Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործությունների աճ՝ նոր «իմիջով»

Սեպտեմբեր 23,2009 00:00

2009 թ. հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում արձանագրվել է տարբեր տեսակի հանցագործությունների աճ: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հանցագործությունների աճը պատճառաբանում են իրենց գործունեությամբ, մասնավորապես այն փաստով, որ ոչ մի հանցագործություն իրենց կողմից չի թաքցվում, գրանցվում է եւ հաշվառվում: Նկատվում է աճ ավազակային հարձակումների, կողոպուտների, սպանության եւ սպանության փորձերի հանցատեսակների թվով: Նկատելի է, որ ավազակային հարձակում կատարող անձինք հիմնականում լինում են դիմակավորված, ատրճանակներով ու գաղտնի փականով դանակներով զինված: Երբեմն ընտրելով իրենց թիրախին, նրանք խաբեությամբ ներս են մտնում բնակարաններ, հիմնարկ-ձեռնարկություններ, դպրոցներ ու խաղատներ, ներկայանում «լույսի, գազի, ջրի, «Փարոսի», երբեմն էլ «ոստիկանության ու ԱԱԾ-ի» աշխատակիցներ:

Օգոստոսի 7-ին, առավոտյան ժամը 10:30-ին երեք դիմակավորված անձինք մուտք գործեցին Ջրվեժի 2-րդ փողոցի 11 տուն եւ բռնություն գործադրեցին 57-ամյա Մանվել Սամվելի Մարգարյանի (ըստ մեր տեղեկությունների՝ նախկինում լրագրող) նկատմամբ: Հանցագործները հափշտակել էին ԱԿՍ՝ կարաբին տեսակի որսորդական հրացան, 1300 ԱՄՆ դոլար, 2.5 մլն դրամի ոսկյա եւ արծաթյա զարդեր: «Առավոտի» աղբյուրի տեղեկություններով, օրերս նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 30-ամյա Արթուր Ներսիկի Ներսիսյանը, 46-ամյա Մանվել Բաղդասարի Բատիկյանը (ԵԿՄ Էրեբունու կառույցի ղեկավարն է) եւ 42-ամյա Հակոբ Ռոստոմի Անդրեասյանը (վերջինիս եղբայրն աշխատում է ԱԱԾ-ում, որպես աշխատակազմի ղեկավար): Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Մեկ այլ քննություն էլ շարունակվում է Արաբկիրի բաժնում: Ոստիկանության նշված բաժին էր զանգել 49-ամյա Վալերի Բաբայանը եւ հայտնել, որ երեք անձինք խաբեությամբ, ատրճանակի սպառնալիքով մուտք են գործել իր ընկերության տարածք, կապկպել իրեն, գլխին հագցրել շապիկ ու 4-րդ հարկում գտնվող հաշվապահության դուռը բացելով՝ չհրկիզվող պահարանից գողացել են 14 միլիոն դրամ:

Իջեւանի ոստիկանության բաժնում էլ ահազանգ էր հնչել Անատոլի Ավագյանից: Նա հայտնել էր, որ 3 անձինք, կարճափող հրացանով, փայտով ու մահակով, մուտք են գործել Գեղահովիտ գյուղի սկզբնամասում գտնվող խաղատուն: Հանցագործները, չգիտես ինչու, կրակել էին օդ, ծեծի ենթարկել իրեն, այնտեղ իր ծառայությունը կատարող ոստիկանության աշխատակցին ու հաճախորդ Արգիշտի Դանիելյանին: Նրանք խաղատնից հափշտակել էին 300 000 դրամ եւ «Սոնի» տեսախցիկ:

Այնթապ գյուղի «Միեմսիս» խաղասրահը նույնպես զերծ չէր մնացել դիմակավորների հարձակումից: 3 դիմակավորված անձինք մուտք էին գործել խաղասրահ: Ըստ ահազանգի, նրանցից մեկի ձեռքին եղել է կարճեցված երկփողանի որսորդական հրացան: Խաղասրահի բոլոր աշխատակիցներին դիմակավորները պառկեցրել են հատակին ու բացել մետաղյա պահարանը: Նրանք հափշտակել էին պահարանում գտնվող 2 մլն 900 000 դրամ եւ տեսաձայնագրիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել