Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում տեղական արտադրողների խնդիրները երեկ ասուլիսում ներկայացրել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա ներկայացմամբ, եթե տարեկան կտրվածքով Հայաստան է ներմուծվել մոտ $269 միլիոնի ապրանք, ապա Հայաստանից արտահանվել է ընդամենը $1,8 միլիոնի արտադրանք, ինչն էլ նշանակում է, որ նախքան սահմանի բացումը մեր պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի տեղական արտադրանքի իրացման համար շուկա ստեղծելու ուղղությամբ: Վ. Սաֆարյանը նաեւ առաջարկներ ներկայացրեց, թե ինչ մեթոդներով պետք է ընդառաջել ու պաշտպանել հայ գործարարին: Նրա կարծիքով, շատ կարեւոր է տեղական արտադրողին վարկերի տրամադրումը: Բացի այդ, պետք է հստակ քաղաքականություն մշակվի, որպեսզի արգելվի կամ սահմանափակվի Թուրքիայից ներմուծվող այնպիսի ապրանքների մուտքը, որոնց արտադրության զարգացման համար Հայաստանում մեծ պոտենցիալ կա: Թուրքական արտադրանքի հետ, ըստ Վ. Սաֆարյանի, կարող է մրցակցել հատկապես հայկական հրուշակեղենը:
Միության նախագահը սահմանի բացումը դիտարկում է որպես մարտահրավեր, ինչը, նրա կարծիքով, կստիպի, որ մեր կառավարությունը վերանայի իր վարած տնտեսական քաղաքականությունը: Չնայած վերոնշյալ խնդիրներին, Վ. Սաֆարյանը նշեց նաեւ, որ հայ-թուրքական սահմանի բացումը մեր տնտեսության համար կունենա նաեւ դրական հետեւանքներ:
Ըստ նրա, Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր եւ տեղական արտադրանքը կկարողանա դուրս գալ արտաքին շուկա: