Գեղարդավանքի օտարերկրյա այցելուներն այսուհետեւ վանքի պատմությանը ծանոթանալու հնարավորություն կունենան:
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» նախաձեռնությամբ եւ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի հովանավորությամբ, Գեղարդավանքում բազմալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվել: Նմանատիպ վահանակներ են տեղադրվել նաեւ Գեղարդավանք տանող ճանապարհին գտնվող «Չարենցի կամարի» տարածքում, ինչպես նաեւ Գառնիի մոտակայքում գտնվող «Ծաղիկների արահետում»: Օրերս Գեղարդավանքում վահանակների բացման արարողության առիթով միջոցառում էր կազմակերպվել: Բացման արարողությունը սկսվեց տեր Ղեւոնդ սարկավագի օրհնությամբ: Իրենց կատարումներով հանդես եկան վանքի երգչախումբը եւ «Նոր անուններ» խմբի սաները: Գեղարդավանքը 11-րդ հուշարձանն է, որտեղ տեղադրվել են նմանատիպ տեղեկատվական վահանակներ: «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բարձր գնահատելով ծրագրի նշանակությունը, ասաց. «Հայ մշակույթը եւ մշակութային ժառանգությունը մեր ինքնությունն են, այսպիսի ծրագրերի իրականացումն էլ կարեւոր է այնքանով, որ նպաստում է մեր ինքնության պահպանմանը: Մենք շատ նմանատիպ վայրեր ունենք, որտեղ բավականին աշխատանք պետք է տարվի այն պահպանելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու նպատակով»: Տեղադրված վահանակներից բացի, վանքին հանձնվեցին 6 լեզուներով լամինացված թղթեր, որոնք եւս վանքի համառոտ պատմությունն էին ներկայացնում:
Նախորդ տարվա համեմատությամբ Գեղարդավանք այցելող զբոսաշրջիկների զգալի նվազում է արձանագրել վանքի ծառայող տեր Ղեւոնդը: «Առավոտի» հետ զրույցում նա վստահեցրեց, որ այս տարվա զբոսաշրջիկների ցուցանիշի կտրուկ անկումն անկրկնելի է: Նա համոզված է՝ պատճառը միայն ֆինանսական հզոր ճգնաժամը կարող է լինել, քանի որ Գեղարդավանքի նման հուշարձանը մշտապես զբոսաշրջիկների սիրելի ու հետաքրքրող վայրն է: Նրա համոզմամբ, տեղեկատվական վահանակների տեղադրումն ունի հայաճանաչ նշանակություն. «Սա լավագույն ձեւն է մեր վանքը օտարազգի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար, Գեղարդավանքի պատմությունը մշտապես հետաքրքրում է մեր երկիր այցելողներին ու ես ուրախ եմ, որ նրանք դրան ծանոթանալու հնարավորություն ունեն»:
Թե այս տարի որքանով է նվազել Կոտայքի մարզում գտնվող մշակութային հուշարձաններ այցելող զբոսաշրջիկների թիվը, դժվարացավ պատասխանել նաեւ Կոտայքի մարզպետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Արա Սիմոնյանը՝ փաստելով, որ վիճակագրական տվյալներ իրենք չունեն: Նրա հավաստմամբ, իրենց մարզում առաջին անգամ չէ, որ տեղեկատվական վահանակներ տեղադրվեցին: