Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի ավարտը կքննարկի Հայաստանին 500-700 միլիոն դոլար գումարի վարկ տրամադրելու հարցը՝ Երեւան-Բաթում ավտոմայրուղու վերականգնման համար: «Արմինֆոյի» թղթակցին այս մասին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նախարարի խոսքերով, բանկի հետ բանակցություններն արդեն ավարտված են: «Բանկը պատրաստ է տրամադրել մինչեւ 700 միլիոն դոլար: Միջոցները կտրամադրվեն մուլտիֆինանսավորման սկզբունքներով՝ առանձին տրանշներով»: Նա նշել է նաեւ, որ 2010-ին սպասվում է երեք տրանշ՝ յուրաքանչյուրը 60 միլիոն դոլար գումարով: «Հայաստանում ճանապարհը կանցնի Մեղրիից Բավրա, իսկ վրացական կողմը կշարունակի այն մինչեւ Փոթի եւ Բաթում»,- ասել է նախարարը: Գործող ճանապարհը 3-րդ կարգից կվերածվի 2-րդ կարգի: Այն երկու անգամ կլայնացվի, միայն մի ուղղությամբ կունենա չորս գիծ եւ հիմնականում կծածկվի բետոնով:
«Նման ճանապարհի շահագործման ժամկետը կարող է տեւել մինչեւ 30 տարի, ինչը էապես կկրճատի պահպանման հետ կապված ծախսերը, չնայած այդ հարցը դեռ վերջնականորեն լուծված չէ»,- տեղեկացրել է նախարարը: