Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՆ ԱՆՎՏԱ՞ՆԳ ԵՆ

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"Քաղավիացիայից վստահեցնում են, որ ավիավթարների մեծ մասը պատահականություն է, ոչ թե վատ տեխզննում անելու կամ ոչ պիտանի օդանավերը շահագործելու հետեւանք:

Վերջին 4 տարիների ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր հարեւան երկրներում ինքնաթիռների անսարքության պատճառով բազմաթիվ ավիավթարներ ու վթարավտանգ միջադեպեր եղան: Ավիատորները փաստում են, որ ինքնաթիռների հետ կապված վթարների ու դժբախտ պատահարների թիվն այնքան մեծ է, որ լուրջ մտահոգության տեղիք է տալիս: 2005-ից սկսած, բոլոր ավիավթարների պատճառներն ու «սեւ արկղերի» վերծանումներն ուսումնասիրելիս, լուրջ հիմքեր են ստեղծվում կարծելու, որ ավիաընկերությունները մարդկանց կյանքի հաշվին շահագործում են իրենց դարն ապրած, անսարք ինքնաթիռներ, իսկ քաղավիացիայի վարչությունը, լավ հարաբերություններ ունենալով ավիափոխադրողների հետ, չի ուզում նման օդանավերը զրկել թռիչքային պիտանելիությունից: Բացի այդ, ըստ ավիատորների, մեր օդանավերը թռիչքից առաջ այնպիսի տեխզննում չեն անցնում, ինչպես որ անհրաժեշտ է:

Օրինակ, 2005-ի դեկտեմբերի վերջին «Արմավիա» ընկերության Ա-320-ը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում դուրս եկավ վազքուղուց եւ ինքնաթիռի պոչը բախվեց գետնին: Բարեբախտաբար, այդ ժամանակ մարդկային զոհեր չեղան, բայց ընդամենը մի քանի ամիս հետո՝ 2006-ի մայիսի 3-ին, այդ նույն Ա-320 ինքնաթիռը Սոչիում վթարի ենթարկվեց ու հարյուրից ավելի մարդկային կյանք խլեց: Այն ժամանակ «Արմավիա» ընկերությունն «Առավոտին» չհաստատեց այդ տեղեկությունն ու պաշտոնապես չընդունեց, որ իսկապես Սոչիում վթարի ենթարկված ինքնաթիռն այն նույն օդանավն էր, որի պոչը վնասվել էր: Եթե նման տեղեկությունը հաստատեին, զոհվածների հարազատներն ընկերության ղեկավարությանը պատառ-պատառ կանեին, որովհետեւ ի հայտ կգար, որ ավիաընկերությունն օդանավերը տեխզննում է անցկացնում «հայավարի», այսինքն՝ միայն փաստաթղթերով:

Հիմա՝ տարիներ հետո Քաղավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության ապահովման պետ Սերոբ Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում ընդունեց, որ պոչը վնասած Ա-320-ը Սոչիում ընկած նույն ինքնաթիռն էր: Այնուամենայնիվ, ըստ նրա, մեր ինքնաթիռային շարժակազմը բավականին նորացված է, եւ տեխզննման հետ կապված որեւէ խնդիր էլ հնարավոր չէ, որ լինի. «Մեր օդանավերը միշտ էլ նորմալ տեխզննում են անցնում: Մարդիկ ավելի շատ պիտի տաքսիներից վախենան, քան ինքնաթիռից, որովհետեւ տաքսիները, իրոք, նորմալ տեխզննում չեն անցնում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր ինքնաթիռների տեխզննումը մանրակրկիտ է լինում: Բայց անկախ տեխզննումից ու ինքնաթիռի սարքին վիճակից, միշտ էլ դեպքեր ու դժբախտ պատահարներ լինում են, օրինակ, մի անգամ թռչուն էր մտել ինքնաթիռի շարժիչի մեջ ու վթարավտանգ միջադեպ ստեղծել»: Մեր հարցին՝ ինչո՞ւ թույլ տվեցիք, որ պոչը վնասած ինքնաթիռը «Արմավիան» շարունակի շահագործել՝ Ս. Կարապետյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պատահարից հետո ինքնաթիռի բոլոր թերությունները վերացվում են, որից հետո քննություն է լինում, հանձնաժողով է կազմվում, բոլոր անդամները ստորագրում են, որ այդ ինքնաթիռը նորից կարող է ուղեւորներին սպասարկել, եթե ինչ-որ մի խնդիր լինի, ոչ ոք իր ստորագրությունը չի դնի ու պատասխանատվության տակ չի ընկնի, որ տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիությունը վերականգնել է: Հակառակ դեպքում կստացվի, որ հանձնաժողովի անդամները հանցագործներ են»:

2007-ին Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող «Սիբիր» ավիաընկերության Ա-319 ինքնաթիռն անսարք վիճակում թռիչք էր կատարել. օդանավի անիվներն ինքնաբերաբար բացվել էին, ու օդաչուները հազիվ հասցրել էին հետ գալ «Զվարթնոցի» օդանավակայան, որովհետեւ արդեն շատ վառելիք էին կորցրել: Այդ ինքնաթիռն այսօր էլ շարունակում է սպասարկել: Ըստ Սերոբ Կարապետյանի, «Բոլոր օդանավերի հետ կապված էլ ժամանակ առ ժամանակ լինում են ինչ-որ դեպքեր, դրանից հետո ինչպե՞ս կարող էին մի ամբողջ ինքնաթիռ չշահագործել: Օդաչուն, պարզապես, ուզել էր փակել ակերը, չէր հավաքվել ու չէր ենթարկվել մի պահ, ուստի, ճիշտ կողմնորոշվելով, վերադարձել էր՝ հետագայում հնարավոր բարդություններից խուսափելու համար: Այո, ինքնաթիռը թերություն էր ունեցել, եւ օդաչուն ռիսկի չէր դիմել, բայց դա չի նշանակում, թե այդ ինքնաթիռը պետք էր զրկվի թռիչքային պիտանիությունից»: Պարոն Կարապետյանին հիշեցրինք նաեւ «Կասպյան ավիաուղիների» Իրանի չվերթն իրականացնող Տու-154 ինքնաթիռի՝ բոլորովին վերջերս տեղի ունեցած ավիավթարը, որից հետո ավիատորները մամուլում հայտարարություն տարածեցին, որ այդ ինքնաթիռը հնամաշ է եղել: Ս. Կարապետյանի պարզաբանմամբ՝ «Նա, ով ասել է, որ Տու-154-ը հնամաշ է եղել, բանից անտեղյակ ավիատոր է եւ ոչինչ չի հասկանում ինքնաթիռներից: Տու-154-ը դեռ իր շահագործման կես տարիքին է, ու շատ տարիներ էլ կարող է շահագործվել»:

Վթարների առումով վերջին տարիներին աչքի ընկավ հատկապես «Սիբիր» ավիաընկերությունը: Այս ընկերության ինքնաթիռներից մեկը՝ Ա-350-ը, 2006-ի հուլիսին Մոսկվայից ժամանելիս Իրկուտսկի օդանավակայանում վթարային վայրէջք էր կատարել: Ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինքնաթիռի փչման համակարգը թռիչքից առաջ անսարք է եղել, դրանից առաջ էլ վայրէջքի ժամանակ վթարի էր ենթարկվել ավիաընկերության Ա-310 ինքնաթիռը՝ դարձյալ Մոսկվայից ժամանելիս: Հետո Անթալիա-Մոսկվա չվերթի ժամանակ 1822 չվերթն իրականացնելիս նույն ընկերության դարձյալ «Էյրբաս» ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք կատարեց Սիմֆերոպոլի օդանավակայանում: Հաշվի առնելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ հենց «Էյրբասի» ինքնաթիռներն են վթարի ենթարկվում, նույնիսկ վերջերս լուրեր տարածվեցին, թե հնարավոր է՝ այդ արտադրության ինքնաթիռներն այլեւս չշահագործվեն, քանի որ տեխնիկական բարդություններ են առաջացնում: Բայց մեր ազգային փոխադրողը՝ «Արմավիան», ի հեճուկս ավիատորների զգուշացումների, անցյալ տարի նորից գնաց ու «էյրբաս» գնեց: Այս առնչությամբ մեր հարցին՝ էժա՞ն են «Էյրբասի» ինքնաթիռները, որ Միխայիլ Բաղդասարովը հենց դրանք է գնում՝ Սերոբ Կարապետյանը վստահեցրեց, որ ընդհակառակը՝ շատ թանկ են. «Արմավիան» այնքան թանկարժեք ինքնաթիռներ է գնում, որ ստիպված է լինում դրանք շատ աշխատեցնել, որ կարողանա կոմերցիոն ծախսերը հանել ու եկամուտ ստանալ: Ուստի վստահ եղեք, որ «Արմավիան» հոգ է տանում, որ նախապես բոլոր ինքնաթիռները որակյալ տեխզննում անցնեն, որովհետեւ, եթե մի վթար լինի ու ինքնաթիռը փչանա, պիտի տանեն գործարան, մի 2 ամիս կանգնեցնեն ու մինչեւ սարքեն՝ արդեն հսկայական վնասներ կկրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել