Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ «ՍՊԱՌՆՈՒՄ» ԵՆ

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"Գյուղնախարարը վստահեցնում է, որ խաղողը կմթերվի 120-130 դրամով

Սեպտեմբերի 20-ից մեկնարկել է խաղողի մթերումը: Ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցներով՝ հեռուստատեսություններով արված պաշտոնական հայտարարությունները, թե խաղողի 1 կգ-ը մթերվելու է 120-130 դրամով, ոգեւորել է այգեգործներին: «Բայց հիասթափությունս մեծ եղավ, երբ Պռոշյանի գինու-կոնյակի գործարանում ասացին, որ «արենի» տեսակը մթերելու են 90, մնացածը՝ 70 դրամով: Հեռուստատեսությամբ ուրիշ բան են ասում, իրականում այլ բան է»,- ասաց Կարին գյուղում 1 հեկտար խաղողի այգու սեփականատեր Վրեժ Ղազարյանը: Այգեգործը սպասվելիք բերքի ծավալից դժգոհ չէ. 1 հեկտարից 7-8 տոննա կհավաքի, բայց ասաց, որ չի պատրաստվում էժան գնով հանձնել մթերողին: «Ավելի լավ է՝ ինքս գինի, օղի քաշեմ, քան ջրի գնով տամ իրենց: Եթե ազոտական պարարտանյութը 9000 դրամով եմ գնում, 12 անգամ բուժում տալուց հետո ինչո՞ւ պիտի 70 կամ 90 դրամով ծախեմ մթերողին. ո՞րն է տրամաբանությունը, եթե ծախսածածկ էլ չի լինում: Եթե այսպես շարունակվի, այգիները նորից կքանդենք՝ ցորեն կցանենք»,- ասաց այգեգործը, ով շատերի նման իր այգին վերականգնել է այն տարիներին, երբ խաղողի մթերման գինը ընկերությունները բարձրացրել են:

Սակայն կան գյուղեր եւ այգեգործներ, որ գարնանը տուժել են կարկտահարությունից եւ դժգոհ են ոչ միայն մթերող ընկերությունների սահմանած ցածր գներից, այլ՝ սեփական բերքից: Արմավիրի մարզում սովորական տարիներին 14-16 տոննա բերք ստացող այգեգործներից ոմանք այս տարի պիտի գոհանան դրա կեսով:

Երբ կարինցի եւ շատ այգեգործների մտահոգությունը փոխանցեցինք գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին, նախարարը կրկին հաստատեց մթերման՝ նախապես հայտարարած գինը: «Կոնկրետ ես մեկ շաբաթ առաջ եղել եմ «Արարատ» գինու-կոնյակի գործարանում եւ պայմանավորվել ենք, որ խաղողը մթերելու են 130 դրամով: Դա՝ կոնկրետ Երեւանում, իսկ Տավուշի մարզի մթերման կետում կընդունեն 120-ով: Ես ձեզ վստահեցնում եմ՝ երբ մթերումը սկսվի, ինքներդ կհամոզվեք, որ գինը 120-130-ից ցածր չի լինի»:

Անդրադառնալով խաղողի այգիները ոչնչացնելու վերաբերյալ գյուղացիների «սպառնալիքներին», գյուղնախարարը նրանց հանգստացրեց, ասելով՝ թող լցվեն համբերությամբ եւ շուտով կհամոզվեն, որ գներն իրենց սրտով է լինելու:

Բայց հայտնի է, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով մթերող կազմակերպությունների մի մասը կրճատել է մթերման ծավալները: «ՄԱՊ»-ն օրինակ, նախորդ տարիների համեմատությամբ 3-5 հազար տոննայով պակաս խաղող է ընդունելու: Անցած տարվա 10 000-ի փոխարեն այս տարի կմթերի 5-7 հազար տոննա խաղող: Իսկ թե ինչ գնով՝ ճշգրիտ թիվ դեռ չի ասվում: Մինչեւ 10 000 տոննա էլ կմթերի Էջմիածնի պահածոների գործարանը:

Գերասիմ Ալավերդյանը հայտարարել է, որ այս տարի Հայաստանում կմթերվի 205-210 հազար տոննա խաղող: Իսկ Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ ԼՂՀ-ում սպասվում է մոտ 15 հազար տոննա խաղողի բերք, հանրապետության գործարանների կարողությունները բավարար չեն սպասվող ամբողջ բերքը մթերելու համար, ուստի իրացման համար բանակցություններ կտարվեն նաեւ հայաստանյան ընկերությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել