ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հեռակա բանավեճը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասել էր. «Այն ամենի մասին, որոնց շուրջ այսօր աղաղակում են մնացյալ քաղաքական ուժերը, մենք բազմիցս ահազանգել ենք վերջին 2 տարիների ընթացքում, բայց մեր ահազանգերին ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Մենք մեր խոսքն ասել ենք ժամանակին, այլ ոչ թե ուրիշների պես սպասել հանգուցալուծման փաստի առաջ կանգնելուն, որպեսզի դրանից հետո վայնասուն բարձրացնենք։ Ո՞ւմ է պետք ուշացած վայնասունը, երբ այլեւս գործընթացի վրա գրեթե անհնար է ազդել»: Ակնարկի հասցեատերը պարզ էր, ուստի երեկ լրագրողները խնդրեցին «Դուպլեքս» ակումբում հյուրընկալված ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին անդրադառնալ այդ կշտամբանքին: Ի պատասխան՝ նա հայտնեց, թե գործընթացը շատ ավելի երկար՝ շուրջ 6-7 տարի է ընթանում է. «Եվ մենք, իհարկե, տեղյակ էինք։ Բայց գնում էր գաղտնի։ Մենք գիտեինք, թե Շվեյցարիայում ովքեր եւ ում հետ էին հանդիպում: Խնդիրն այս ամենը հրապարակային դարձնելն էր՝ այ սա էր, որ նոր է եղել, որովհետեւ հրապարակային դարձնելով է, որ գործընթացը ձեռքիցդ բաց ես թողնում, ու թուրքերը կարողանում են ամբողջ աշխարհի առջեւ հանդես գալ որպես հանդուրժող, զիջող, հայերին իրենց ագրեսիվության համար ներող երկիր»: Հավելեց, թե ՀՅԴ-ն անցած տարիներին հետեւում էր կատարվողին՝ «խորհուրդներ էինք տալիս, օգնում էինք»: Ըստ նրա՝ դրանք ազդեցություն ունեցան, քանի որ իրենց տեսած առաջին փաստաթուղթն «ուղղակի Կարսի պայմանագիրն էր՝ սեղանին դրված»:
ՀՅԴ բյուրոյի անդամն անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը՝ «Ես նրա տեսակետը չեմ կարողանում հասկանալ։ Եթե նրա տեսակետն այն է, ինչ որ 1990-ականներին, ինչպես դա հաստատում է Վազգեն Մանուկյանը, ապա դա այսօրվա իշխանությունների տեսակետից շատ էլ չի տարբերվում»: Մինչդեռ Վազգեն Մանուկյանն ասել էր. «Ղարաբաղ» կոմիտեում ես եմ քննարկման մտցրել այն թեզը, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները պետք է փոխել եւ նոր քաղաքականություն վարել: «Ղարաբաղ» կոմիտեի անդամները դժվարությամբ էին դա ընդունում, այդ թվում նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն ասում էր՝ Վազգեն, 300 տարվա քաղաքականությունը ո՞նց ես առաջարկում փոխել»: Այս մասին ասուլիսից հետո հիշեցրինք Վահան Հովհաննիսյանին, եւ նա ընդունեց. «Դե, ուրեմն ես լավ չեմ հետեւել»:
Այսուհանդերձ՝ որպես հիմնավորում, թե Տեր-Պետրոսյանի եւ իշխանության դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում նույնական են՝ ՀՅԴ բյուրոյի անդամն ասաց. «Երբ այս գործընթացը սկսվեց՝ նա հրաժարվեց միտինգներից, որ չխանգարի նախագահին վարել այս գործընթացը։ Հիմա այս գործընթացն ավելի սուր փուլում է՝ նա նորից կարծես թե հետ է քաշվում, նոր միտինգ չի նշանակում։ Կարծում եմ՝ այս ամենը թելադրված է մտահոգությամբ՝ հանկարծ իշխանությունների այս ընթացքին չխանգարել։ Նա, իհարկե, գիտի, որ այս գործընթացն ի վերջո տանելու է ձախողման, բայց հավանաբար ենթադրում է, թե այս ձախողումից ինքը եւ իր կողմնակիցները կկարողանան օգտվել։ Սա էլ է թյուրիմացություն, որովհետեւ եթե այդ ձախողումը տեղի ունեցավ՝ ոչ մի հայ դրանից օգտվել չի կարողանա»:
«Առավոտը» հիշեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարելը այլ կերպ հիմնավորեց. «Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց», եւ էլի կարծես ակնհայտ էր, որ ակնարկի հասցեատերը նաեւ ՀՅԴ-ն է: Սակայն Վահան Հովհաննիսյանը չհամաձայնեց. «Նա կարող է ամե՛ն բան էլ ասել՝ իրական մտադրությունը քողարկել ցանկացա՛ծ մոտեցումով: Բայց իմ կարծիքով՝ նրա հիմնական նպատակը ոչ թե մեզ հետ է կապված, այլ իշխանությանը չխանգարելու»:
Ասուլիսում անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոստմանը. «Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի»: ՀՅԴ բյուրոյի անդամի մեկնաբանությամբ՝ «Ինքը սովորաբար նման բաներ հայտարարում է, երբ տեսնում է, որ դա միեւնույն է չի իրականացվի։ Շատ գեղեցիկ է նման բաներ հայտարարել՝ գիտենալով, որ դա մեկ է՝ չի լինելու։ Բայց դու հայտարարել ես՝ դու վե՜հ ես, ազգի «պապա՜»:
Հ. Գ. Ի դեպ, նա հակադարձեց նաեւ ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմանը, թե ՀՅԴ-ին հարիր չէ 50 հոգով ԱԳ նախարարի հրաժարական պահանջելը. «Է, որ իրենք 3 հազար հոգով նախագահի հրաժարական են պահանջում՝ դրանից ինչ-որ բա՞ն է փոխվում: Տվե՞ց հրաժարական, թե՞ ոչ»: