Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միակի» մենախոսությունը

Սեպտեմբեր 23,2009 00:00

Մեր ներքաղաքական կյանքի անհանդուրժողականությունը, հայհոյախոսությունն ու մերժելի այլ երեւույթները արմատավորվում են նաեւ Սփյուռքում ու նաեւ հակահայաստանյան դրսեւորումներ են ունենում:

ԱՄՆ-ը ամենահայաշատ նահանգի՝ Կալիֆոռնիայի հայկական հեռուստակայաններից մեկի եթերում Ստեփան Քիրիմիջյան անունով մի ալեհեր, կիսաճաղատ մարդ ամեն օր մեկ ժամ խոսում է Հայաստանի, Սփյուռքի, հայության մասին: Հետո իր մենախոսությունները տեղադրում է ինտերնետում՝ ի տես ողջ աշխարհի: Ստեփան Քիրիմիջյանը եթեր է մտնում սեփական մեծությունից հոգնած, սեփական հանճարի ծանրության տակ կքած եւ այդ ծանրությունը պատվով տանողի կեցվածքով՝ խոսում քանց վերջին ատյան, խոսքը սկսում գրական հայերենով, հետո անցնում ժարգոնի, օգտագործում օտար բառեր, ձեռքերով եթերին ոչ հարիր շարժումներ անում, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անում, խոսելիս կտրուկ շեղվում թեմայից, փորձում ծաղրել բոլորին եւ ընդհանրապես կարծում, որ ինքն է միակը, անկրկնելին, անզուգականը:

Ստեփան Քիրիմիջյանի կարծիքով, հայաստանյան ընդդիմությանը արտահայտվելու հնարավորություն տվող թերթերը «սորոսյան լրատվամիջոցներ են», իսկ մարտի 1-ին հակապետական գործողություններ են եղել: Ստեփան Քիրիմիջյանը հիացած է Սերժ Սարգսյան եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան գործիչներով, իր խոսքում Սերժ Սարգսյանի բառապաշարից բառեր է օգտագործում ու ընդդիմադիր գործիչներին համարում է հակապետական, հակահայկական ելույթներ ունեցողներ: Այսքանը՝ Ստեփան Քիրիմիջյանի մասին պատկերացում կազմելու համար:

Կարելի կլիներ անտեսել Ստեփան Քիրիմիջյանի մենախոսությունները, սակայն մտահոգիչ է ե՛ւ Հայաստանի պետական համակարգի առանձին կառույցների դեմ հայհոյախոսությունը ե՛ւ Հայաստանի քաղաքական կյանքի նման սփյուռքն էլ երկփեղկելու, անհանդուրժողականությամբ եւ հայհոյախոսությամբ հարաբերվելու միտումը:

Ստեփան Քիրիմիջյանի վերլուծությունում շատ է հայհոյախոսությունը: Ներողություն խնդրելով ընթերցողից՝ միայն մեկ օրինակ բերենք: Ըստ Ստեփան Քիրիմիջյանի. «ՀՀ Սփյուռքի նախարարությունը բութ նախարարություն ա, Սփյուռքից գաղափար չունի, կարծում են, թե Սփյուռքը բոստան ա, որ առանց ցանելու պիտի խիյար հավաքես»: Հայաստանի ընդդիմությանը հակապետական համարող Ստեփան Քիրիմիջյանը այս «եզրահանգմանը» եկել է այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը դրսի հայկական հեռուստաընկերություններին համագործակցության առաջարկ է արել: Ստեփան Քիրիմիջյանին արժե հիշեցնել, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է Սերժ Սարգսյանի կամոք: Նա էր նախագահը, եւ եթե այդ նախարարությունը ավելորդ է, ապա պետք է մեղադրել ոչ թե նախարարին, այլ նախագահին:

Ստեփան Քիրիմիջյանը վիրավորական արտահայտություններից հետո Հայաստանի Սփյուռքի նախարարությանը առաջարկում է «փող տալ» հայկական հեռուստակայաններին, որ նրանք էլ նախարարությանը եթեր տան: Թե ինչու է ամերիկացի հայը որոշել դատափետել, ի լուր աշխարհի «ոտատակ» տալ ՀՀ կառավարման համակարգի մի բաղկացուցիչը՝ պարզ չէ: Բայց նախարարությանն ու նախարարին մի քանի անգամ վիրավորելուց հետո, Ստեփան Քիրիմիջյանը «մեծահոգաբար» առաջարկում է. «եթե Սփյուռքի նախարարությունը իմ հետ խորհրդակցեր, կասեի՝ հեռուստակայանի ծախսերը այսքան են, շուկայի դրությունը ծանր է, գովազդ չկա, եթե ուզում եք տեղական կայանները աշխատեն ձեր օգտին, ապա պետք է պայմանագիր կապեք… Սփյուռքը փող չունի»: «Ես քի՞չ եմ Հայաստանի օգտին, հայանպաստ խոսել, բայց Հայաստանից ոչ մի օգնություն չենք ստացել… Հայաստանի կառավարությունը դեռ մանուկ է, դեռ նոր պիտի հասկանա, թե Սփյուռքում հակահայկական ելույթները ոնց են առաջանում: Բայց ո՞նց պիտի հասկանա: Պիտի իմ հետ խոսի, չէ՞: Չի խոսում իմ հետ: Եթե ամբողջ երկրագնդի Սփյուռքում մեկը կա, որ 15 տարի նստած ա թերթի վրա, հեռուստատեսության վրա, գրքի վրա, պրոպանգադայի վրա եւ ինչ-որ գործ ա անում՝ ես եմ, ուրիշ մարդ չկա… եղած-չեղածս դրեցի էս գործի վրա ու վառեցի… ես ուզում եմ լինեմ մարդկանց հետ զրուցող, բացատրող, հասկացնող… եթե Արա Աբրահամյանը գար ԱՄՆ եւ ես իշխանությունը ստանայի, Հայաստանի գործերը կծաղկեին»,- ավետում է Ստեփան Քիրիմիջյանը եւ պնդում, որ Հայաստանում Սփյուռքի նախարարության դեմ քննադատական հոդվածից հետո Հրանուշ Հակոբյանը պետք է հրաժարական տա: Սերժ Սարգսյանին համակրող Ստեփան Քիրիմիջյանին արժե տեղեկացնել, որ Սերժ Սարգսյանի դեմ քննադատական հոդվածները ավելի շատ են:

Հ. Գ. Ճարահատ եւ նեղ դրության մեջ հայհոյախոսությունն ու անհանդուրժողականությունը կբացատրվի «հայի մենտալիտետ» ծեծված ձեւակերպմամբ: Բայց ինչ անուն տաս այն իրողությանը՝ երբ օտար պետության քաղաքացի քո հայրենակիցը, սեփական «մեծությունը» ընդգծելու համար հայհոյում է քո պետությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել