Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ՉՔԱՑԱՆ

Սեպտեմբեր 23,2009 00:00

Զինծառայողի մայրը՝ նախարարին

\"\"Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, զինծառայող Էդվարդ Համլետի Մերոյանի մայրը՝ Քիշմիշ Քլոյանը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նա գրել է. «Հարգելի պարոն նախարար, հավատացած լինելով, որ փոստի միջոցով ուղարկած իմ նամակները ուղղակի չեն հասնում Ձեզ եւ Դուք տեղյակ չեք գործի էությանը, որպես վերջին միջոց՝ այս բաց նամակով խնդրում եմ Ձեր անմիջական աջակցությունը որդուս առողջական վիճակի բերումով վաղաժամ զորացրելու հարցում»:

Չնայած մի շարք հիվանդություններին (սրտի արատ, ֆիզիկական թեկուզեւ ոչ ծանր աշխատանք կատարելիս սրտի շրջանում զգացվում են ուժեղ ծակոցներ), Էդվարդ Համլետի Մերոյանը 05.12.

2008թ. Աշտարակի ՏԶԿ-ի կողմից զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության (սահմանապահ զորքեր, ԼՂՀ, Հորադիզ):

Ի դեպ, 2007թ.-ին նրա զինծառայությունը սրտի արատի պատճառով 1 տարով տարկետվել էր: Զինվորի մայրը հարցնում է. «Ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը 1 տարի անց բոլոր հիվանդությունները, առանց բժշկական որեւէ միջամտության, չքացան»:

Զորակոչվելուց ընդամենը 23 օր անց (հավանաբար՝ պայմանների փոփոխության պատճառով) զինվորը վատացել է, վայր է ընկել, ստանալով ձախ թեւի բարդ կոտրվածք: 40 օր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի (ԿԿԶՀ) վնասվածքաբանության բաժանմունքում անցկացնելուց հետո, երբ պարզվել է, որ ոսկորը չի կպել, որոշվել է Է. Մերոյանին ենթարկել վիրահատության: 8 ժամ տեւած վիրահատությունը (կոնքոսկրի հեռացում եւ պատվաստում թեւին) թեեւ հաջող է անցել, սակայն զինվորի ձեռքն իր առանցքի շուրջ շրջվում է կիսատ, փայտացած է: Չնայած դրան, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (ԿՌԲՀ) Էդվարդին ճանաչել է պիտանի ոչ շարային ծառայության եւ ուղարկել զորամաս:

Զորամասում նրան այդ վիճակում չեն ընդունել եւ ետ են ուղարկել Մայրաքաղաքային գունդ:

«Մի շարք դիմում-բողոքներիս արդյունքում այնտեղից որդուս կրկին տեղափոխեցին ԿԿԶՀ-ի վնասվածքաբանության բաժանմունք, սակայն ԿՌԲՀ-ն 03.09.2009թ. նիստում չփոխեց իր որոշումը, այն է՝ որդուս այդ վիճակում կրկին ուղարկել զորամաս: 04.09.2009 թ. ես նամակներով կրկին դիմեցի ՀՀ ՊՆ բարձրաստիճան այրերին, եւ որդուս դուրսգրման գործընթացը կասեցվեց»,- հայտնում է մայրը:

Զինվորի մորը պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ որդու զորացրման հարցով պետք է դիմի Ազգային անվտանգության ծառայությանը, քանի որ N զորամասը գտնվում է նրա ենթակայության ներքո: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունից էլ հայտնում են, որ ԿՌԲՀ-ն ենթարկվում է միայն պաշտպանության նախարարությանը. «Ահա այսպիսի հիմար վիճակում եմ հայտնվել ես, իսկ որդուս առողջական վիճակը ամենօրյա նյարդայնացումներից ավելի է վատթարանում: Որդուս հետ կատարվածն արդյունք է մարդու վիճակի, նրա ճակատագրի նկատմամբ հոգատար, սրտացավ վերաբերմունքի բացակայության: Նմանատիպ դեպքերը մեծ ստվեր են գցում ողջ զինված ուժերի հեղինակության վրա եւ դրա պատճառով լիովին տապալել են հասարակության բոլոր շերտերի հավատն այդ հանձնաժողովների անաչառության նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել