գոնե մեկ անգամ, լրագրողների հետ շփման ընթացքում, չփորձեց պաշտպանել իր կուսակից Զարուհի Փոստանջյանին, երբ վերջինիս դեմ Չինգիզ խանի արշավին համազոր արշավ էր սկսվել: Նույնիսկ, երբ պարոն Մարտիրոսյանը պահանջեց Աղվան Հովսեփյանի հրաժարականը, նրան չհավատացին՝ հրապարակավ մեղադրելով, որ նա այդ հրաժարականի մասին պայմանավորվել է մեկ այլ ապարանցի՝ դատախազի մտերիմ Խաչատրյան Լյովայի հետ:

Իսկ ահա հայկական ֆուտբոլը կփրկի միայն Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Ոչ այն պատճառով, որ Բյուրոն հրամայի բոլորին դառնալ Մեսսի կամ Ռոնալդու: Կան ավելի հիմնավոր պատճառներ: ՀՅԴ այսօրվա ղեկավարությունը այնքան է «վրատար-մեջ» խաղացել, որ այսօր չի հաշտվում միայն դարպասապահի կամ միայն պաշտպանի ֆունկցիայով: Նրանք, ինչպես միշտ՝ կիսապաշտպան են: Նրանց ամեն ինչը կիսատ է՝ կիսաիշխանություն- կիսաընդդիմություն, կիսահեղափոխական-կիսապետականամետ, կիսաանկախ-կիսապատասխանատու: Եթե հացադուլ անեին նախկին դաշնակցական պաշտոնյաներից շատերը, ապա հայ ազգը կարող է հանգիստ լինել՝ նրանց ոչինչ չի պատահի: Այդ տասը տարիների ընթացքում վերջիններից ոմանք այնքան են «սնվել», որ մի քանի օրվա հացադուլից նրանց հետ ոչինչ չի պատահի: Ավելին, կարելի է համարել, որ նրանց համար դա «ռազգրուզոչնի» օրեր են:

«А теперь я Наташа

» սկզբունքով է խաղում նաեւ մեծարգո Վարդան Մինասիչը: Այսօր նա մտահոգ է, որ հայ-թուրքական բանակցությունների արդյունքում մենք կարող ենք կորցնել նախկինում, իր իսկ խոսքերով՝ «օկուպացված տարածքները»: Մի քանի ամիս առաջ Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահ Մեթյու Բրայզան շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանին եւ Վարդան Օսկանյանին՝ հայ-թուրքական բանակցությունները սկսելու համար: Եթե պարոն Օսկանյանը կապ չուներ այդ ամենի հետ, ինչո՞ւ անմիջապես չհերքեց Բրայզայի այդ շնորհակալական հայտարարությունը: Իսկ եթե իրոք հենց ինքն է սկսել այդ բանակցությունները, ապա «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում նրա որդեգրած դիրքորոշումը խոսում է այն մասին, որ նա առնվազն «պիտուշի» դերում է ուզում լինել: Իհարկե, պարոն Օսկանյանը, ինչպես եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանում չի մեծացել: Բայց, ի տարբերություն «Ժառանգության» նախկին առաջնորդի, նա ավելի սահուն է ինտեգրվել հայաստանյան հասարակության մեջ եւ ավելի լավ ուսումնասիրել հայաստանցիների մենտալիտետը:

Իհարկե, «պիտուշ» հասկացությունը ամենալավը բնութագրել է նախկինում քաղբանտարկյալներ բռնող եւ նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը, ով ժամանակին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «կան մարդիկ, որոնք ուզում են եւ հաճույք ստանալ, եւ կույս մնալ»: Զուտ ֆիզիոլոգիապես դա հնարավոր է:

Այսօր շատ ծնողներ, այդ թվում եւ ես, բողոքում են, որ իրենց երեխաները բակում քիչ են խաղում: Երեխաներին ավելի շատ համակարգիչն է գրավում: Առողջության համար դա, իհարկե, վնաս է: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի: Միգուցե մի 20-30 տարի հետո ապագա քաղաքական գործիչներն ու չինովնիկներն էլ չուզենան «պիտուշ» լինել: Թեեւ, ի՞նչ իմանաս, այն ժամանակ էլ կարող է ուզենան «շարիկ» դառնալ, որին կգլորեն այս անկյունից այն անկյուն, իսկ հետո «կտրաքացնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել