Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՆ»՝ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՋԱՏԱՐ

Սեպտեմբեր 23,2009 00:00

«Ֆրանս Տելեկոմ» խմբի նախագահ Օլաֆ Սուանտին վստահ է, որ գերարագ ինտերնետային կապի տրամադրման ոլորտում իրենք Հայաստանում կլինեն առաջինը, իսկ որպես բջջային կապի օպերատոր՝ շատ արագ առնվազն 2-րդը:

\"\"
Սա տեխնոկենտրոնի շենքն է, որտեղ նոր գաղափարների վրա աշխատում է 1000 մարդ:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխարհի շատ խոշորագույն ընկերություններ ստիպված եղան վերանայելու իրենց ծրագրերն ու գնալ խնայողությունների՝ աշխատակիցների ու աշխատավարձերի կրճատման միջոցով: Հայաստանում եւս տարբեր ոլորտներում գործող տասնյակ կազմակերպութուններ գնացին այս ճանապարհով, ինչն էլ երկրում սոցիալական լարվածության պատճառ դարձավ: Այնուամենայնիվ, որոշ ընկերություններ, թեկուզեւ սեփական եկամուտները պակասեցնելու հաշվին, կարողանում են շարունակել իրենց ծրագրերն ու ներդրումները Հայաստանում:

Մեր երկրում գործող բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի վրա տնտեսական ճգնաժամը չի անդրադարձել: Ավելին, ընթացիկ տարում ընկերությունն ունեցել է շատ լավ ցուցանիշներ: Այս մասին հավաստիացնում է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Օլաֆ Սուանտին, որին հանդիպեցինք մի քանի լրագրողներով Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ: Նշենք, որ «Օրանժ Արմենիան» մաս է կազմում ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» խմբի: Մեզ հետաքրքրող հարցերից մեկն այն էր, թե Հայաստանում բջջային ցանցի մոտ 75% զբաղվածութան պարագայում ի՞նչ ակնկալիքներ ունի ֆրանսիական ընկերությունը եւ ի՞նչ նոր առաջարկներով է գրավելու հայ սպառողին: Օ. Սուանտին վստահեցրեց, որ իրենց ընկերությունը մեր երկրում կտարբերվի նորարարությամբ, մատուցվող ապրանքների որակով, մատչելիությամբ ու նաեւ բարձր հմտություններ ունեցող աշխատակիցներով: Ընկերության նախագահը դեռեւս վաղ համարեց ավելի մանրամասն ներկայացնելու Հայաստանի շուկա ներմուծվող նորույթները, միայն նշեց. «հաստատ կարող եմ ասել, որ ինտերնետային գերարագ կապի ոլորտում կլինենք առաջինը, չենք բացառում նաեւ, որ բջջային կապի ոլորտում շատ արագ կդառնանք երկրորդը»: Օ. Սուանտին հավելեց նաեւ, հնարավոր է, որ լայնաշերտ ինտերնետի տրամադրման ոլորտում սկզբնապես աշխատեն իրենց գործընկերների հետ, սակայն նա չբացառեց նաեւ սեփական մալուխն ունենալու տարբերակը: Նշենք, որ լայնաշերտ ինտերնետի, VoIP եւ IP հեռուստատեսության բնագավառում «Ֆրանս Տելեկոմ» խումբը առաջինն է Եվրոպայում՝ մոտ 13 միլիոն հաճախորդով:

Մեզ հետաքրքրող հարցերից մեկն էլ վերաբերում էր սակագնային քաղաքականությանը, որին ընկերության նախագահը պատասխանեց այսպես. «Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին եւ դեմպինգային քաղաքականություն չենք վարելու: Աշխարհում փորձը ցույց է տալիս, որ տվյալ երկրում 3-4 օպերատորների մուտքը միայն առողջ մրցակցություն է ստեղծում»: «Առավոտին» հետաքրքրում էր նաեւ, թե ընկերությունը տարեկան կտրվածքով իր եկամուտների որ մասն է ծախսում գովազդների վրա: «Այս պահին Հայաստանում դեռեւս շահույթ չունենք, հետեւապես չեմ կարող կոնկրետ որեւէ բան ասել: Իսկ ընդհանուր առմամբ, գովազդի վրա սովորաբար ծախսվում է շահույթի մոտ 2-3%-ը»:

Մենք այցելեցինք նաեւ Փարիզում գտնվող «Օրանժ» ընկերության տեխնոկենտրոն: Այստեղ աշխատում են ավելի քան 1000 մարդ, որոնց շնորհիվ էլ հենց նոր գաղափարներն ու ծրագրերը նախագծվում են, մշակվում ու դառնում նոր արտադրանք՝ տարբեր երկրների համար: Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդի հետ հանդիպման ժամանակ տեղեկացանք, որ սկսած 2008-ից՝ «Օրանժի» տարեկան եկամտի 10-20 %-ը ստացվում է ընկերութան կողմից մշակված նորարար ծրագրերից: Ի. Տիրոդը նշեց նաեւ, որ ամբողջ աշխարհում «Օրանժն» ունի 182 միլիոն հաճախորդ, իսկ աշխարհում ավելի քան 6 միլիոն ընկերության համար ապահովում է հեռահաղորդակցության լիարժեք լուծումներ:

Բացի այն, որ «Օրանժը» բջջային կապի օպերատոր է, ընկերությունը գործում է նաեւ ինտերնետի, համակցված ծառայությունների մատուցման եւ թվային հեռուստատեսութան ոլորտում: Տեխնոկենտրոնի այն տարածքը, որտեղ ցուցադրված էին «Օրանժի» նորարարությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ վկայում էր այն մասին, որ ընկերությունը մտածել է հնարավոր ամեն ինչ՝ իր բաժանորդների հարմարավետության համար: Օրինակ, եթե, ասենք, սիրված ֆիլմը կամ հաղորդումը սկսվում է առավոտյան 8-ին, բաժանորդը պարտավոր չէ ադ ժամին քնից արթնանալ եւ հեռուստացույց դիտել: Պարզապես օրվա ցանկացած ժամին նա կարող է համապատասխան ծրագրի միջոցով հետ գնալ եւ դիտել այն ֆիլմը կամ հաղորդումը, որը ցուցադրվել է արդեն մի քանի ժամ առաջ:

Մի հետաքրքիր նորարարություն է նաեւ բջջային հեռուստատեսությունը, որը, ընկերության ղեկավարների հավաստմամբ, փորձ կարվի ներդնելու նաեւ մեր երկրում: Այսինքն, օրվա ցանկացած պահի բաժանորդը կարող է միացնել իր նախընտրած հեռուստաալիքն ու բջջային հեռախոսի էկրանին դիտել սիրված հաղորդումը: Բջջային հեռուստատեսության թիմի պատասխանատու Օլիվեր Դոտելի հավաստմամբ, այս ծրագիրը գործում է արդեն 13 երկրում: Այս ծառայության արժեքը, ասենք, Ֆրանսիայում կազմում է ամսական 6-9 եվրո: Մենք ացելեցինք նաեւ Ելիսեյան դաշտեր փողոցում գտնվող «Օրանժի» վաճառակետերից մեկը: Նշենք, որ միայն Փարիզում գործում է 700 մասնագիտացված խանութ: Այս խանութում գոյութուն ուներ առանձին բաժին՝ հատուկ պահանջներ ունեցող մարդկանց համար: «Օրանժի» նախագծմամբ արտադրվել էին, օրինակ, վատ տեսողություն ունեցող մարդկանց համար խոշոր ստեղներով բջջային հեռախոսկամ, ասենք, տարիքով մարդկանց համար՝ չափազանց պարզեցված ծրագրով համակարգիչ:

Ընկերությունը գործում է աշխարհի 32 պետությունում եւ ունի 182 միլիոն հաճախորդ: Միայն նախորդ տարի ընկերության եկամուտը կազմել է 53,5 տրիլիոն եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել