Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 23,2009 00:00

Հայաստանում չեն պահպանվում Օրհուսի կոնվենցիայի 3 հիմնական սկզբունքներից երկուսը՝ հասարակայնության մասնակցությունը էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին եւ արդարադատության մատչելիությունը: Այդ մասին ասված է Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանն ուղղված 3 հասարակական կազմակերպությունների՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Էկոդարի», Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիմումում: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը: Ըստ «Էկոլուրի», այս կազմակերպությունները երկու անգամ դիմել են ՀՀ վարչական դատարան: Առաջին անգամ հայցով, որպեսզի անօրինական համարվեն ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության 2 դրական եզրակացությունները, կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաեւ «Armenian Cooper Program» ընկերությանը Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը, իսկ երկրորդ անգամ՝ բողոքով՝ հայցի քննումը մերժելու համար: Վարչական դատարանը 2 դիմումները մերժել է: Հ/կ-ների՝ «Օրհուսի» քարտուղարությանն ուղղված դիմումում նշված է. «Թեղուտի հանքավայրի շահագործմանը վերաբերող պետական մարմինների որոշումներով եւ գործողություններով խախտվել են Օրհուսի կոնվենցիայի՝ հոդված 6-ի կետ 2-ը (սկզբնական փուլերում հասարակայնության մասնակցության ապահովումը), հոդված 6-ի կետ 4-ը (հասարակայնության արդյունավետ մասնակցության ապահովումը), հոդված 6-ի կետ 8-ը (որոշումներում պետք է արտացոլված լինեն հասարակայնության մասնակցության արդյունքները), հոդված 6-ի կետ 9-ը (հասարակայնությանը պետք է անմիջապես տեղեկացվի ընդունված որոշումների մասին)»: Վարչական դատարանի կողմից հայցի մերժումը նույնպես ուղղակի խախտում է Օրհուսի կոնվենցիայի երրորդ մասը՝ արդարադատության մատչելիությունը: Հայաստանը Օրհուսի կոնվենցիան վավերացրել է 2001թ. մայիսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել