«Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը բարձրաձայնեց առ այն, որ հայրենակցական միություններն անմասն են մնացել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հանրային կոչվող քննարկումներից. «Հայրենակցական միություններն էլ իրենց դիրքորոշումներն ունեն ու, ընդհանուր առմամբ, գաղափարին դեմ չեն: Միաժամանակ, նաեւ դիտողություններ ունեն, որոնք, թերեւս, արժե լսել: Կարծում եմ, դրանք օգտակար կլինեն»: Մեր զրուցակիցը հայրենակցական միությունների տեսակետը կարեւորում է՝ ելնելով նրանից, որ այդ միությունների անդամներն են ցեղասպանության զոհերի ժառանգները, եւ հենց նրանք են կորցրած հայրենիքի կրողները: Նա շեշտում է նաեւ այն հանգամանքը, որ վերահաստատվելով Հայաստանում՝ այդ մարդիկ նաեւ մեծ ներդրումներ են ունեցել Հայաստան երկրի կառուցման, կայացման գործում: Նկատենք, որ խոսքը մերօրյա-նորօրյա հայրենակցական միությունների մասին չէ, այլ, այսպես կոչված, մայր-հայրենակցական միությունների, որոնք հիմնադրվել են 1920-ականներին՝ «Հաճըն», «Ադանա», «Մուսալեռ», «Վան», «Էրզրում» եւ այլն: «Եթե կարելի է հավաքել ու լսել կուսակցապետերի կարծիքները, ի՞նչն է խանգարում, որ լսելի լինի նաեւ հանրության այս հատվածի ձայնը, նրանց էլ ներքաշել այդ քննարկումների մեջ»: Նշենք նաեւ, որ «Հաճըն» հայրենակցական միությունն առաջիկա օրերին կհրապարակի իր վերապահումները հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: